Սաակաշվիլին մեղադրում է ռուս օլիգարխներին ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ
Վրացական ընդդիմության համար, որ արդեն մի քանի օր դուրս է եկել հանրահավաքի, կարծես ընդհանրական չէ մոտեցումը, թե արդյոք հարկավոր է գնալ երկխոսության իշխանությունների հետ: Թերեւս միասնական լինելու ու ընդհանրական դիրքերից հանդես գալու խնդիրը միշտ էլ կմնա բոլոր այն իրավիճակներում, երբ մեկից ավելի մասնակից կա ուզածդ գործում, ամեն դեպքում, վրացական օրինակում դա կարծես միտում ունի հաստատվելու:
Երեկ արդեն ապրիլի 9-ին մեկնարկած բողոքի ակցիայի շարունակության նախապատրաստական աշխատանքները ընթանում էին, վրացական կայքէջերի փոխանցմամբ, իշխանությունների հետ երկխոսության գնալու երկակիությանը զուգահեռ: Լրատվամիջոցների ներկայացմամբ, տարբերություն է նկատվում անգամ երկխոսելու պատրաստակամություն հայտնող ընդդիմադիր լիդերների` իշխանություններին ներկայացնելիք պահանջների ցանկում:
Ինչեւէ, բողոքի ակցիային մասնակից ընդդիմադիր ուժերը երեկ հայտարարել են, որ ընդլայնում են հանրահավաքային աշխարհագրությունը: Այս առումով թերեւս առավել հետաքրքրական կլիներ այդ աշխարհագրության ընդգրկման մեջ պարզել, թե որտեղ, որ փուլում եւ ի՞նչ հավանական դերակատարում կարող են ունենալ այն տարածաշրջանները, որտեղ համապարփակ բնակվում են Վրաստանի ազգային փոքրամասնությունները, մասնավորապես, հայերն ու ադրբեջանցիները համապատասխանաբար Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում:
Վրաց ընդդիմության որոշ լիդերների` իշխանությունների հետ երկխոսության գնալու առումով թերեւս օգտակար է տեղեկանալ Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «վարդյա հեղափոխության» իրականացման ժամանակ հիմնական գործընկերներից մեկի` Նինո Բուրջանաձեի կարծիքին, որ այս պահի դրությամբ ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում. Միասնական Վրաստան» կուսակցության նախագահն է: «Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է երկխոսությունը նախագահի հետ... Ոչ, դա հնարավոր չէ», հայտարարել է Բուրջանաձեն իշխանությունների հետ երկխոսությանն իր հավանական մասնակցության առնչությամբ:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի մատուցմամբ, երկրի նախագահի հետ միայն մեկ հարց կա քննարկելու, ինչն էլ, Բուրջանաձեի պատկերացմամբ, ինքը չէր ցանկանա անել Սաակաշվիլու հետ, այն է` քննարկել, թե ինչպես պետք է հեռանա Վրաստանի նախագահը` ոչ ցավոտ եւ հնարավորինս արագ:
Ընդդիմության մեկ այլ առաջնորդ` Իրակլի Ալասանիան կարծես կողմ է երկխոսությանը, պարզաբանմամբ, որ իշխանությունների հետ հանդիպումը իմաստ ունի, ու թեեւ դրան չի հետեւի նախագահի հրաժարականը, այնուամենայնիվ, պետք է քննարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը:
Մյուս կողմից, իշխանությունները, կարծես, անտարբեր են երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի նկատմամբ, շարունակվում են պաշտոնական այցելությունները, ընթացքի մեջ են մյուս պետական ծրագրերը: Թեեւ այցելություններից մեկի պարագան հետաքրքրական է այն իմաստով, որ Վրաստանի վարչապետը հենց այս օրերին մեկնել է Միացյալ Նահանգներ:
Իսկ հենց Թբիլիսիում էլ իշխանությունները հերթական անգամ Ռուսաստանին մեղադրելու առիթ են գտել: Նախՙ Վրաստանի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Վրաստանի սահմաններին մոտ ռուսական զինուժի զորավարժությունների անցկացման առնչությամբ: Ավելին, երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Նյուզուիկ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե վրացական ընդդիմությանը ֆինանսավորում են ռուս օլիգարխները: Ընդ որում, Սաակաշվիլին նշել է, որ ունի իր մեղադրանքների փաստագրական ապացույցները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ