Հայտարարել է Թուրքիայի նախագահըՙ նկատի ունենալով Հայաստանի հետ ծավալվող քննարկումները
Հայ-թուրքական սահմանի բացման խնդիրն անխնա շահարկվում է նաեւ Թուրքիայում: Այն աստիճանի, որ ապրիլի 14-ին Անկարայի օդանավակայանում թուրք լրագրողները մի կողմ թողած Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցը Բահրեյն, նրան հարցնում են. «Ո՞ր փուլում են Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քննարկումները»:
Ահա թե ինչ է պատասխանում նախագահ Գյուլըՙ նկատի ունենալով հարավօսական պատերազմը. «Այս ամենը սկսվեց անցած տարի, երբ Կովկասում տեղի ունեցան մեծ իրադարձություններ: Ելնելով դրանցից, Թուրքիան առաջ քաշեց «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» գաղափարը: Կովկասում սառեցված խնդիրները կարող են կտրուկ տաքանալ: Այս խնդիրները սառը դատողությամբ քննարկել եւ լուծել է պետք: Թուրքիան ձգտում է սառեցված խնդիրների կարգավորմանը: Հետեւաբար Հայաստանի հետ առկա խնդիրները քննարկելիս միաժամանակ ջանք է գործադրում, որ ապահովի Ադրբեջան-Հայաստան վեճի կարգավորումը: Տարածաշրջանում կատարվում են աննախադեպ մեծությամբ տեղաշարժեր: Թուրքիան ձգտում է անդորրի, կայունության եւ նորմալացման ապահովմանը Կովկասի ողջ տարածքում: Այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Յուրաքանչյուր քայլի մասին հեռուստաէկրանից բացեիբաց հայտարարելը անհարիր է դիվանագիտության նորմերին: Դա հաջողության չի հանգեցնի: Համոզված եմ, բոլորն ըմբռնումով կմոտենան: Թուրքիայի նպատակներն ակնհայտ են: Հարգարժան վարչապետը բազմիցս արտահայտվել է այդ մասին, արտգործնախարարությունըՙ նմանապես, ես էլ ամենայն անկեղծությամբ պատասխանում եմ ձեր հարցերին»:
Հ. Չ.