Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկամյակի կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում երկրի նախագահն անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացմանն ու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Նախագահի պարզաբանումները միանշանակ չեն ընդունել ՀՀԿ-ից Գագիկ Մինասյանն ու «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը: «Հայելի» ակումբում կայացած հանդիպմանը բանախոսները հրավիրվել էին բանավիճելու: Գագիկ Մինասյանը նկատում է, որ սահմանի բացման կապակցությամբ քաղաքական եւ տնտեսական շահը միակողմանի չի լինելու:
ԱԺ ֆինանսավարկային-բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ առաջնային խնդիրը երկու հարեւան պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Մնացած խնդիրները պետք է ստորադասվեն դրան: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ըստ Ստեփան Սաֆարյանի, առնչվում է շատ ավելի բարդ աշխարհաքաղաքական շահերի եւ գործընթացների: Սաֆարյանը Թուրքիայի «սիրախաղը» համարում է հետեւանք Եվրոմիության հետ հարաբերությունների վատթարացման եւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի: Սաֆարյանը նկատում է, որ այս պայմաններում առաջին հերթին պետք է առաջնորդվենք պետության կենսական շահերով եւ «ոչ թե մտածենք Արեւմուտքի կամ Հյուսիսի աչքին լավը երեւալու մասին»: «Ժառանգության» պատգամավորը խոստովանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներից եւ մեկնաբանություններից այն տպավորությունն է ստացել, թե քննություն ենք հանձնում երրորդ կողմի առջեւ, ցույց տալու, թե ով է ավելի կառուցողական, շահագրգռված սահմանի բացմամբ եւ հարաբերությունների կարգավորմամբ:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն այցինՙ Գագիկ Մինասյանը հավելեց, որ այցից սպասվող ակնկալիքները մեծ են: «ԻԻՀ-ի հետ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այս այցից ակնկալում եմ նորանոր ծրագրերի իրականացման համաձայնությունների ձեռքբերում, առաջին հերթին` Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ավտոմայրուղու, երկաթգծի շինարարության, նոր էներգակիրների մատակարարման եւ էլեկտրաէներգիայի դեպի ԻԻՀ արտահանման ծրագիրը, որտեղ, կարծում եմ, հնարավորությունները բարձր են:
Սաֆարյանի պնդմամբՙ այդ հարաբերությունները պետք է խորանան ողջամտության շրջանակներում: «Անհայտ է, թե ինչպես կավարտվեն ԻԻՀ եւ միջազգային հանրության խնդիրները, բայց, կարծում եմ, կարեւորագույն տարածաշրջանային հարցեր կկարողանանք իրականացնել ամերիկա-իրանական ձնհալի ժամանակ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ