Ավստրալացի սենատոր Ալան Ֆերգյուսոնը ներողություն է խնդրել հայոց եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները «վիճարկելու» համար: Դաշնային խորհրդարանի վերին պալատին ներկայացված զեկուցման մեջ սենատոր Ֆերգյուսոնը հայոց եւ հույների ցեղասպանությունների փաստը հարցականի տակ է դրել` նշելով, որ այսօր դրանք «չեն կարող ճշգրիտ ձեւակերպվել»: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, հունական եւ ասորական համայնքների առաջնորդները ներկայացրել են փաստարկված ակադեմիական նյութ Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ պահանջել սենատոր Ֆերգյուսոնից` ներողություն խնդրել մարդկության դեմ գործած այս ոճիրները կասկածի տակ դնելու համար: Սենատոր Ֆերգյուսոնն ավելի ուշ վերանայել է իր դիրքորոշումը եւ նամակով ներողություն խնդրել` նշելով, որ խորապես ցավում է, քանի որ երբեք մտադիր չի եղել, իր խոսքերով, դժբախտության պատճառ դառնալ, հաղորդում է «Նոյյան տապանը»: