Թուրքիայի մշակույթի նախարար Էրթունղլու Գյունայը նախօրեին Hurriyet-ի էջերում հույս է հայտնել, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է համագործակցեն հինավուրց Անի քաղաքը վերակառուցելու հարցում: Հույսն այս բավականաչափ հիմքեր ունի իրականանալու, քանի որ դեռեւս 2007 թվականին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման կապակցությամբ Թուրքիայում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը առաջարկել էր Անին վերականգնելու Թուրքիայի կառավարության 5-ամյա ծրագրին հայ մասնագետների մասնակցությունը: Առաջարկը գործնական ու ընդունելի էր համարել Թուրքիայի այն ժամանակվա մշակույթի նախարար Աթիլլա Քոչը, ով նաեւ նպատակահարմար էր համարել 2008 թվականի հոկտեմբերին հայաստանցի կոլեգայի հետ հանդիպումը:
«Թուրքիայի մշակույթի նախարարն ըստ էության թարմացնում է հարցն իր այդ հայտարարությամբ: Հարցը շատ ավելի վաղ ինքներս ենք առաջադրել: Սակայն Թուրքիայում տեղի ունեցան նախագահական, խորհրդարանական ընտրություններ, եւ հավանաբար դա էլ նպաստեց առ այսօր որեւէ գործնական պատասխանի բացակայությանը: Անպատասխան մնաց նաեւ Հայաստանի մշակույթի նախարարի նամակը հայ մասնագետների մասնակցությամբ Անիի վերականգնման ծրագիրը իրականացնելու մասին», «Ազգի» հետ զրույցում պարզաբանեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նա նաեւ փաստեց, որ Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման ընթացքում թուրքական կողմն էլ է գիտակցել հայ մասնագետների խորհրդատվական մասնակցության շահեկանությունը. «Մենք անմիջապես հայտնել ենք մեր դժգոհությունները Սուրբ Խաչի վերականգնման ընթացքում տեղ գտած թերացումների եւ վերականգնման միջազգային նորմատիվներից հեռանալու առնչությամբ, սակայն կարող եմ պնդել, որ հայ մասնագետների մասնակցությունը նախագծի քննարկմանը եւ թուրք մասնագետների 10 հարցերին պատասխանելու շնորհիվ քիչ թե շատ արդյունավետ համագործակցություն ձեւավորվեց»:
Անիի վերականգնման հարցում համագործակցության համաձայնությունը ՀՀ մշակույթի փոխնախարարը հայկական կողմից իրավամբ դեռեւս երկու տարի առաջ փաստված համարեց եւ կրկին ընդգծեց դրա շահեկանությունը. «2007 թվականին Ախթամարից վերադարձի ճանապարհին Աթիլլա Քոչի հետ եղանք Անիում եւ ականատես եղանք իրականացված վերանորոգման աշխատանքներինՙ Պարոնի պալատը, Մանուչեի մզկիթը (նախկինում Անիի մաքսատուն) եւ մի փողոց, որոնց բոլորի առնչությամբ էլ դժգոհություններ ունենք. վերականգնման միջազգային նորմերին հավատարիմ չեն մնացել»:
Մինչդեռ Հայաստանում առկա տվյալներըՙ դեռեւս 1895-1896 թվականներին Նիկողայոս Մառի եւ Թորոս Թորամանյանի իրականացրած պեղումների արդյունքները կարող են զերծ պահել թուրքական կողմին նույն տարածքների կրկնակի պեղումներից, միաժամանակ մանրակրկիտ ուսումնասիրություններից ու գրառումներից օգտվելու հնարավորություն կընձեռեն: Հայաստանը կկարողանա նաեւ Կայսերական ակադեմիայի պատվերով իրականացված եւ Նիկողայոս Մառիՙ Սանկտ Պետերբուրգում պահվող ուսումնասիրությունները հասու դարձնել թուրք մասնագետներին:
«Հայ մասնագետների մասնակցությունը Անիի վերականգնման ծրագրի իրականացմանը կարող էր օգնել ոչ միայն տեղեկատվական իմաստով, այլեւ պատմական, շինարարական ավանդույթները պահպանելու եւ վերականգնման միջազգային նորմերին համապատասխան գործելու հարցում», փաստեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:
Այնուամենայնիվ, հայկական կողմի համար Անին համատեղ վերականգնելու հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում դիտարկելը Թուրքիայի մշակույթի նախարարի կողմից որոշակի պարտադրանք ներկայացնելու կամ միջազգային հանրությանը համագործակցելու սեփական «պատրաստակամությունը» ցուցադրելու փորձ է:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ