ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ապրիլի 16-ին Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կկազմակերպի խորհրդաժողով «Ջավախքը նոր հիմնախնդիրներին ընդառաջ» խորագրով: Քննարկվելու են Ջավախքի առջեւ ծառացած խնդիրները: Զեկուցումներ են լինելու նաեւ Վրաստանի ներքաղաքական հիմնախնդիրների մասին: Խորհրդաժողովին հրավիրված են տեղի հասարակական կազմակերպությունների, մտավորականության, իշխանության ու հասարակական ակտիվիստների ներկայացուցիչներ, նաեւ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորներ: Առաջարկությունների հիման վրա ձեւավորվելու է փաստաթուղթ: Խորհրդաժողովում քննարկվելու է նաեւ Վրաստանի վարչատարածքային բաժանման խնդիրը: Առաջարկվելու է գաղափար, որ Վրաստանի համար լավագույն տարբերակը դաշնային ձեւին անցնելն է:
«Կառաջարկենք, որ հայկական տարածքները նախատեսվող ֆեդերացիայի առանձին անդամ լինեն: Քանի որ Վրաստանը հայտնվել է ներքաղաքական լարված իրավիճակում հենց ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրների պատճառով, եւ հաշվի առնելով, որ Ջավախքում ու այլ տարածքներում ազգային փոքրամասնությունների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ապա այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա», «Փաստարկում» ասում էր Շիրակ Թորոսյանը:
ԱԺ պատգամավորը նկատում է, որ վրացական իշխանությունները գնացին այլ ճանապարհով ու փորձեցին խեղդել ազգային փոքրամասնությունների ձայնը: Սակայն պարտությունն անխուսափելի էր: Այդ պարտության լավագույն օրինակն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախացումն էր: Ըստ բանախոսի` Վրաստանում առկա ազգային փոքրամասնությունները, այդ թվում` ջավախահայերը սկսեցին լրջորեն անհանգստանալ, որովհետեւ գուցե մի օր էլ այդ խնդիրը թակի իրենց դուռը եւ վրացական իշխանությունները զորք մտցնեն, ասենք, Ջավախք` իբր անջատողականությունը բացառելու նպատակով: «Ջավախք» հայրենակցական միության նախագահը նկատում է, որ եթե Ջավախքում անջատողականություն լիներ, ապա ամենահարմար առիթը օգոստոսյան պատերազմն էր, երբ ռուսական տանկերն արդեն հասել էին Ախալքալաք: «Շատ լավ առիթ էր, սակայն հերթական անգամ փաստացի ապացուցվեց, որ Ջավախքում անջատողականություն չկա, ջավախահայերը հավատարիմ են Վրաստան պետությանն ու իշխանությանը», նկատում է պատգամավորը:
Անդրադառնալով ապրիլի 9-ին Թբիլիսիում կայացած հանրահավաքին` Շիրակ Թորոսյանը կարծիք է հայտնում, որ ցուցարարների գործունեությունը տեւական բնույթ կկրի: «Բողոքի ակցիաներ կկազմակերպվեն ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Վրաստանի այլ քաղաքներում: Այդ կերպ նրանք կփորձեն միջազգային կազմակերպություններին համոզել, որ Սաակաշվիլու ռեժիմն իրեն սպառել է, անհրաժեշտ են փոփոխություններ: Լայնածավալ բողոքը բխում է այն հանգամանքից, որ 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմի իրադարձությունների ժամանակ Վրաստանը տանուլ տվեց եւ փաստացի կորցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան: Սա դարձավ ընդդիմության համար խթան, ընդդիմադիր զանգվածը, որ մինչ այդ դժգոհում էր սոցիալ-տնտեսական իրավիճակից, այժմ դժգոհում է Վրաստանի կառավարության գործունեությունից, որ արկածախնդիր պատերազմում պարտություն կրեց», ասում է Թորոսյանը:
Բանախոսը նկատում է, որ վրացական ընդդիմությունը հստակ վերաբերմունք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կապակցությամբ չի հայտնել: «Ընդդիմությունից ակնկալիքն այն կլինի, որ եթե գան իշխանության, ապա անցյալի դառը փորձից դատողություններ անեն ու ավելի հարգալից վերաբերմունք դրսեւորեն ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եթե իշխանության գլուխ գա այսօրվա ընդդիմությունը, կարծում եմ, խելամիտ կլինի գործողություններում եւ այլ տեսանկյունից կմոտենա ազգային փոքրամասնություններին խնդիրներին: Ավելի վատ, քան հիմա է, կլինի Ջավախքի հայաթափումը», նկատում է նա:
Թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները Ջավաքի հարցում, Թորոսյանը նկատում է, որ քաղաքակիրթ բարեկամական ճանապարհով միջազգային հանրությանը ներկայացնեն Վրաստանում առկա ազգային փոքրամասնության խնդիրը: «Միջազգային կառույցների շնորհիվ դրական իմաստով ճնշում գործադրել վրացական իշխանության վրա, որպեսզի ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները կարգավորվեն»:
Ինչ վերաբերում է Վահագն Չախալյանի դատավարությանն ու կայացրած վճռին, Թորոսյանը նկատեց. «Պատվիրված, քաղաքական դատավարություն էր: Վահագն Չախալյանը դատապարտվեց իր քաղաքական հայացքների եւ ազգային հասարակական գործունեության համար: Նա որեւէ հանցագործություն չի կատարել: Հենց դատարանում հերքվեցին բոլոր մեղադրանքները: Սակայն վրացական կառավարությունը կարողացավ սարքովի գործ հնարել` իբր Չախալյանների տանը հայտնաբերել են ապօրինի զինամթերք, պայթուցիկ նյութեր: Փորձաքննական ուսումնասիրություն չկա, չկան մատնահետքեր: Եթե բնութագրենք մեկ նախադասությամբ` դատավարությունը քաղաքական բնույթ ուներ` ուղղված ոչ միայն Վահագն Չախալյանի, այլեւ ամբողջ ջավախահայության դեմ»:
Շիրակ Թորոսյանը մերժեց բոլոր այն կարծիքները, թե Չախալյանի գործը կարելի է փակված համարել` հավելելով, թե Չախալյանի գործը երբեւէ փակված չի լինելու եւ դառնալու է վրացական իշխանությունների համար լուրջ հիմնախնդիր: Նա նշեց, որ պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարան. եթե այնտեղ էլ շարունակվեն ապօրինությունները, ապա համապատասխան ընթացակարգերով կդիմեն եվրոպական դատարան:
«Գրեթե վստահ եմ, որ այս խնդիրը արդարացի լուծում է ստանալու: Եվ այս կերպ էլ պատռվելու է վրացական իշխանությունների հակահայ դիմակը»: