Հիշողության մտավորականացում կոչված շարժմանն են թերեւս ենթարկվում պատմական անցյալի մեր վերաբերմունքային նաեւ գեղարվեստական դրսեւորումները: Իսկ պատմությունը ապրում է այնքան, որքան դրա մասին հիշողությունն է ապրում: Մեր ազգային պատմության ամենաեղերական էջը մոտենում է իր մեկդարյա սահմանին. այն մշտարթուն պահելու ճիգը սերունդների պարտքն է: Սակայն որպես համամարդկային ողբերգություն, բնականաբար, առաջադեմ մարդկության աչալուրջ հայացքի արթուն հսկողության տակ է նաեւ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական Գերմանիայում հրեական ցեղասպանությունը ՄԱԿ-ի` 1948-ի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման շարժառիթն էր: Հրեական հոլոքոսթին ընդամենը երեք տասնամյակ առաջ, սակայն, նախորդել էր Հայոց ցեղասպանությունը: 1915-ի ապրիլը մեր պատմական կենսագրականում գրեց ամենասեւ էջը` դառնալով այդ հիշողության ամենասեւեռուն կետը. ապրիլի 24-ը հռչակվեց ոգեկոչման օր, իսկ տասնամյակների հետեղեռնյան սերունդների` ցեղասպանության ճանաչման շարժումը դարձավ մեր համազգային հիմնախնդրի էությունը: Այդ շարժումը ներառում է նաեւ գեղարվեստական տարբեր արտահայտություններ, որոնք, թերեւս պատմական ուսումնասիրություններից ճանաչման այդ գործընթացների համար ունենում են ավելի ազդեցիկ նշանակություն` hանրայնացնելու առումով:
«Ապրիլի 24». այսպես է կոչվում Էդուարդաս Մեժելայտիսի «Լա մինոր» բանաստեղծության տեքստով Դանիել Երաժշտի հեղինակած երգը` նվիրված ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 60-ամյակին: Երգը գրված է ձայնի եւ կամերային անսամբլի համար: Երգի առաջին կատարողը` Գեւորգ Հաճյանը ծնունդով այնճարեցի, սերված մուսալեռցի ծնողներից, ապրումի մեծ լարումով ու զգացողությամբ է ներկայացնում այն: Տարիներ առաջ նա տեղափոխվեց Հայաստան եւ այժմ Դանիել Երաժիշտի ղեկավարած «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի մենակատարն է:
Երեւանի պետկոնսերվատորիայի հրատարակչությունը երգը հրապարակայնացնելու լավագույն տարբերակով` գրքույկի տեսքով է այն ներկայացրել, որն ամփոփում է Մեժելայտիսի բանաստեղծության` զուգադիր` հայերեն եւ լատինատառ տեքստերը եւ դրա նոտագրությունը` գրված ձայնի եւ կամերային նվագախմբի համար, ինչպես նաեւՙ ձայնի եւ դաշնամուրի նվագակցության: Գրքույկին կցված CD-ում երգի` Գեւորգ Հաճյանի կատարումն է, «Շարականի» նվագակցությամբ, շապիկին` ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` Հայոց ցեղասպանությանը նվիրված գործերից: Այս փոքրիկ հրատարակությունը տեղեկություններ է տալիս նաեւ անսամբլի գեղ. ղեկավարի` Դանիել Երաժշտի եւ մեներգչի` Գեւորգ Հաճյանի կենսագրությունների մասին: Դանիել Երաժշտի նախաբանային խոսքում հեղինակը անդրադառնում է հայ եւ օտար հեղինակների մի քանի ստեղծագործությունների, վկայակոչում Շիրազին, Դաշտենցին, Սեւակին, Ֆր. Վերֆելին, նրա հայտնի «Մուսա լեռան 40 օրը» վեպը եւ այդ թեմայով չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյի գրած համանուն օպերան, Յոհաննես Լեփսիուսի հուշագրությունների հիման վրա` Թոմաս Բուխհոլցի ստեղծած «Ողբք Հայաստանի» կանտատը, Օսիպ Մանդելշտամի Հայաստանին նվիրված բանաստեղծությունները եւ այս թեմայով հոլանդացի նկարիչ Սիթսե Բակկերի գրաֆիկական շարքը, ինչպես եւ հայ ժողովրդի ու նրա մշակույթի լավագույն բարեկամներից լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսին: Նրա «Քարե գինի» ժողովածուում Հայաստանը ներկայանում է լավագույն գույներով, իբրեւ «մարդկության օրրան»: Ժողովածուի «Լա մինոր» բանաստեղծությունը մարդկության պատմության ամենաողբերգական եղելություններից մեկի` 1915-ի Հայոց ցեղասպանության արձագանքն է` օտար մի հայացքի, որտեղ վիշտը, ցավի ապրումը միեւնույն լա-մինոր տոնայնությամբ է, ինչ մեզանում: 10 տողի մեջ հոգու նույն տառապանքը, նույն զգայուն նոտան է:
Երգը, ըստ Դ. Երաժշտի, կարելի է դասել օրորոցայինների շարքին, ինչպես հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օրերին ստեղծված «Խանասորի արշավանքը», «Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին» եւ այլն: Երգի առաջին հանրային հնչումը` Գ. Հաճյանի կատարմամբ (դաշնակահար` Ռուզան Հովսեփյան) եղել է 2009-ի ապրիլի 1-ին, Այնթապի ինքնապաշտպանության հերոսամարտին նվիրված ավանդական հանդիսությանը: Պրեմիերան կատարվել է «Վէմ» եւ «Ազատություն» ռադիոկայաններով:
«Երգի մեջ կարծես ներկա է երկու իրականություն, մեկը` բանաստեղծական ողբն է, մյուսը հուշարձանի խորքից հնչող «Սուրբ-սուրբն է», որը հավերժական կրակի հետ վերընձյուղվում եւ որպես աղոթք է հնչում` անմեղ զոհերի հիշատակին: Ունկնդրումը զուգահեռ իրականությունների միաժամանակյա զգացողություն է առաջացնում, անցյալը եւ ներկան միաժամանակ են տրված, ինչն արվեստում հնարավոր է: Ինչպես բանաստեղծական տեքստում հեղինակն է դատապարտում ցեղասպանությունը, նմանապես երաժշտության մեջ սգո քայլերգը վերածվում է հաղթականի, վստահություն ներշնչում, որ ջութակի լա մինորը կվերափոխվի ցնծագին հաղթական լա մաժորի` խորհրդանշելով խավարից դեպի լույս տանող ճանապարհը»:
«Երգը ունի ե՛ւ թախիծ, ե՛ւ պոռթկում: Ինչպես Ռ. Շումանն է Շոպենի մազուրկաների մասին ասելՙ ծաղիկների հետեւում թաքնված թնդանոթներ, այնպես էլ Մեժելայտիսի բանաստեղծության մեջ նույն թնդանոթներ են` սպիտակ վարդերով քողարկված:
Քաղաքագետները, դիվանագետները հետ են մնացել, մտավորականներն ավելի ազնիվ գտնվեցինՙ ճանաչելով մեր ցեղասպանությունը: «Ցեղասպանություն» եզրույթը դեռ չէր գործածվում, երբ Յո. Լեփսիուսը, Անատոլ Ֆրանսը ընդունեցին այդ փաստը: Հայոց ցեղասպանությունը համամարդկային ազնվությունը ստուգելու փորձաքար է եղել եւ շարունակում է մնալ»: Հայ եւ օտարազգի հեղինակների համատեղ այս ստեղծագործությունը ցեղասպանությունը դատապարտող միեւնույն վերաբերմունքի դրսեւորում է: Դ. Երաժիշտը կոչ է անում քաղաքագետներինՙ բաց աչքերով նայել իրականությանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ