«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2009-04-10 | #65, 2009-04-11 | #66, 2009-04-14


ՎԵՐՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԵՑ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ

Բուխարեստում վերջնագիծը հատեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկած 10 ծանրորդներից չորսը տուն վերադարձան մեդալներով: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Առաքել Միրզոյանը` փոքր ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճելով առանձին վարժություններում: Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ) դարձան Եվրոպայի փոխչեմպիոնուհիներ` մեկական արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճելով առանձին վարժություններում: Մինչեւ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանն էլ արծաթե մեդալակիր դարձավ հրում վարժությունում:

Բուխարեստում մրցահարթակ դուրս եկած հայ մարզիկներից վերջինը պարգեւների արժանացավ Հռիփսիմե Խուրշուդյանը: Անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր Հռիփսիմեի համար: Եվրոպայի նախորդ առաջնությունում Խուրշուդյանը ձախողվել էր` 0 ստանալով պոկում վարժությունում: Իսկ ահա հրումում 141 կգ-ով արժանացել էր փոքր ոսկե մեդալի: Այս անգամ էլ Հռիփսիմեի գլխավոր մրցակցուհին Եվրոպայի ներկայիս չեմպիոնուհի, ռուսաստանցի Նատալյա Զաբոլոտնայան էր: Բայց ցավոք Խուրշուդյանն ի վիճակի չեղավ ոսկե մեդալի համար լրջորեն մրցակցել նրա հետ: Պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 111 եւ 116 կգ ծանրությունները, Հռիփսիմեն ձախողեց 3-րդ փորձը` չկարողանալով գլխավերեւում պահել 120 կգ-անոց ծանրաձողը: Այդ քաշը ենթարկվեց Նատալյա Զաբոլոտնայային եւ իսպանացի Լիդիա Վալենտինին: Ավելի թեթեւ անձնական քաշի շնորհիվ Զաբոլոտնայային բաժին հասավ ոսկե մեդալը: Հռիփսիմեն բավարարվեց բրոնզե պարգեւով:

Սովորաբար Խուրշուդյանն ավելի ուժեղ է հրում վարժությունում: Առաջին փորձից հաղթահարելով 137 կգ-ը, նա հաջորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 145 կգ-ը, որը ենթարկվեց Զաբոլոտնայային: Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար Խուրշուդյանը ստիպված էր 150 կգ պատվիրել, սակայն նա անզոր էր այդ քաշը բարձրացնել: Այսպիսով, երկամարտի 253 կգ (116+137) արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի, փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Իսկ ոսկե մեդալին արժանացավ Նատալյա Զաբոլոտնայան` 265 կգ (120+145): Բրոնզե մեդալակիրը իսպանացի Լիդիա Վալենտինն էր` 252 կգ (120+132):

Տղամարդկանց մրցաշարում սպասելիքները մեծ էին գերծանրքաշային 19-ամյա ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանից, որն իրեն երիտասարդական մրցումներում արդեն դրսեւորել էր: Ցավոք, սպասելիքները չարդարացան: Պոկում վարժությունում նա միայն առաջին մոտեցումը հաջող կատարեց` բարձրացնելով 187 կգ: 192 կգ-ը բարձրացնելու նրա երկու փորձերն էլ անհաջող էին: Բացի այդ, նա վնասվածք ստացավ ու այլեւս մրցահարթակ դուրս չեկավ:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ուկրաինացի Իգոր Շիմեչկոն` 433 կգ (203+230): Արծաթե մրցանակակիր դարձավ Գերմանիան ներկայացնող Ալմիր Վելագիչը` 418 կգ (190+228): 3-րդ տեղը նույնպիսի արդյունքով գրավեց ռուսաստանցի Եվգենի Պիսարեւը:

Մինչեւ 105 կգ քաշային կարգում Արթուր Բաբայանը երկամարտի 382 կգ (175+207) արդյունքով 15 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Վլադիմիր Սմորչկովը` 411 կգ (190+221): Արծաթե մրցանակակիրը ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտիյն էր` 405 կգ (181+224): Բրոնզե մեդալը նվաճեց լիտվացի Ռամունաս Վիշնյաուսկասը` 405 կգ (182+223): Քաշային այդ կարգում հանդես եկավ նաեւ Հունաստանը ներկայացնող Գրիգոր Սաթյանը: 24-ամյա ծանրորդը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով գրավեց 11-րդ տեղը:

Մինչեւ 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված չէր: Չեմպիոն դարձավ գերմանացի Յուրգեն Շպիբը` 390 կգ (178+212): Բրոնզե մեդալակիրը ռուսաստանցի Անդրեյ Դեմանովն է` 380 կգ (170+210):

Կանանց գերծանր քաշային կարգում իր հավասարը չուներ ռուսաստանցի Տատյանա Կաշիրովան` 280 կգ (125+155): 2-րդ տեղը գրաված նրա հայրենակցուհի Նատալյա Գագարինան հաղթողից հետ մնաց 27 կգ-ով: Բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինուհի Յուլիա Դովգալը` 252 կգ (111+141):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4