Ապրիլի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Երաժշտական կամուրջ» խորագրով դասական երաժշտության համերգ: Ծրագրում ներառված «Անդրոմեդա», «Կրակոտ սիրտ» ստեղծագործությունները Երեւանում կատարվում էին առաջին անգամ: Հայկ Բոյաջյանի «Հայկական սյուիտ» եւ Ռուբեն Սադոյանի «Երեք խոսք Հայաստանի մասին» ստեղծագործությունները նույնպես հնչեցին առաջին անգամ: ԱՄՆ-ի առաջատար կին կոմպոզիտորներից Մերիլին Բլիսը եւ Էլիզաբեթ Բելը հայ ունկնդրին ներկայացրեցին վերջին շրջանի իրենց լավագույն ստեղծագործությունները: Մերիլին Բլիսն արդեն երկրորդ անգամ է գալիս Հայաստան համերգային ծրագրով: Ասում է տպավորված է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: Հասցրել է լինել Ծաղկաձորում, Դիլիջանում, Սեւանում: Մինչ «Ազգ»-ի հետ հանդիպելն այցելել էր Խոր Վիրապ ու Մատենադարան: Ասում է Հայաստանը փոքրիկ պետություն է մեծ սրտով: «Հիացած եմ ձեր բնությամբ, քաղաքներով, մշակույթով: Սիրահարվել եմ ձեր երկրին ու կարծում եմ, ամեն տարի կգամ Հայաստան, հայ երաժշտասերներին ներկայացնելու իմ ստեղծագործությունները: Նրանք չափազանց պահանջկոտ են, սակայն միաժամանակ զգացմունքային եւ շատ լավ են ընկալում մեղեդին», նկատում է Բլիսը:
«Նրա երաժշտական ստեղծագործություններում զգացվում է թարմության շունչը: Ինքնատիպություն կա հատկապես երաժշտական ըմբռնման մեջ: Չկա հասարակություն, պարզություն: Նրա գրելաոճը հասնում է բարձր կատարելության: Հիացած եմ նրա պրոֆեսիոնալ, կատարյալ ոճով», նկատում է կոմպոզիտոր Ռուբեն Սադոյանը: Բլիսի ստեղծագործություններից Սադոյանն առանձնացրեց հատկապես դաշնամուրի համար նախատեսված «Ֆանտազիաները», «Ռիմա» եւ «Հուցո սարը» ստեղծագործությունները: Վերոհիշյալ կոմպոզիտորների գործերը «Երաժշտական կամուրջ» համերգում կատարեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբըՙ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, վոկալ շարքը կատարեցին Գայանե Գեղամյանն ու Հայկ Մերիջյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկար 1. Մերիլին Բլիս