«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


ՏԱՔՍԻ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադարձավ նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարականներին, որոնք առնչվում էին մայրաքաղաքում տաքսիների կայանատեղերի եւ զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնելու հարցերին:

Փոխքաղաքապետը հայտնեց, որ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է ներկայացնել առաջարկներ սահմանված տեղերում տաքսի ծառայությունների կայանատեղեր առանձնացնելու մասին: Այդ տարածքները պետք է նշագծվեն եւ տրամադրվեն այդ տաքսի ծառայություններին: Այդ աշխատանքները պետք է իրականացնեն քաղաքապետարանը եւ ճանապարհային ոստիկանությունը:

Քաղաքապետի հաջորդ հանձնարարականը եղել է մայրաքաղաքը զբոսաշրջության համար առավել արդյունավետ ներկայացնելու միջոցառումների մասին: Խոսքը ոչ արդյունավետ գովազդից հրաժարվելու, եռալեզու ցուցանակների տեղադրման, պատմական արժեք ներկայացնող շենքերի եւ այլ կառույցների պահպանման եւ մատուցման ձեւերի մասին է: Կամո Արեյանը հայտնեց, որ Գագիկ Բեգլարյանը մասնավորապես անդրադարձել է Երեւան քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող Կարմիր Բլուր, Էրեբունի եւ Շենգավիթ բնակավայր հուշարձաններին: Հանձնարարվել է մաքրել, բարեկարգել, իրավաբանորեն սահամանազատել այս հուշարձանների տարածքները եւ բերել հարիր վիճակի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4