Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, վերջին 5 տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ է նկատվում: Ըստ սրտաբան Սմբատ Ջամալյանի, «Սա լուրջ հարց է, քանի որ կան հիվանդություններ, որոնք շաղկապված են սրտային հիվանդությունների հետ: Հետեւաբար միայն մեկ մասնագիտական ճյուղի ուժերով հնարավոր չէ բուժում իրականացնել»: Նա նշել է, որ խուսափելու համար սրտանոթային հիվանդությունների տարածումից, խորհուրդ է տրվում առողջ ապրելակերպ վարել: Ըստ սրտաբանի` սրտանոթային հիվանդությունների աճին նպաստում են մի շարք գործոններ` ճարպակալում, ծխախոտի գործածություն, նստակյաց կյանք: Ըստ Ս. Ջամալյանի` Եվրոպայի «Սրտի ասոցիացիան» վերջերս հավաքագրել է իրեն անդամակցող 151 երկրների տվյալները եւ վերլուծություն իրականացրել: Ըստ դրա` այս հիվանդություններից գրանցված մահվան ցուցանիշով Հայաստանը վերոհիշյալ երկրների թվում զբաղեցնում է 45-րդ տեղը: Սակայն, նրա խոսքով, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համեմատած` այս առումով հանրապետությունը բավականին լավ վիճակում է: