«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2009-04-09 | #64, 2009-04-10 | #65, 2009-04-11


ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջարկներ Մասուդ Ահմեդից, Վաչե Գաբրիելյանից եւ Արսեն Ղազարյանից

«Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով մասնագիտական քննարկում էր երեկ կազմակերպել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակը: Այն բացեց AVAG Solutions ընկերության գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: Նա նշեց, որ ի տարբերություն նախկինում եղած բոլոր տնտեսական ճգնաժամերի, ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի սահմանափակվում մեկ կամ մի քանի երկրներով:

Հիմնական զեկուցողներից առաջինը ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդիՙ «Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը. Հայաստանի համեմատությունը տարածաշրջանի այլ երկրների հետ» զեկույցն էր: Նա նույնպես փաստեց, որ այս ճգնաժամը վատագույնն է «մեծ դեպրեսիայից» ի վեր: 2008-ի վերջին եւ 2009-ի առաջին եռամսյակներում կտրուկ նվազել են համաշխարհային առեւտրի եւ արդյունաբերության ծավալները: Ըստ ԱՄՀ կանխատեսումների, համաշխարհային տնտեսությունը 2009-ին կնվազի 0,5-1,5 տոկոսով, իսկ զարգացած երկրներումՙ 3-3,5 տոկոսով: 2010-ին կանխատեսվում է կայունացում:

Անդրադառնալով տարածաշրջանի եւ Հայաստանի ցուցանիշներին, Մասուդ Ահմեդը հայտնեց, որ ապրանքների գների իջեցումը բացասաբար է ազդել արտահանման ծավալների վրա: 2009-ին Հայաստանի արտահանման նվազումը նույնպես մեծ է, բայց կան պետություններ (Ադրբեջան, Ղազախստան), որտեղ այն ավելի մեծ է: Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումները նվազելու են, բայց դարձյալ ավելի քիչ, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Նվազել են նաեւ օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Մեր երկրում չմարվող վարկերի մակարդակը, արտաքին պարտքի բեռը, գնաճը ավելի ցածր են, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Սրանք, Մասուդ Ահմեդի բնորոշմամբ, ելակետային լավ տվյալներ են Հայաստանի համար: Սակայն նա մատնանշեց դոլարայնացման մակարդակի բարձրացումը, ապա նաեւՙ բյուջեի եկամուտների նվազումը: Միաժամանակ, ԱՄՀ տարածաշրջանային տնօրենն այն կարծիքը հայտնեց, որ դեռ չենք կարող ասել, թե անցել ենք ճգնաժամի վատթարագույն կետը: ԱՄՀ-ի խորհուրդն է տարածաշրջանի երկրներինՙ պատրաստ լինել դժվար ժամանակներին, սոցիալապես կարիքավոր խավի համար կիրառել տարբեր տեսակի խթաններ, իրականացնել փոխարժեքի ճկուն քաղաքականություն, բանկային ուժեղ վերահսկողություն:

Հայաստանի ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի զեկույցն անդրադարձ էր Հայաստանի բանկային հատվածին: ԿԲ փոխնախագահն ասաց, որ Հայաստանում ֆինանսական ճգնաժամ չնկատվեց, քանի որ ոչ միայն մեր բանկային համակարգն էր կայուն, այլեւ ֆինանսական միջնորդության մակարդակն էր ցածր: Վաչե Գաբրիելյանը կարեւորեց, որ Հայաստանում չկան վատորակ ներդրումներ, ինչպես նաեւ արագ մարում պահանջող վարկեր: Մեր վարկերը հիմնականում երկարաժամկետ են եւ արտոնյալ պայմաններով: Հայաստանի բանկային համակարգն ունի բարձր կապիտալիզացիաՙ 27 տոկոս, որը կրկնակի գերազանցում է ԿԲ կողմից պահանջվող չափը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, ճգնաժամը Հայաստանում սկսվեց մետաղների գների անկումից, որին հետեւեցին ներդրումների նվազումՙ սպասումների պատճառով, պահանջարկի, արտերկրից մասնավոր փոխանցումների կրճատումներ: Բացասական ազդեցություններից էր դոլարայնացման ավելացումըՙ եթե նախորդ տարի այդ մակարդակը 30 տոկոս էր, ապա հիմա դրամայնացումն է 30 տոկոս: Սակայն բանկերը, ըստ ԿԲ նախագահի, որոշ վնասներ կրելով հանդերձ, համակարգային վնասներ չունեցան: Վարկավորման ակտիվությունը խրախուսելու համար Կենտրոնական բանկը թույլատրել է բանկերին վերացնել ավելցուկային իրացվելիությունը, որը թույլ կտան նրանց ֆինանսներն ուղղել տնտեսության վարկավորմանը: Թեեւ բանկերը սկսել են ավելի խիստ պայմաններով վարկեր տրամադրել, բայց, ԿԲ նախագահի հայտնած տեղեկության համաձայն, վերջին ամիսներին տրվել են մի քանի տասնյակ հազար վարկեր: 2009-ին ԿԲ-ն շարունակելու է առաջնային համարել գնաճի մակարդակը, բայց քանի որ Հայաստանն ունի ամենացածր գնաճը, ապա այն հնարավորություն կտա կիրառելու նաեւ տնտեսության խթանման գործիքները:

Գործարարների մոտեցումները ներկա իրավիճակի վերաբերյալ ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը: Նշելով, որ մեր բանկային համակարգը դիմացել է ճգնաժամին, նա ավելացրեց, որ միեւնույն ժամանակ տնտեսական ակտիվությունը նվազել է: Տնտեսության իրական հատվածում առաջ են եկել բազում խնդիրներ: Արտաքին շուկաներում, որտեղ մեր ապրանքն է արտահանվում, առկա են գնողականության նվազման, ներքին շուկաների պրոտեկցիայի, չվճարումների խնդիրներ: Օրինակՙ կոնյակի պահանջարկը թեեւ չի նվազել, բայց վճարումների խնդիրներ են առաջացել:

Այս տարվա առաջին եռամսյակում ներմուծման ծավալը նվազել է 40-45 տոկոսով, ինչն ազդում է պետական բյուջեի վրա, քանի որ ներկրումն է 70 տոկոսով համալրում պետբյուջեն: Բացասական սպասումները բերել են ոչ միայն ներմուծվող ապրանքների, այլեւ տեղական արտադրության ծավալների կրճատման: Սպասումներն առավել բացասաբար են ազդել շինարարության ոլորտում, եւ այս առումով Արսեն Ղազարյանը ողջունեց կառավարության կողմից 20 մլրդ դրամի պետական երաշխիքների տրամադրումը շինարարական ընկերություններին: ՀԱԳՄ նախագահի համոզմամբ, տնտեսությունն արագ վարկավորման խնդիր ունի, բայց բանկերը, ռիսկայնությունը հաշվի առնելով, վարկ տրամադրելիս դանդաղում են:

Հայաստանի ճգնաժամից դուրս գալու համար Արսեն Ղազարյանը անհրաժեշտ համարեց պահպանել ազատականության սկզբունքները, որպեսզի մենաշնորհայնացման գործընթացները չլինեն: Ընդգծվեց կառավարության կողմից հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործումը եւ մրցակցային հավասար դաշտի ապահովման խիստ կարեւորությունը: ՀԱԳՄ նախագահն անհրաժեշտ համարեց նաեւ Հայաստանում ներդնողների համար արտակարգ բարենպաստ պայմաններ ստեղծելը: Կառավարությունը հունվարից քայլեր արել է այս ուղղությամբ, բայց դրանք պետք է արագացնել: Արսեն Ղազարյանը հավաստիացրեց, որ հայ գործարարները ելքեր կգտնեն ավելի լավ, քան հարեւան երկրներում, քանի որ 90-ականների «կոլապսից» հետո կարողացել են գործել ու զարգանալ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4