«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒՑ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների շուրջն ընթացող բանակցությունները նոր բանավեճի թեմա են բացել, թե ում է ձեռնտու սահմանի բացումըՙ Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիային, կամ ով կշահի դրանից: Այս հարցին պատասխանելու համար նախ եւ առաջ պետք է հասկանալ թե ինչու էր փակվում սահմանը եւ այդ քայլով ինչ նպատակ էր հետապնդում հարեւան Թուրքիան: Բացի դրանից, շատ կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչ հնարավոր հետեւանքներ կան, որոնցից երկյուղելով պաշտոնական Անկարան չի շտապում բացել սահմանը:

Ընդհանրապես հայ-թուրքական սահմանի մասին մի միֆ կա, թե իբր եղել է բաց, ապա փակվել 1993-ին հայկական զորքերի կողմից Քելբաջարի ազատագրումից հետո: Հայ-թուրքական սահմանը երբեք բաց չի եղել, պաշտոնական Անկարան մի քանի անգամ, որպեսզի իր «մեծահոգությունը» ցույց տա, թույլ է տվել, որ Կարս-Գյումրի երկաթգծով Հայաստան հասնեն մեր երկրին որպես օգնություն ուղարկվող ցորենով բեռնված գնացքները: Մի քանի անգամ էլ թույլ են տվել, որ այդ սահմանը հատի Գյումրու քաղաքապետարանի պատվիրակությունը, որը Կարսի հետ պետք է ինչ-որ հարաբերություններ հաստատեր եւ այլն: Այսինքնՙ սահմանը բացվել է հատուկենտ անգամ, այն էլ պաշտոնական Անկարայի հատուկ թույլատրությամբ, իսկ ազատ սահմանային հատման գործընթաց, ինչպիսին, ասենք, կա Իրանի կամ Վրաստանի պարագայում, հայ-թուրքական սահմանում երբեք չի եղել: Այսինքնՙ հայ-թուրքական սահմանը երբեք բաց չի եղել, հետեւաբար չէր կարող 1993-ին փակվել, Թուրքիան ի սկզբանե դեմ էր սահմանի բացմանը եւ կանոնավոր հարաբերությունների հաստատմանը Հայաստանի հետ: Ինչպես գրում էր թուրք մի վերլուծաբան. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ Հայաստան անունով պետություն գոյություն ունի, առաջին շրջանի շփոթմունքին եւ անորոշությանը շատ արագ փոխարինեց կոշտ հակազդեցությունՙ «այդ պետությունը պետք է վերացվի»:

Թուրքիայի ինքնուրույն քաղաքականության փորձը Հարավային Կովկասում

Արդեն 2000-ի առաջին տարիներին պարզ էր, որ Թուրքիայի կովկասյան եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականությունը ձախողվել է: Նա կորցրել է ԱՄՆ-ի համար տարածաշրջանի գլխավոր ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, նրա ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում միայն նվազում է, Հայաստանի նկատմամբ իրականացված տնտեսական պատժամիջոցները, իսկ սահմանի փակումը հիմնականում նման նպատակ էր հետապնդում, չունեն նախկին արդյունավետությունը: Հայաստանը այդ տարիներին երկնիշ տնտեսական աճ էր գրանցում եւ շրջապատին ապացուցում, որ նույնիսկ փակ սահմանների պայմաններում կարող է տնտեսություն զարգացնել: Այսինքնՙ Հայաստանի նկատմամբ փակ սահմանների քաղաքականության ձախողումը պարզ էր նաեւ Անկարայի համար, սակայն իներցիայի ուժով շարուակվում էր, քանի որ վերջինիս համար կարեւոր էին նաեւ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ ցեղային բնազդով կառավարվող այդ հարաբերություններում, փակ սահմանը, այսպես կոչված երկու ժողովուրդների` թուրքերի եւ ադրբեջանցիների բարեկամության եւ երջանկության միակ պայմանն էր: 2005-ից թուրքական քաղաքական վերնախավում սկսվեցին խմորումներ, հայ-թուրքական սահմանը փակ պահելու իրողության անհեռանկարությունը եւ առավել եւս Հայաստանի վրա որպես ճնշման միջոց բանեցնելու անարդյունավետությունը արդեն պարզ էին բոլորին: Թուրքական քաղաքագիտական եւ վերլուծական շրջանակներում հայտնվեցին առաջին հոդվածները, որ փակ սահմանները չեն նպաստում իրենց ազդեցության տարածմանը, այլ «նպաստում» են Անկարայի վրա Արեւմուտքի եւ հատկապես Եվրոմիության ճշման ուժեղացմանը: Թվում էր, սակայն, որ այս իրավիճակը դեռ երկար ժամանակ կպահպանվի, եւ նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը չի արժանանա անհրաժեշտ պատասխանին, եթե տեղի չունենային մի քանի իրադարձություններ: Նախՙ կովկասյան 5-օրյա պատերազմը Թուրքիային վերջնականապես համոզեց, որ ձեւավորված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կովկասյան եռանկյունին անհեռանկար է եւ ճեղքվածք է տվել: Սա կասկածի տակ էր դնում Թուրքիայիՙ կասպյան էներգակիրների արտահանման հուսալի ուղու կարգավիճակին: Պարզ էր, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունների Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում թերի է, եւ իր հավերժ մրցակից Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերն այս առումով ավելի նախընտրելի են, քանի որ վերջինս զարգացնում է իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երեք երկրների եւ հատկապես Հայաստանի հետ:

ԱՄՆ-ում Սպիտակ տուն նոր վարչակազմի մուտքը նոր տրամադրություններ է ստեղծում, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը զուտ տեսականից վերադառնում է պրակտիկ հնարավորությունների դաշտ: Բացի դրանից պարզ է, որ տարածաշրջանային իր քաղաքականության մեջ ԱՄՆ-ը Թուրքիային տեսնում է իր ազգային քաղաքական շահերի վեկտորում, հետեւաբար Անկարայի փորձերըՙ շարունակել ինքնուրույն քայլեր ձեռնարկել, անտեսելով ԱՄՆ-ի շահերը, ինչպես դա կատարվում էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք, կարժանանան Սպիտակ տան կտրուկ հակազդեցությանը: Եվ վերջապես Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման խնդիրը կարող է նոր գլխացավանք ստեղծել Թուրքիայի համար հանձին քրդական ուժեղացող հարցի: Վերջապեսՙ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչի պայմաններում Հայաստանի հետ փակ սահմանի բացումը կարող է տնտեսական նոր լիցք հաղորդել հայ-թուրքական սահմանամերձ բնակավայրերի աղքատ շրջաններին:

Դիվանագիտության պայքարը հայ-թուրքական սահմանի շուրջը

Հասկանալի է, որ թուրքական հայտնի դիվանագիտությունը այդպիսին չէր լինի, եթե չփորձեր սկսված եւ դեռ ոչինչ չորոշող բանակցություններից օգուտներ քաղել: Այս քաղաքականության մեջ նա երկու խնդիր ունիՙ նախ պետք է հնարավորինս հանգստացնի Ադրբեջանին, որի հետ ոչ միայն ցեղային-բնազդական կապերով է կապված, այլ նաեւ էներգետիկ լուրջ պայմանագրերով: Հասկանալի է, որ Անկարան փորձում է հարցն այնպես ներկայացնել, որ Բաքվում հնարավորինս քիչ նեղվեն եւ Ալիեւ կրտսերը իրեն չզգա, մեղմ ասած, «օգտագործված ու գցված»: Բացի դրանից, նրա համար պարզ է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ստեղծումը, առավել եւս միջազգային հզորների` Եվրոմիության եւ ԱՄՆ-ի ծափողջույնների ներքո, իր համար նշանակում է, որ ղարաբաղյան լուծում կոչվածը այլեւս անլուծելի է: Իսկ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության ակտիվացումը այս հարցում հուշում է, որ վերջիններիս դիվանագիտությունը սահմանների բացումով նոր քաղաքական պայմաններ է տեսնում Հարավային Կովկասում: Այսինքնՙ Հայաստանը կարող է հանդես գալ որպես էներգակիրների տարանցիկ երկիր, այլընտրանք Վրաստանին, եւ վերջապես Երեւանը կարող է դիտարկվել որպես Արեւմուտքի համար ազդեցության նոր տարածք, քանի որ սահմանի բացումը կարող է թուլացնել ռուսական մենաշնորհային ազդեցությունը Հայաստանի վրա: Ընդհանրապես Թուրքիայում լավ են հասկանում, որ ամերիկյան նոր վարչակազմում ձեւավորվում է Հարավային Կովկասի հանդեպ քաղաքականություն նոր շեշտադրումներով, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ նոր դերակատարումով եւ կարեւորվի Վաշինգտոնի համար:

Թուրքական դիվանագիտությունը այս բանակցային գործընթացով միաժամանակ փորձում է թե՛ թուրք-ամերիկյան եւ թե՛ Եվրոմիության հետ հարաբերություններում դիվիդենտներ շահել:

Միանշանակ է նաեւ, որ սահմանի բացման դեպքում Թուրքիան կորցնում է նորից փակելու հնարավորությունը: Եթե 1991-93-ը Անկարայի կողմից սահմանի հատուկենտ բացում-փակումները, տերությունների առանձնակի ուշադրությանը չէին արժանանում, ապա այսօր իրավիճակը լրիվ այլ է: Արեւմուտքի շահագրգռությունը սահմանի բացման կապակցությամբ ոչ միայն որոշակի դիվիդենտներ կբերի Թուրքիային, այլեւ կզրկի նրան ամեն պահի անպատիժ փակելու հնարավորությունից: Այսինքն, եթե Ադրբեջանի ճնշման տակ կամ որեւիցե երկրի կողմից Ցեղասպանության ճանաչման դեպքում Անկարան փորձի պատասխանել սահմանի փակմամբ, ապա անմիջապես կհայտնվի միջազգային սկանդալի կենտրոնում եւ նրա վրա կուժեղանան ճնշումները բոլոր կողմերից:

Քրդական գործոնը եւ սահմանների հարցը

Սա թերեւս հարցի ամենաչուսումնասիրված կողմն է, սակայն սահմանների բացման հետ կարեւորվում է նաեւ այս հարցը: Թուրքերին անհանգստություն պատճառող այս խնդիրը կապված է այն մտավախության հետ, որ հայկական տարրը անցնելով սահմանըՙ առաջին հերթին շփվելու է սահմանամերձ շրջանները բնակեցնող քրդերի հետ: Հայ-քրդական շփումները, որը սահմանամերձ մանր առեւտրից կարող են շատ արագ վերածվել, ասենք, լուրջ բիզնեսի, եւ հայ գործարարներին արդեն կարելի կլինի տեսնել Արեւմտյան Հայաստանի հիմնականում քրդերով բնակեցված շրջաններում: Հայերի հետագա մուտքը, ասենք, Վան, Դիարբեքիր, իսկ ապա նաեւ դեպի իրաքա-քրդական սահման, լուրջ անհանգստություն է պատճառում թուրքերին: Վերջիններս իրենց վերլուծություններում նշում են, որ հայ-քուրդ գործարար շփումները շատ արագ կարող են վերածվել հայ եւ քրդական տարբեր կազմակերպությունների միջեւ շփումների: Հայերը ակտիվ կապեր կհաստատեն քրդական քաղաքական շրջանակների, բացառված չէՙ նաեւ PKK-ի հետ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Ինչեւէ, հայերի հնարավոր ակտիվությունը Թուրքիայի արեւելյան` պատմական հայկական հողերում լուրջ անհանգստություն է պատճառում պաշտոնական Անկարային: Դա է նաեւ պատճառը, որ այսօր նույնիսկ իշխող կուսակցության շրջանակներում կան ուժեր, որոնք դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, համոզված, որ դա կարող է միայն վնասել Թուրքիային եւ հզորացնել Հայաստանին:

Ինչեւէ, նույնիսկ մակերեսային այս վերլուծության սահմաններում էլ պարզ է դառնում, որ հայ-թուրքական սահմանի բացումը վաղուց արդեն զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից վերածվել է տարածաշրջանային քաղաքականության մի նոր գործոնի, ինչի վրա իրենց ազդեցությունն են ուզում ունենալ շատ երկրներ: Սահմանի բացումը ոչ միայն էականորեն կփոխի քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, այլեւ կփոփոխի այն հավասարակշռությունը, որը վերջին 18 տարիներին գործում է: Եվ թուրքական կողմը հաշվի առնելով բոլոր մինուսներն եւ պլյուսները, հասկանում է, որ խաղի նոր կանոնների պայմաններում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ առավելությունների համեմատ բացերն ավելի շատ կլինեն, հետեւաբար ուղղակի վախենում է քաղաքական իրավիճակի փոփոխությունների դիմելուց ու սահմանները բացելուց: Մի բան պարզ է, Թուրքիայում չկա հստակ դիրքորոշում այս հարցում եւ եթե վերջինս, տարբեր հնարովի պատճառներով, հրաժարվի արմատական փոփոխություններ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, ապա սա նշանակում է, որ այդ երկրի վերնախավը մինչ օրս էլ տառապում է ցեղասպանի սինդրոմով եւ դրանից ազատվելու համար ոչինչ չի գտնում ավելի լավ, քան ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4