«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ԿՁԵՎԱԿԵՐՊՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՅՈԹԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀՍՏԱԿ ՊԱՀԱՆՋ

ԵԽԽՎ-ն կրկին կքննարկի Հայաստանի հարցը, թեեւ օրակարգում դեռ դա չի երեւում

Գրեթե մեկ տարի առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր 2008-ի նստաշրջանի գարնանային հատվածում քննարկեց Հայաստանում փետրվարյան նախագահական ընտրություններից հետո մարտյան իրադարձությունների հետեւանքներն ու ընդունեց այդ առնչությամբ առաջին բանաձեւը` 1609, որին հետեւեցին եւս երկու բանաձեւ, որոնք ինչպես փաստում էին տեղի ունեցած ու արված փոփոխությունները, այնպես էլ ներկայացնում էին Հայաստանին առաջադրված պահանջները` մարտյան իրադարձությունների հետեւանքների շտկման ուղղությամբ:

Ապրիլի 27-30-ը ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ կանդրադառնա Հայաստանի կողմից 1643 բանաձեւի պահանջների կատարման առնչությամբ զեկույցին ու ընդհանրապես մարտյան իրադարձություններից հետո տեղի ունեցածի ներկայացմանը, չնայած դեռեւս երեկվա դրությամբ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված նստաշրջանային օրակարգի նախագծում չի նշվում, թե որ օրը տեղի կունենա այդ քննարկումը:

Դրա փոխարեն, նշենք, որ արդեն հստակ ներկայացված են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած պատերազմի եւ դրա հետեւանքների վերացմանն առնչվող 1648 եւ 1647 բանաձեւերի քննարկման օրակարգային ամսաթվերը:

Ինչեւէ, Եվրոպայի խորհուրդը ձմեռային նիստում չգնաց Հայաստանի պատվիրակությանը խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելու ճանապարհով, այլ նախընտրեց որոշ հանձնարարականներով ավելի ուշ ժամանակահատվածի տեղափոխել արդեն նոր հարցերի կատարման քննարկումը, մասնավորապես հիմնական շեշտադրումը թողնելով բանտարկյալներին առնչվող հարցերին:

Դրանցից առաջնային ու կարեւոր դարձավ Հայաստանի քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներում այնպիսի օրենսդրական փոփոխությունների կատարումը, որոնք հնարավորություն կտան ազատվելու այդ հոդվածների քաղաքական բաղկացուցիչներից ու խմբագրելու շահարկման առիթ դարձող օրենսդրական դրույթները:

Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն դեռեւս ձմեռային նիստում ներկայացրին, որ Հայաստան վերջին այցելության բոլոր հանդիպումներում ընդգծվել է քր. օր.-ի 225 եւ 300 հոդվածներով մտահոգությունը, եւ հավաստվել է իշխանությունների պատրաստակամությունը` ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում զբաղվելու այդ հոդվածների համապատասխան դրույթների փոփոխություններով: Այդ տրամաբանությամբ էլ 1643 բանաձեւով ձայնի իրավունքից զրկելու հարց չբարձրացվեց, այլ կարեւորվեց, որ երկու ամսվա ընթացքում կատարվեն համապատասխան փոփոխություններ ՀՀ քր. օր.-ի 225 եւ 300 հոդվածներում:

Այս տարի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից առաջ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն տարածած վերջին հայտարարությամբ ողջունել են Հայաստանի քր.օր.-ի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունները, որ արագ տեմպերով իրականացրեց Ազգային ժողովը:

Միեւնույն ժամանակ համազեկուցողներն ընդգծել էին, որ հաշվի են առնելու փոփոխված այդ հոդվածների կիրառումը, եւ հույս հայտնել, որ իշխանությունները, մասնավորապես` գլխավոր դատախազը, կընդունեն «Ազգային ժողովի ուղարկած ազդակը»:

Համաձայն հայտարարության, համազեկուցողները կրկին շեշտադրել էին. «Վեհաժողովը պահանջել է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնված բոլոր այն մարդկանց ազատ արձակումը, ովքեր անձամբ բռնության հանցանք չեն կատարել: Օրենսդրական բարեփոխումները Հայաստանին արդյունավետ մեխանիզմի հնարավորություն կտան` բավարարելու այդ պահանջը»:

Սահմանված կարգի համաձայն, մինչեւ ապրիլյան ԵԽԽՎ նիստը համազեկուցողները մոնիտորինգի հանձնաժողովին կրկին կզեկուցեն Հայաստանի կողմից 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի կատարման ընթացքի մասին` հատկապես կապված մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվող մարդկանց հետ: Հետաքրքրական է, որ օրենսդրական փոփոխություններին հետեւած «Յոթի գործի» «մասնատումը» կարող է դիտարկվել այդ բարեփոխումների տրամաբանության մեջ, թեեւ դա միանշանակ չի կարելի պնդել:

Մյուս կողմից, դեռեւս կատարման առումով գնահատման են սպասում 1609 եւ 1620 բանաձեւերում ամրագրված այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Հայաստանում լրատվամիջոցների եւ ազատ խոսքի իրավիճակին, հանրահավաքների անցկացմանը եւ մարտի 1-ի իրադարձությունների իրական մեղավորներին բացահայտելու եւ պատժելու խնդիրների լուծումները:

Ամեն դեպքում, առավել հավանական է, որ Հայաստանի կողմից այդ բանաձեւերի կատարումը հաստատապես չի լինի ու չի դիտարկվի այնպիսի անթերիության շրջանակներում, ինչը հնարավորություն կտա այլեւս որեւէ բանաձեւով որեւէ պարտավորության կատարման պահանջ չամրագրելու համար: Ավելի շուտ Եվրոպայի խորհուրդը խորհրդարանական վեհաժողովի մակարդակով եւս մեկ բանաձեւ կարող է ընդունել` ի հավաստումն որոշ դրական տեղաշարժերի եւ ի փաստումն նորորակ պահանջների:

Միայն թե, եթե նախորդ բանաձեւերի ընդունման ժամանակ արդեն հիմնական ուղենիշ դարձավ «Յոթի գործը», ապա ներկա դրությամբ դժվար է կանխատեսել, թե Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների փոփոխություններն ինչ դերակատարում կունենան ԵԽԽՎ կողմից 1643 բանաձեւի կատարումը գնահատելու համար:

Առավել հավանական է, որ մինչեւ ապրիլի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ նիստը արդեն իսկ մոնիտորինգի հանձնաժողովում հնչեցվելիք կարծիքներով հնարավոր կլինի եզրակացնել, թե Հայաստանի առնչությամբ ինչ ձեւակերպում կդառնա ԵԽԽՎ նիստի օրակարգային դրույթը, իսկ գուցե նաեւ մի նոր բանաձեւը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4