«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից լրագրողները փորձեցին պարզել հայ-թուրքական հարաբերությունների եւ դրան Ադրբեջանի վերաբերմունքի մասին կարծիքներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով` նախ պետք է պարզել, թե այս հարաբերություններում Ադրբեջանը որքանո՞վ է անկեղծ. «Ո՞վ է այստեղ դերասանություն անում, ժամանակը ցույց կտա: Թուրքիայում ցույցեր են սկսվել սահմանի բացման դեմ, հատկապես Արեւմտյան Հայաստանի տարածքում եւ որքան են անկեղծ, նորից պարզ չէ: Ադրբեջանը աննախադեպ ճնշում է սկսել միջազգային կառույցների, նաեւ Թուրքիայի վրա, սպառնալով, որ գազից կզրկի, էներգետիկ նախագծերը կձախողի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը»:

Վ. Հովհաննիսյանի կարծիքով` «հիստերիկ շարժումները Ադրբեջանի եւ իբր թե թուրքական բնակչության կողմից կարող են նաեւ համաձայնեցված լինել թուրքական իշխանությունների հետ»` բեմադրություն է, որը հնարավորություն կտա կամ կպարտադրի արեւմտյան աշխարհին ու միջազգային կառույցներին նորից դիմել Հայաստանին` Թուրքիայի որոշ նախապայմաններ ընդունելու առաջարկով:

Նրա խոսքով, հենց այս նախապայմաններն է թուրքական կողմը փորձելու հրամցնել որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միակ բանալի. «Մենք չպետք է կուլ տանք այդ խայծը, եւ շատ ճիշտ է վարվել ՀՀ ԱԳ նախարարը, երբ բացառել է որեւէ նախապայմանի պարագայում այս բանակցությունների շարունակումը: Բայց ճնշումը շարունակվելու է»: Վ. Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս ՀՀ պատասխանատուներին իրենց դիրքերի վրա նույնքան ամուր կանգնել, որքան ամուր է կանգնած Ալիեւը, եւ չընդունեն որեւէ նախապայման, որովհետեւ դրանք ընդունելովՙ ամբողջությամբ կոչնչացնեն հարաբերությունների նորմալացման բուն իմաստը:

Ինչ վերաբերում է սահմանի բացման հետ կապված վտանգներին ու դժվարություններին, ապա, ըստ պատգամավորի, մոտավորապես 20 օր հետո իրենք հասարակությանն ու կառավարությանը կներկայացնեն ամփոփ ու ծավալուն վերլուծություն, որտեղ կլինեն Թուրքիայի հետ սահմանի բացման բոլոր հետեւանքները:

Գնահատականներ տալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման մեկ տարվա վերաբերյալ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան, կարծում եմ, որ այս մեկ տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է: Մյուս կողմից, սակայն, ամենակարեւոր նվաճումն առկա է. դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է: Սա որպես ձեռքբերում կարելի է ֆիքսել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Ստյոպա Սաֆարյանն էլ այն կարծիքին է, որ դրանք դեռեւս ամբողջ ծավալով գնահատված չեն եւ «մեր դիվանագիտության բացթողումներից մեկն է, որ չհասկանալով կամ չունենալով նախնական գնահատականներ, թե ինչ դրական կամ բացասական հետեւանքների կարող է բերել սահմանի բացումը, գնում են դրան»:

«Ժառանգության» ներկայացուցիչներին մտահոգում է, որ հայ-թուրքական գաղտնի երկխոսությունից շատ քիչ բան է հայտնի հասարակությանը, ինչպես նաեւ թուրքական կողմի հայտարարությունները, ըստ որոնցՙ հայ-թուրքական սահմանի բացումը երբեւէ չի վտանգելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչին հայկական կողմը չի արձագանքում եւ չի ասում, թե արդյոք թուրքական կողմի նախապայմանները մնո՞ւմ են ուժի մեջ, թե ոչ. «Եթե միակողմանի փակված սահմանի բացումը դառնում է սակարկության առարկա եւ ենթադրում փոխզիջումներ նաեւ հայկական կողմից, սա անհասկանալի է»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, Հայաստանը հերթական անգամ իրավիճակային եւ այդ առումով անորոշ արդյունքներով հղի մի գործընթաց է սկսում, գնում է իրավիճակի հետեւից, ուղղակի արձագանքելով այն ամենին, ինչն իրեն առաջարկվում է:

Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանի բացմանը, ապա, ըստ Հ. Բիշարյանի, դա Հայաստանում բավականին տնտեսական հաջողությունների կբերի, ներկրվող ապրանքների գինը կէժանանա եւ սոցիալապես ավելի բարվոք վիճակ կստեղծվի Թուրքիայում աշխատող մեր հայրենակիցների համար:

Հարցին, թե ինքը տնտեսական անվտանգության տեսանկյունից վտանգներ չի՞ տեսնում սահմանի բացման հետ կապված, ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ Վրաստանի հետ սահմանը բաց է, սակայն երբ սկսվեց օգոստոսյան պատերազմը, Հայաստանը հայտնվեց շատ բարդ իրավիճակում:

«Արդեն եկել էր մի պահ, երբ բենզինը հաշված գրամներով էին վաճառում: Ի՞նչ է, մենք Վրաստանի հետ կապված խնդիր չունե՞նք: Եթե մենք այսօր համարում ենք, որ ունենք բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի հետ, լիարժեք ապահովվա՞ծ ենք տնտեսական խնդիրներից», նշում է Բիշարյանը ու հավելում, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ թույլ է տալիս այսօր ունենալ այլընտրանքային ճանապարհներ եւ Թուրքիայի հետ ճանապարհը մեկ օր շուտ բացելը եւս ողջունելի է. «Դա մեզ համար այլընտրանքային ճանապարհ է եւ ավելի էժան»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4