«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


«ԵՎՐՈՏԵՍԻԼԻ» ԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  «Ազգը» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ «Եվրոտեսիլ-2009» մրցույթին քվեարկության արդյունքներով Հայաստանը մայիսի 12-ին ներկայացնելու են Ինգա եւ Անուշ Արշակյանները: Էթնո-փոփ ոճով գրված «Նոր պար» երգի խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Վարդան Զադոյանը, կոմպոզիտորն է Մարի Հակոբյանը, գործիքավորումըՙ Արա Թորոսյանինն է: «Նոր պար» («Ջան, ջան») երգի ընտրության առնչությամբ «Ազգին» Անուշ Արշակյանն ասաց. «Եվրոտեսիլ» մրցույթը նման է ֆուրշետի, որտեղ մարդիկ հավաքվում են ուղղակի շփվելու համար եւ եթե ավանդական փախլավան տանենքՙ ամեն մեկը չի կարողանա մարսել, իսկ պարային համարով համեմված երգը ավելի մատչելի կլինի Եվրոպայի համար»:

Արշակյան քույրերը սովորել եւ ավարտել են Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (Անուշը) եւ ջութակի (Ինգան) բաժինները: Անուշը նաեւ սովորել է Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնում, իսկ Ինգան ուսմանը զուգահեռ աշխատել է Գ. Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում:

Ինգա եւ Անուշ Արշակյանները կարողացան մեր հնագույն երգերը ներկայացնել նորաոճ մշակումներովՙ փրկելով դրանք մոռացությունից: Սակայն վերջին մի քանի ամսում նրանք փոխեցին իրենց ոճը եւ հանդես են գալիս խառնաշփոթ` կես ջազ, կես ժողովրդական, կես ռոք ոճով եւ միանգամից հիասթափեցրին իրենց երկրպագուներին ու երաժշտասերներին: Հուսանք, որ մայիսի 12-ին երգչուհիները բեմ կելնեն ոչ այն անհասկանալի ծագման տարազներով, որոնցով ներկայանում են բավական հաջողված տեսահոլովակում, եւ չեն շփոթեցնի սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, որոնց ձայները մեծ դեր կարող են խաղալ:

  «Ազգը» խնդրեց ճանաչված երաժիշտների, երգարվեստում հայտնի անձանց կարծիք հայտնել Արշակյան քույրերի, «Եվրոտեսիլ» մրցույթի մասին:

  Դանիել Երաժիշտ . «Ճիշտն ասած ես իրենց արվեստին ծանոթ չեմ: Գիտեմ, որ մինչեւ էստրադայով տարվելը, հրաշալի ու հոյակապ երգում էին մեր ժողովրդական հին երգերը: Իսկ երբ սկսեցին տարվել էստրադայով, ավելի շուտ` արհեստածին, պատվերային մրցութային այդ խաղերով, արդեն իմ հետաքրքրությունը կորավ: Ափսոսում եմ, որ իրենց տարերքից դուրս եկան, նախորդ ոճը ինձ համար ավելի հոգեհարազատ էր ու կուզեի նրանց տեսնել իրենց տարերքում»: Իսկ իմ այն հարցին, թե Արշակյան քույրերը «Եվրոտեսիլ-2009» մրցույթում կհաղթե՞ն, Դանիել Երաժիշտը ասաց. «Գիտեք, «Եվրոտեսիլի» հաղթանակը ինձ համար պարտություն է: Դա բաբելոնյան մի խառնարան է, լեզուների խառնարան, եւ այդտեղ էլ առաջին տեղը գրավելը, կրկնում եմ պատիվ չի բերում: Եվ հետո այդ մրցույթում պայման են դնում, որ պիտի իրենց «նազով պարես», կաղապարված է նախապես: Ստեղծագործությունը պետք է լինի սրտաբուխ, ոչ թե...ոնց որ պատվերով երեխա ունենաս. ասենք կապույտ աչքեր, սեւ մազեր ունենա, մի քիչ նման լինի թուրքի, մի քիչ սեւամորթի, մի քիչ հայի, մի քիչ ռուսի: Երաժշտությունը սեր է, ոչ թե պատվեր կամ պայման»:

«Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանն ասաց. «Ինձ համարում եմ ժողովրդական, աշուղական երգի մասնագետ, չեմ կարող շատ լուրջ կարծիք հայտնել մի ժանրի մասին, որի մեջ իմացությունս սիրողական է: Բայց Անուշ եւ Ինգա Արշակյանների այս երգի մասին առաջին տպավորությունս լավ է, որովհետեւ ակնհայտ է մեր ազգային երգը, մեր ազգային, ժողովրդագրական ակունքների հենքը: Դա այն է, ինչ պետք է լինի «Եվրոտեսիլ» գնացող երգի մեջ: Իսկ մասնագիտական ներդաշնակությունների առումով ի՞նչ լուծումներ է արված, չեմ պատրաստվում այդ մասին շատ լուրջ կարծիք հայտնել: Արշակյան քույրերի երգարվեստը շատ բարձր եմ գնահատում, լավ արվեստագետներ են, ճաշակով, փնտրումներով ու ձեռքբերումներով: Սրտանց հաջողություն եմ մաղթում ի փառս մեր մշակույթի եւ մեր հայրենիքի»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4