«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

Ասում է Գերմանա-հայկական հիմնադրամի տնօրեն Գեւորգ Թումանյանը

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ուղղություններից է աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որտեղ նշանակալի դեր է խաղում Գերմանա-հայկական հիմնադրամը: Հայաստանում այժմ գործող ավելի քան 80 հազար ՓՄՁ-ներից շուրջ 10 հազարն օգտվում է Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող փոքր եւ միջին ձեռներեցության աջակցման վարկային ծրագրից: Հիմնադրամը ստեղծվել է 2001-ին` Հայաստանի Կենտրոնական բանկի եւ գերմանական KFW բանկի կնքած միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Վարկավորման ծրագրի սկզբում KFW-ն Կենտրոնական բանկին էր տրամադրել 16,8 մլն եվրոյի վարկ` 40 տարի ժամկետով եւ տարեկան 0,75 տոկոս տոկոսադրույքով: Այդ միջոցներով վարկավորել են IPC խորհրդատվական ընկերության հետ համատեղ անցկացրած մրցույթի արդյունքներով ընտրված 5 հայկական բանկեր, որոնք էլ իրենց հերթին այդ գումարները որպես վարկ տրամադրել են ՓՄՁ-ներին: KFW-ն տրամադրել է նաեւ 2,2 մլն եվրոյի դրամաշնորհային միջոցներ, որոնք ուղղվել են վերոնշյալ բանկերի աշխատակիցների վերապատրաստմանը եւ Հայաստանում վարկավորման նոր մեխանիզմի ներդրմանը: Փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման նոր մեխանիզմի ներդրումը Գերմանա-հայկական հիմնադրամի տնօրեն Գեւորգ Թումանյանը համարում է հաջողվածՙ ՓՄՁ-ների վարկավորման գործընթացը ակտիվացել է, իսկ վարկերի վերադարձելիության ցուցանիշը հասել մինչեւ 98 տոկոսի:

Բազմաթիվ դրական վարկային պատմություններ կան, երբ գործարարն իր բիզնեսն սկսել է ընդամենը մի քանի մլն դրամ վարկով, սակայն հետագայում հաջողությամբ զարգանալով, հաստատուն տեղ է գրավել շուկայում: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ծրագիրը, Գեւորգ Թումանյանի գնահատմամբ, ճկուն է, կարող է իր վրա կրել ժամանակի պահանջներն ու իր կայուն ընթացքն ապահովել նաեւ ճգնաժամային պայմաններում: Ծրագրի կենսունակությունն ապացուցվել է նաեւ այն փաստով, որ 2004-ին KFW-ի կողմից ֆինանսավորման դադարեցվելուց հետո, ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, քանի որ տրամադրված գումարները շարունակում են որպես վարկեր շրջանառության մեջ մնալ: Դրա արդյունքում տարեկան միջինը 1 մլրդ դրամով ավելանում են գործընկեր բանկերին վարկավորման ծավալները: Բանկերն էլ իրենց հերթին ամսական շուրջ 1000 սուբյեկտի են ֆինանսավորում:

Առեւտրային բանկերը Գերմանա-հայկական հիմնադրամից ստանում են համեմատաբար ավելի երկարաժամկետ միջոցներՙ շուկայականից որոշակիորեն ցածր տոկոսադրույքներով: Դա ենթադրում է նաեւ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով վարկերի տրամադրում: Գեւորգ Թումանյանը նշում է, որ եթե բանկերն, այդուհանդերձ, վարկավորման բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, հիմնադրամն ըստ այդմ վերանայում է իր վարկային քաղաքականությունը: Վարկավորման դաշտում, նրա գնահատմամբ, ձեւավորված է առողջ մրցակցություն, բայց դեռեւս անհանգստացնող են համեմատաբար բարձր տոկոսադրույքները: Դրանք, սակայն, հենց մրցակցության արդյունքում մերթընդմերթ տատանվում են, երբեմն ստանալով նաեւ նվազման միտում:

Հիմնադրամի գործունեության մասին պատմելիս հիմնադրամի տնօրենը նշում է, որ միայն 2008-ի ընթացքում հիմնադրամի գործընկեր 5 բանկերից փոքր եւ միջին ձեռներեցությանը տրամադրվել է 7 հազար 103 վարկ` 36 մլն եվրո ընդհանուր գումարով: Ծրագրի իրականացման ընթացքում հիմնադրամը գործընկեր բանկերի միջոցով տրամադրել է 46 հազար 237 վարկ` ավելի քան 250 մլն եվրո գումարով: Ծրագիրը, որպես կանոն, սկսնակ բիզնեսին չի վարկավորում. վարկառուն պետք է ունենա անցած ճանապարհ: Ֆինանսավորումն իրականացվում է միայն դրամով:

2008-ին առեւտրի ոլորտին ուղղվել է վարկավորման գումարի ընդհանուր ծավալի 64 տոկոսը, ծառայություններին` 20 տոկոսը, արտադրությանը` 6,4 տոկոսը, գյուղատնտեսությունը` 5,5 տոկոսը, շինարարությանըՙ 2,3 տոկոսը:

Ծրագրի հաջող ընթացքը հաշվի առնելով, նախորդ տարեվերջին Հայաստանի կառավարությունը նույն մեխանիզմով փոքր եւ միջին ձեռներեցությանը վարկավորելու նպատակով տրամադրեց 50 մլն դոլարի չափով հավելյալ միջոցներ: 2008-ի դեկտեմբերից այս տարվա փետրվար-մարտ ժամանակահատվածում այդ միջոցների կեսից ավելին արդեն տեղաբաշխվել է: Այսինքն, այս կարճ ժամանակահատվածում վարկերի տեսքով տեղաբաշխվել են գրեթե նույնքան ֆինանսական միջոցներ, որքան մի քանի տարիների ընթացքում KFW-ի տրամադրած գումարներն են եղել: «Դա եւս մեկ վկայություն է, որ Հայաստանում վարկավորման գործընթացը կանգ չի առել: Իհարկե, ճգնաժամային պայմանները ստիպում են բանկերին այժմ առավել զգուշավոր լինել, ավելի խոր վերլուծել վարկավորման ներկայացված ծրագրերը, սակայն միջոցների սղություն չկա: Գործարարի դիմելուց հետո եւ նրա ներկայացրած ծրագրի ռիսկերի վերլուծության հիման վրա վարկային միջոցները տրամադրվում են ընդամենը 2-3 օրում», ընդգծում է հիմնադրամի տնօրենը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4