Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասված է, որ Հյուսիսային պողոտայում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների ծեծին է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը: Լրագրողին առաջին օգնություն ցույց տալուց հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց որոշ ժամանակ պետք է մնա հսկողության տակ: Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահներըՙ վստահ լինելով, որ չեն պատժվի: Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ոստիկանների անհամաչափ գործողություններըՙ իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի նկատմամբ եւ պահանջում են ՀՀ ոստիկանության ղեկավարությունիցՙ նշանակել ծառայողական քննություն եւ պատասխանատվության ենթարկել այդ բռնությունը կատարած անձանց:
Հյուսիսային պողոտան կրկին փակ է
ՀԱԿ-ի գրասենյակից հաղորդում են, որ երեկ ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ եւ հատուկ ջոկատի ստորաբաժանումները շրջապատել են Հյուսիսային պողոտան` ապօրինաբար արգելելով քաղաքացիների մուտքը այնտեղ: Կրկին խոչընդոտվել է նաեւ լրագրողների աշխատանքը: Հաղորդվում է, որ ոստիկանություն են տարվել 2 քաղաքացիներ: