«Կիպրահայեր» ինտերնետային կայքից ստացված Միհրան Բոյաջյանի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հաղորդագրությունը պատմում է Կիպրոսի, կիպրահայերի եւ Ադանայի 1909-ի ջարդերի միջեւ գոյություն ունեցող կապի մասին: Նա գրում է. «Ադանայի ջարդերը, որոնց 30 հազարից ավելի զոհերի հարյուրամյակը հիշատակվում է այս օրերին, հատուկ նշանակություն ունեն կիպրահայերի համար, քանի որ նրանց մեծ մասը շառավիղներն են այդ կոտորածներից ազատվածների, որոնք Կիպրոսում են ապաստան գտել եւ մինչեւ օրս էլ իրենց համարում են «ադանացիներ»: Լառնակայում կառուցված հայկական Ս. Ստեփանոս եկեղեցին նվիրված է 1909-ի զոհերի հիշատակին:
Դրանից ավելի վաղ կատարված կոտորածները կրում էին տեղական բնույթ: Որոշ մասը քրդերն էին սանձազերծել, մյուսներըՙ կառավարող փաշաները, որոնց նպատակն է թալանել եւ Բարձր դռանը ավելի շատ եկամուտներ ապահովել:
Հայերը մեծ հույսեր էին կապել սահմանադրական բարեփոխումների հետ, որոնք մնացին թղթերի վրա եւ անտեսվեցին: Ռուսական կայսրության ծավալապաշտական նկրտումների դեմ Թուրքիայի պաշտպանությունը հանձն առնելու դիմաց անգլո-թուրքական գաղտնի համաձայնությամբ 1878-ին Կիպրոսն օկուպացվեց, իսկ 1914-ին բռնակցվեց Մեծ Բրիտանիային:
Որոշ ժամանակ առաջ պատահաբար ձեռք բերեցի մի նամակ, գրված այդ ժամանակվա Կիրենիայի հանձնակատար Ու. Ն. Բոլթոնի կողմից, որը հաստատում է կապն Ադանայի ջարդերի (1909 թ.) եւ Կիպրոսի ճակատագրի միջեւ: Նամակը, որը գրված է բաց դեղնավուն թղթի վրա եւ կրում է բրիտանական պետական զինանշանի ուռուցիկ դրոշը, հավանաբար պատասխանն է Կիպրոսի կառավարիչ Համիլթոն Գուլդ-Ադամսի անձնական քարտուղար Հարրի Լուկաչի հարցադրումներին: Մեր օրերում այս վերջինս ավելի լավ ճանաչված է որպես սըր Հարրի Լյուք: Նա իր ազգանունը ձեւափոխել է 1919-ին: Գաղութարարական ծառայության մեջ նա մեծ հաջողությունների հասավ եւ հեղինակ է մի շարք գրքերի Մերձավոր Արեւելքի պատմության վերաբերյալ: Նա ծառայել է Կիպրոսում, Հայաստանում (1920 թ.), Երուսաղեմում եւ Մալթայում: Գրքերը լի են այդ վայրերում իր երբեմն անեկդոտային փորձառության մանրամասնություններով եւ հասարակ ժողովրդի հանդեպ ցուցաբերած հետաքրքրություններով:
Ահա թե ինչ էր նա գրել Կիրենիայից 1912-ի հունվարի 30-ին Լուկաչին ուղղված նամակում. «Հենց հիմա ես ուսումնասիրում էի 1909-ին իմ տարածաշրջանում կատարված հետաքննության արդյունքներըՙ ծովի ջրերում հայտնված անշնչացած անծանոթ մարդկային մարմինների վերաբերյալ: Այդ մարմիններից առաջինը հայտնվել էր մայիսի առաջին շաբաթվա օրերին Լապիթոսի ափերի մոտ: Մարմինը չափից ավելի քայքայված էր, բայց հստակ երեւում էին 2 փամփուշտի հետեւանքով առաջացած վերքերը, մեկըՙ վզին, մյուսըՙ որովայնին: Հաջորդ երկու տղամարդկանց մարմիններն ափ էին դուրս եկել մեկը Այոս Աբրոսիոսի, իսկ մյուսըՙ Այոս Էպիկտետոսի մոտերքում, բայց չեմ կարծում, որ դրանց վրա մահվան պատճառներն ապացուցող որեւէ նշաններ կային: Չորրորդը 6-8 տարեկան մի աղջնակի մարմինն էր, որի գլուխը ջարդուփշուր էր եղել բրիչի կամ մուրճի նման ծանր զենքի միջոցով:
Ինչքան հնարավոր էր պարզել նրանց հագուստներից, բոլորն էլ հայեր են: Նիկոսիայից դոկտ. Ֆուլեյհանը, որ մարմինները հետազոտել էր, կարող է լրացուցիչ տեղեկություններ հաղորդել, եթե ցանկանում եք:
Վերոհիշյալներից բացի կային ուրիշները, անշուշտ, որոնց վերաբերյալ քննություն չանցկացրեցի: Հավատացած եմ, որ շատ մեծ թվով մարմիններ ափ էին դուրս եկել Կարպասում: Հոդատապով տառապելու հետեւանքով չեմ կարողանում գրել, բայց ուրախ եմ նշելու, որ այն լավանում է, թեեւ շատ դանդաղ: Ես շաբաթ օրը քեզ հեռագիր ուղարկեցի Լապիթոսի ճանապարհի մասին, քանի որ Ուիլյամսն անցել էր այնտեղով ուրբաթ օրը եւ հայտնել ինձ, թե անցանելի էՙ զգույշ վարելու դեպքում: Երկար ժամանակ է, ինչ նրանք վերանորոգում էին այնպես, որ պետք է ամեն ինչ կարգին լինի:
Անկեղծորեն Ու. Ն. Բոլթոն»:
Ադանայի ջարդերը սկսվեցին ապրիլի սկզբներին, մարմինները Կիպրոսի ափերն էին հասել մոտ մեկ ամիս հետո:
Անատոլիայից տեղահանված հայ բնակչության վերջնակետը փոքրիկ Դեր-Զոր քաղաքն էրՙ Սիրիայի անապատների մեջտեղում: Շատ քչերին հաջողվեց հասնել այնտեղ: Մեծամասնությունը սպանվեց ճանապարհին կամ մահացավ սովածությունից, ծարավից, հոգնածությունից:
Հ. Ծ.