«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ԲԵԳԼԱՐՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

XIX դարի «Բժշկարան» ձեռագիրը բազում կյանքեր է փրկել Վանում, դեղ ու դարման է եղել վանեցիների ցավերին, իսկ 1915 թվականին, Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին, նրանց հետ անցել է գաղթի ճամփաներով ու Կարապետ Բեգլարյանի հոգածու ձեռքով հասել է Արեւելյան Հայաստան: Թե ի՞նչ մրրիկներ են անցել ձեռագրի գլխով, ի՞նչ հրաշքով է անվնաս մնացել, Կարապետ Բեգլարյանն այդ մասին երբեք ոչինչ չի պատմել հարազատներին, այլ լուռ ու խոնարհ փոխանցել է մարդկանց «Բժշկարանի» դեղագրերը, օգնել նրանց ազատվելու տարբեր հիվանդություններից: Հետո ընտրել է բժշկի մասնագիտությունը, դարձել է «Ջերմուկ» առողջարանի հիմնադիրներից մեկը, մինչեւ 1966 թվականը` առողջարանի գլխավոր բժիշկը, եղել է Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանի անձնական բժիշկը եւ ազգօգուտ շատ գործեր կատարել, որոնց համար եւ արժանացել է Հայաստանի վաստակավոր բժշկի կոչման:

Նրա փայփայած ու խնամքով պահած «Բժշկարանը» մասամբ վնասվել է միայն 1946-ի երեւանյան ջրհեղեղի ժամանակ, դրանից հետո նոր փորձությունների չի ենթարկվել: Իր մահից հետո ձեռագիրը դարձել է ընտանեկան սուրբ մասունք, որին գրեթե ձեռք չի դիպել, քանի որ որդին` Մանվել Բեգլարյանը դարձել է կոմպոզիտոր ու դիրիժոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, իսկ թոռը` Մհեր Բեգլարյանն ընտրել է բոլորովին այլ` տեխնիկական կրթություն, ուսանել նաեւ Գերմանիայում, որտեղ եւ լայն գործունեություն է ծավալում վերջին տարիներին:

Մհեր Բեգլարյանի հետ մեր հանդիպումը կայացավ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր նա այցելել էր անցած շաբաթ` «Բժշկարանը» նվիրաբերելու առիթով: Այդ որոշումն, իհարկե, միանձնյա չէր ընդունել, այլ ստացել էր ընտանիքի բոլոր անդամների` առաջին հերթին մոր համաձայնությունը, քանի որ հոր մահից հետո հենց նա էր դարձել ձեռագրի խնամակալը: Վերջին ամիսներին մայրն առողջական խնդիրներ էր ունեցել, եւ հենց այդ ժամանակ էլ առաջ էր եկել «Բժշկարանը» Մատենադարանին ի պահ տալու հարցը:

«Բժշկարանը» պատկանել է իմ պապի հորեղբորը կամ պապին, որը Վանում հեքիմ է եղել: Որքան ինձ հայտնի է, թարգմանվել է արաբերենից: Ցավոք, մեր ընտանիքում երբեւէ չի խոսվել ձեռագրի ճակատագրի մասին, ոչ ոք չի իմացել, թե ինչ արժեք է այն ներկայացնում բժշկագիտության համար: Ձեռագրի պատմության մասին որոշ մանրամասներ կարողացա պարզել մեր գերդաստանի արմատների մեջ խորանալուց հետո միայն: Պապս` Կարապետ Բեգլարյանն այն փրկել է 1915 թվականին իր հետ բերելով Վանից, քանի որ բժիշկ դառնալու մեծ ձգտում է ունեցել: Այդպես էլ եղել է` հասարակ կոշկակարից նա դարձել է հայտնի բժիշկ: «Բժշկարանի» դեղագրերով ժամանակին բուժել է հատկապես մալարիայով հիվանդներին: Մեր ընտանեկան գրադարանում այս ձեռագիրը հայտնաբերեցի հորս մահից հետո, բայց որոշ ժամանակ մի կողմ դրեցի, քանի որ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո` 1983-ին, մեկնեցի Գերմանիա Լայպցիգի տեխնիկական համալսարանում ուսանելու: Հետո վերադարձա Հայաստան եւ աշխատեցի «Զվարթնոց» տպարանում: Լինելով տպագրությանի մասնագետ, լավ էի հասկանում, որ տանը պահելով ձեռագիրը վտանգում ենք, որ պահպանության համար պետք են հատուկ պայմաններ, այլապես թուղթը ծերանում է, կորցնում իր հատկությունները, եւ այդպես կորչում է նաեւ ձեռագիրը: Ուրախ եմ, որ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու իմ գաղափարը հավանության արժանացավ մորսՙ Ժենյա Գրիգորյանի, եղբորս` Դավիթ Բեգլարյանի, կնոջս` Լուսինե Վարդումյանի, հորեղբորս` Սամվել Բեգլարյանի կողմից: Հուսով եմ, «Բժշկարանում» կգտնվեն այնպիսի դեղատոմսեր, որոնք պիտանի կլինեն աշխարհում անբուժելի համարվող մի շարք հիվանդությունները հաղթահարելու համար: Երբեք չեմ մտածել վաճառելու մասին, քանի որ ձեռագրերն ինձ համար անգնահատելի արժեքներ են, որոնց միակ հանգրվանը Մաշտոցի անվան Մատենադարանն է», ասաց Մհեր Բեգլարյանը:

Տոհմական «Բժշկարանը» նրա անունով գրանցվեց ձեռագրերի գանձարանում` 11164 թվահամարի տակ: Ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանի գնահատմամբ, այն ընդօրինակված է միջնադարյան մեծարժեք սկզբնաղբյուրներից:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ձեռագրի նվիրատվության ժամանակ ասաց. «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ այդ մեծարժեք նվիրատվության համար: Հավատացնում ենք, որ այն կդրվի գիտական լայն շրջանառության մեջ, իր նպաստը բերելով հայ միջնադարյան բժշկագիտության պատմության ուսումնասիրման գործին»:

Մհեր Բեգլարյանը հավատացած է, որ իր քայլին կհետեւեն բոլոր նրանք, ովքեր իրենց ընտանեկան գրադարաններում միջնադարյան ձեռագրեր են պահում: «Մատենադարանին նվիրաբերելով, փոքրիկ ծառայություն մատուցեցի մեր երկրին, ժողովրդին, քանի որ այդպիսի արժեքները ազգային ամենաթանկ հարստություններն են», ասաց Բեգլարյանը:

1991 թվականից նա բնակվում է Գերմանիայում, ուր հաստատվել է գերմանական համալսարաններից մեկում կառավարման ոլորտում մասնագիտանալուց հետո: Աշխատել է տարբեր ընկերություններում, 1998-ին բացել է իր մասնավոր ընկերությունը` թարգմանչական, դատաիրավական, տուրիզմի, ֆինանսական եւ այլ ծառայությունների գծով: 2003-ին եղել է տուրիզմի զարգացման գործակալության ղեկավար, իսկ 2008-ից մինչեւ այսօր արտաքին տնտեսական կապերի զարգացման խորհրդատու է: Նա եռանդուն գործունեություն է ծավալում հայ-գերմանական տնտեսական, գիտական ու մշակութային կապերը կամրջելու եւ հայ համայնքի կյանքը լիարժեք դարձնելու համար: Այժմ Հեսսենի հայկական մշակութային միության անդամ է, իսկ 1998-2008 թթ. եղել է այդ միության վարչության նախագահը: Ավագ դուստրը` Աստղիկ Բեգլարյանը, դաշնակահարուհի է, միջազգային եւ համագերմանական մրցույթների առաջին մրցանակակիր: Մյուս երկու դուստրերը դեռ սովորում են դպրոցում: «Մենք ապրում ենք Գերմանիայում եւ Հայաստանում, այլ կերպ չենք պատկերացնում մեր կյանքն ու գործունեությունը, քանի որ այսպես կարողանում ենք օգտակար լինեն թե՛ Հայաստանին, թե՛ Հեսսենի հայ համայնքին», ասաց Բեգլարյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նկար 1. Հրաչյա Թամրազյան, Մհեր Բեգլարյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4