«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


ՊՐԱՀՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ «ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մայիսի 7-ին Պրահայում տեղի կունենա նախկին խորհրդային երկրներից 6-ի` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի ղեկավարների հավաքը` Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկի առնչությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան վերջին այցելությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արված առաջարկների ֆոնին ամենայն հավանականությամբ հենց պրահյան այս գագաթաժողովի շրջանակներում էլ տեղի կունենա ղարաբաղյան հարցի կարգավորման առնչությամբ երկու երկրների նախագահների հանդիպումը:

Թերեւս որոշակի տարբեր իրավիճակի հավանականություն կարելի է ակնկալել այս հանդիպումից այն տրամաբանությամբ, որ մինչեւ մայիսի 7-ը Ադրբեջանի, ապա նաեւ Հայաստանի նախագահները կայցելեն Մոսկվա: Ադրբեջանական կողմից հստակ է, որ մոտ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կլինի Մոսկվայում:

«Ազգի» հարցին ի պատասխան Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցում նախագահների հանդիպման պայմանավորվածություն ձեռք է բերվել, սակայն այլ մանրամասներ Ֆարմանյանը չհաղորդեց: Ամեն դեպքում, թերեւս ավելի հավանական է, որ մինչեւ մայիսի 7-ը Սերժ Սարգսյանը եւս կայցելի Մոսկվա, ու դժվար թե այդ այցելության, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի այցի ընթացքում նախագահները չանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին ու բանակցային գործընթացին:

Ենթադրելի է նաեւ, որ այս թեմատիկայից դուրս չի մնա նաեւ հայ-թուրքական սահմանի բացման առարկան, որ այդքան հաճախակի ու ինտենսիվ քննարկման նյութ է դարձել գրեթե բոլոր մակարդակներում: Այդ մասին ասվում ու նշվում է հավանական ու անհավանական բոլոր կանխատեսումներում, իսկ այդ սահմանի բացման-չբացման մասին ենթադրություններն ուղղակի անսահմանափակ վարկածների տեղիք են տվել:

Դրանցից մեկի համաձայն էլ հնարավոր է, որ այդ սահմանի փակ մնալը ավելի անորոշ դարձնի ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարը: Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը «կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն», մնում է հուսալ, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի առաջիկա հանդիպումը կարող է ածանցյալ կարգով ազդել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատման վրա:

Իսկ որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պրահյան այս հնարավոր հանդիպումը առանձնակի ոչինչ չի փոխի, թերեւս զարմանալի չի լինի:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4