Առավոտյան ժամը 7.30 է: Հիսուն լիրա վճարեցի ու միկրոավտոբուս նստեցի: Հինգ րոպե անց ուղեւորներն սկսեցին հավաքվել կայարանում: Ժամը 8.30 շարժվեցինք դեպի Յակուբիե` Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, ծովի մակերեւույթից 480մ բարձրություն ունեցող, թուրքական սահմանի հարեւանությամբ գտնվող հայկական գյուղը: Բժիշկ Աբրահամ Երիցյանը Սիրիայի հայկական գյուղերի մասին գրքում նշում է, որ դեռեւս 12-րդ դարից այս տարածաշրջանում հայեր են ապրում, որոնք այսօր արաբացել են, ու մնացել է 3 հայկական գյուղ` Յակուբիեն, Քեսապը եւ Ղինեմիեն:
30-ական թվականներին Յակուբիեն միատարր հայկական գյուղ էր: Հեղինակի հաշվարկների համաձայն, այսօր Յակուբիեի բնակչության 60 տոկոսը կաթոլիկ է: ֆրանսիացիները, օգտվելով գյուղացիների ծանր վիճակից, շատերին կարողացել են կաթոլիկ դարձնել, 80 տարեկան Փանոս պապիկը hիշում Է. «Ֆրանսիացիները միայն կաթոլիկ ընտանիքներին էին ալյուր բաժնում, ուստի եւ մարդիկ գոյատեւելու համար ստիպված դավանափոխ էին լինում»:
Հարեւան Կիննայե գյուղի ամբողջ բնակչությունն է կաթոլիկ: Դավանափոխ լինելուց հետո հայերը սկսեցին իրենց լատին ժողովուրդ համարել: Յակուբիեի նոր սերունդը` հայ ու լատինը, անցյալի ծանր բեռը անտեսնելով, այօր համերաշխ են ապրում:
Յակուբիեում 1929-ին ՀԲԸՄ-ի եւ Հալեպի Հայկական առաքելական եկեղեցու առաջնորդարանի հովանավորությամբ կառուցվել է հայկական դպրոց, որտեղ արաբերենին զուգահեռ դասավանդվում են հայոց լեզու եւ կրոն: Տասը տարի առաջ հայոց լեզվի ուսուցիչները Հալեպ քաղաքից էին գալիս, իսկ այսօր դպրոցում աշխատում են Յակուբիեի երիտասարդ ուսուցիչները:
Յակուբիեն ունի նաեւ երկու հայկական առաքելական եկեղեցի` Սբ Աննա եւ Սբ Հռիփսիմե: Վերջինս կառուցված է Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Գյուղում կաթոլիկ եկեղեցի էլ կա:
Սբ Աննա եկեղեցու տոնը նշվում է օգոստոսի վերջին կիրակի օրը: Սիրիայի տարբեր քաղաքներից հայերը գալիս են ուխտի: Ուխտավորների շարքերում կան նաեւ ասորիներ, հույներ, արաբ քրիստոնյաներ ու մահմեդականներ: Մարդիկ այստեղ են գալիս` մտքում նվիրական ցանկություններ պահած, ինչպես նաեւ բուժվելու հավատով:
Մեր ավտոբուսը մարդաշատ է: Կողքիս երիտասարդը քնել է, վարորդին ընկերակցող երկու յակուբիեցիները դժգոհում են այս տարվա ձիթապտղի անորակ բերքից: Յակուբիեն հայտնի է իր ձիթապտղի այգիներով. միջերկրական մեղմ կլիման այս ծառատեսակի համար հարմար պայմաններ է ապահովում: Բացի ձիթապտղից, հայտնի են նաեւ Յակուբիեի նուռը, ընկույզը , խաղողը, ծիրանը, խնձորը, նարինջը եւ սալորը:
«Եղբա՛յր, Յակուբիե հասա՞նք», լսում եմ կողքիս նստած երիտասարդի ձայնը:
Մինչ հասնելը մտաբերում եմ` ինչպես էինք փոքր ժամանակ ընկերներով բարձրանում Սբ Աննա եկեղեցի խաղալու: Եկեղեցին երկու բակ ունի: Մեծ բակում գնդակ էինք խաղում, մեկ-մեկ երգում ու պարում, բայց միշտ ուշադիր էինք, որ մյուս բակ չգնանք, որտեղ սեւ թթի մեծ ծառ կար: Տեր Բաբկենը մեզ զգուշացնում էր, որ վնաս չտանք թթենուն: Սբ Աննայի տոնին նույն բակում քահանան օրհնում է ուխտավորների ոչխարներին: Բակի հարավային մասում խոհանոց կա, որը հատուկ նպատակի է ծառայում. մատաղի մսով յոթ կաթսաների մեջ հարիսա են եփում այդ օրը: Ստացված եկամուտը գնում է եկեղեցու ֆոնդին: Բոլորը վերադառնում են իրենց հարազատ գյուղՙ տոնը ծնողների հետ նշելու համար: Երիտասարդները գնում են Հալեպ` Սիրիայի 2-րդ քաղաքը, կամ Լաթաքիա` երկրի ամենամեծ ծովափնյա քաղաքը, աշխատելու կամ սովորելու, հաստատվում են, ամուսնանում եւ տարվա ընթացքում մեկ այց կատարում իրենց գյուղ: Հայաստանում սովորող յակուբիեցիների մի մասը, ավարտելով համալսարանները, հաստատվում է Երեւանում:
Յակուբիեցիները իրենց եկամուտի հիմնական մասը ստանում են ձիթապտղի այգիները մշակելուց: Այսօր գյուղում կով ու ոչխար այլեւս չես տեսնի. գյուղտեխնիկա են օգտագործում: Նույնիսկ առանց պոչի նշանավոր էշը կորավ, երեւի հոգնեց մարդկանց հետ ապրելուց...
Յակուբիեն շատ է փոխվել. երկհարկանի շենքեր են կառուցվում, ճանապարհները ասֆալտապատվել են, կարծես լքված «քաղաք» լինի, բայց երբ տոներին զավակները վերադառնում են, Յակուբիեն հայ երգի ու պարի հանգրվան է դառնում:
ՄՈՎՍԵՍ ԽԵՉՈ