Երեւանում սկսվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: Այս կազմակերպությանը անդամակցող երկրների արտգործնախարարները երեկվանից արդեն ժամանում են Երեւան: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը: Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: Նիստի ժամանակ ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից պետք է փոխանցվի Ադրբեջանին: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի ժամանման մասին դեռեւս նորություն չկա, այս մասին «Ազգին» հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ՍԾՏՀ-ին անդամակցում են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Թուրքիան եւ Ուկրաինան: