«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Պատգամավորները երեկվա ԱԺ ճեպազրույցներում անդրադարձան Հյուսիսային պողոտայում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ բերման է ենթարկվել 10 քաղաքացի:

Կոալիցիոն ուժերից այս հարցում ամենախիստը արտահայտվեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Ես երեկ այդ մասին իմացել եմ եւ դատապարտում եմ նման մոտեցումները, որովհետեւ եթե մարդկանց կուտակումներ են, չգիտեմ, խաղաղ ցույցեր են կամ իրենց համար հանգիստ կանգնած են եւ որեւէ կարգ չեն խախտել, ինչի՞ համար կարող են մարդկանց ձերբակալել կամ բռնել: Ես ուղղակի դատապարտում եմ նման մոտեցումը, ով ուզում է լինի»:

Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, փողոցային պայքարի մեթոդը չողջունեց` նշելով, որ ժողովուրդը պետք է ինքը հանդուրժող լինի ոստիկանների նկատմամբ, զանգվածային միջոցառումները պիտի շատ կոռեկտ կատարվեն, եւ եթե անգամ դրանք իշխանությունների դեմ են ուղղված լինում, գոնե ոստիկանի համազգեստը պիտի հարգել:

Ինչ վերաբերում է լրագրողի դեմ բռնություններին, հանրապետական պատգամավորն ասաց, որ լրագրողն ինքը պետք է «շառից-փորձանքից հեռու մնա», ապա հավելեց. «Լրագրողը ամեն ինչ կարող է անել, նույնիսկ որոգայթներ լարել, բայց հասարակությունը կամ մարդիկ պետք է անպայման հեռու փախչեն լրագրողից»:

Իսկ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընդհանրապես տեղյակ չէր իրադարձություններից:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4