Հայաստանում բերքի ցրտահարման հնարավորության մասին լրագրողների հարցին պատասխանելով, երեկ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտնեց, որ Արարատյան դաշտում ջերմաստիճանը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը չի իջել +1 աստիճանից: 1 շաբաթ առաջ 0-ից -1 աստիճան է 1-2 ժամով նկատվել Արմավիրում, որը նույնպես բերքի վրա վնասակար ազդեցություն չէր կարող թողնել: Միաժամանակ, փոխնախարարը տեղեկացրեց, որ Տավուշի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում ջերմաստիճանը եղել է -4-ից -10 աստիճանի սահմաններում: Այդ մարզերում բերքին հասցված վնասը ճշտելու նպատակով ուսումնասիրություններ են անցկացվում: Սամվել Գալստյանը նշեց, որ այդ մարզերում տուժած կլինեն հիմնականում կորիզավոր մրգատեսակները:
Մեկ այլ հարց առնչվում էր Հայաստանից Վրաստան կարտոֆիլի ներմուծման արգելքին: Այս կապակցությամբ գյուղատնտեսության փոխնախարարը հայտնեց, որ Վրաստանը դա պատճառաբանում է, թե հայտնաբերվել է կարտոֆիլի ցեց: Սակայն Սամվել Գալստյանը հավաստիացրեց, որ նման հիվանդություն հայկական կարտոֆիլը չունի, եւ ավելացրեց, որ բանակցություններն այդ հարցով վրացական կողմի հետ շարունակվում են:
Գյուղատնտեսության փոխնախարարը երեկ պատասխանեց Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքների ներմուծման մասին հարցին, ասելով, որ Հայաստան չի ներկրվել եւ չի ներկրվի ԳՄՕ ունեցող սերմանյութ:
Ա. Մ.