«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


ԱՆԴՐՈՒՐԱԼՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸՙ ՕՐԱԽՆԴԻՐ

Ռուսաստանի Դաշնությունում ապրող ու գործող մի քանի հայ համայնքներ երկար տարիներ պահանջում են հյուպատոսության հիմնում, որը թույլ կտա ՀՀ պետական եւ տնտեսական աջակցություն ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի, ինչպես նաեւ Ուրալի լեռնաշղթայից մինչեւ Կուրիլյան կղզիներ, հյուսիսից-հարավ ընկած բոլոր հայ համայնքներին: 2003-ից լինելով ՀՀ ռադիոյի, ինչպես նաեւ որոշ ԶԼՄ-ների թղթակիցը Սիբիրում, պետք է նշեմ, որ վերը նշված հայ համայնքները իրենց ներուժով չեն զիջում աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ գաղթօջախներին: Կրասնոյարսկի երկրամասում ապրում է 18-20 հազ. հայ: Համայնքն ունի Սիբիրում գործող ամենամեծ եկեղեցին, կիրակնօրյա դպրոց, մշակութային օջախ եւ այլն: Հասարակության մեջ լիարժեք ինտեգրված համայնք է: Սիբիրի տարածաշրջանում ապրում է մոտ 20 մլն բնակչություն, որի կազմում կա ավելի քան 150 հազ. հայ: Ուրալից մինչեւ Վլադիվոստոկ եւ Կուրիլյան կղզիներ ապրում է ընդհանուր առմամբ մոտ 300.000 հայ: ՌԴ այդ լայնարձակ տարածքի վրա չի գործում ոչ մի տարածաշրջանային հյուպատոսություն: Բազմիցս համայնքների ղեկավարների անունից դիմել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ կառավարությանը: Հարցը գուցե կարող է լուծել վերջերս կազմավորված սփյուռքի նախարարությունը, որը ղեկավարում է կառավարման ու կազմակերպչական մեծ փորձ ունեցող տիկին Հրանուշ Հակոբյանը:

Այսօր լինելով ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչը ՀՀ-ում, պատրաստ եմ ներկայացնել տեղեկություններ հայ համայնքների մասին: Հյուպատոսության հիմնումը կլուծի մի շարք ներքին եւ արտաքին հարցեր: Կրասնոյարսկ քաղաքում ավելի նպատակահարմար է հիմնելը, քանզի կենտրոնն է Ուրալից Հեռավոր Արեւելք ընկած ճանապարհին: Բացի ՀՀ դեսպանատնից, որ գործում է Մոսկվայում, ՌԴ-ում գործում են հետեւյալ հյուպատոսությունները. Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, որոնք ոչ մի միջամտություն չեն կարող ցուցաբերել Ուրալից այն կողմ ապրող հայ համայնքներին: Հյուպատոսության հիմնումը Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում ունի ռազմավարական նշանակություն: Հյուպատոսությունը թույլ կտա, որ հայ համայնքը վարի ինքնուրույն ու գրագետ քաղաքականություն ինչպես ՀՀ, այնպես էլ ՌԴ իշխանությունների հետ: Հյուպատոսությունը նաեւ միջոց է հայ համայնքի ինքնության հաստատման համար:

Գաղթօջախները սպասում են...

ՆԱՐԴՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ, 28-67-51, (091) 61 56 44


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4