Թբիլիսի կարող են տեղափոխվել բողոքի ակցիաներին մասնակցել ցանկացողները Վրաստանի այլ տեղերից
Ապրիլի 21-ից հետո վրաց ընդդիմության հանրահավաքի դուրս եկած առաջնորդները պատրաստվում են արշավ սկսել նաեւ Վրաստանի տարածաշրջաններում` համախմբելու իրենց աջակիցներին: Civili.ge վրացական կայքէջի հաղորդմամբ, ցույցի դուրս եկած ընդդիմադիր բոլոր ուժերի անունից հայտարարության մեջ նշվում է, որ բողոքի ակցիաներ կկազմակերպվեն Վրաստանի տարբեր քաղաքներում, իսկ ցանկացողներին ընդդիմությունը կտեղափոխի Թբիլիսի` մասնակցելու սկսված շարժմանը:
Մինչդեռ երեկվա դրությամբ արդեն 7-րդ օրը Թբիլիսի փողոցներում տարբեր կառավարական շենքերի առաջ իրենց դժգոհությունն ու պահանջները արտահայտող ընդդիմության ակտիվիստները վրաններում են տեղավորվել ինչպես Վրաստանի նախագահական նստավայրի, այնպես էլ հանրային հեռուստատեսության առաջ:
Այդ ամենը կարծես չի անցնում առանց միջադեպերի: Ու չնայած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե այդ բողոքի ակցիաներն էլ Վրաստանն են ու ապացույց են երկրի ժողովրդավարական ընթացքի, վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախորդ գիշեր բռնություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, ապրիլի 14-ի գիշերը անհայտ անձինք հարձակվել ու ծեծել են ընդդիմության երեք ակտիվիստների Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող նախագահական նստավայրից ոչ հեռու: Վրացական հեռուստաընկերությունները հայտարարել են, թե ակտիվիստներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդ գիշեր հարձակման է ենթարկվել նաեւ «Կոկա-կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրեն Վախթանգ Լաղիձեին, որ մասնակցում էր ընդդիմության բողոքի ակցիաներին: Նրա կնոջ խոսքերով, ապրիլի 14-ի երեկոյան Լաղիձեն հանրահավաքից վերադառնալիս չի հասել իր բնակարան, նրան դաժան ծեծի են ենթարկել, խլել մեքենան:
Նույն ժամանակահատվածում, ընդդիմության կողմնակից, երգիչ Զուրաբ Մանջավիձեի խոսքերով, Ռուսթավելու պողոտայից ոչ հեռու նրա եւ երկու եղբայրների վրա հարձակվել են անծանոթներ պետական համարանիշներով մեքենաներից ու ծեծի ենթարկել:
Թերեւս այն, ինչ փոխանցում են վրացական լրատվամիջոցները, առավելապես օպերատիվության թելադրանքով կարող է չստուգված տեղեկություններ պարունակել: Բայց բազմաթիվ դեպքեր են նշվում, երբ հանրահավաքների մասնակիցները ծեծի են ենթարկվել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ այդ բոլոր միջադեպերն ուսումնասիրվում են, եւ հաստատվելու դեպքում հարուցվում են քրեական գործեր:
Ամեն դեպքում, առավել հետաքրքրական են այն հայտարարությունները, որոնք արվում են վրացական իշխանություններին տարբեր մեղադրանքներով «մերկացնելու» առնչությամբ: Մասնավորապես, վրացական ընդդիմության լիդերները տարբեր առիթներով հիշատակում են, թե ընդդիմության ակցիային կարող է մասնակից դառնալ նաեւ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, իր ժամանակին Սաակաշվիլու անբաժան թիմակից Իրակլի Օկրուաշվիլին, որը երկրի նախագահին մեղադրող հայտարարություններից հետո փախավ Ֆրանսիա, որտեղ ստացավ ապաստան:
Ներկա դրությամբ, բոլոր այլ հանգամանքները հաշվի առնելով հանդերձ, վրաց եկեղեցու հանդեպ իրենց ակնածալի վերաբերմունքը եւս մեկ անգամ փաստելով, վրաց ընդդիմադիր առաջնորդները որոշել են սպասվող եկեղեցական տոների ժամանակ պակաս ակտիվությամբ հանդես գալ, դրա համար էլ որոշվել է ակցիաներն ավելի լայնամասշտաբ տարբերակով վերսկսել ապրիլի 21-ից հետո:
Ու թեեւ նախագահական նստավայրի ու հանրային հեռուստաընկերության շենքերի հարեւանությամբ արդեն վրաններ են ամրացվում, Վրաստանի նախագահը կարծես անհաղորդ է մնում կատարվող իրադարձություններին` կառչելով երկխոսության հնարավորությունից, միեւնույն ժամանակ մերժելով իր հրաժարականի հավանականությունն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ