Հուլիսի 12-19 կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՙ ավանդական ձեւաչափով: Կունենա երեք հիմնական ծրագիր` միջազգային խաղարկային, վավերագրական, նաեւՙ «Հայկական համայնապատկեր» մրցույթները:
Կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հավաստմամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փառատոնի բյուջեն չի կրճատվել. գլխավոր հովանավորը շարունակում է մնալ «Վիվասել» ընկերությունը:
«Այս տարի ճգնաժամի հետ կապված կրկնակի աճել է նաեւ լավ ֆիլմեր հրավիրելու գումարը. մեկ ֆիլմի համարՙ ավելի քան հազար դոլար», նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-16-ը կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը:
«Ոսկե ծիրանը» կանցկացնի եվրոպական ֆիլմերի դիտումներ: Փառատոնը շարունակում է համագործակցել «Յունիֆրանս» միջազգային ցանցի, Գյոթեի ինստիտուտի եւ մի շարք այլ կառույցների հետ»: Այս տարի «Ոսկե ծիրանում» կառանձնանա լեհական կինոն: Հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն Եժի Սկոլիմովսկու ֆիլմերըՙ նրա իսկ ներկայությամբ:
Անդրադառնալով «Արաբական գիշերներ» կինոծրագրին, Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այն մեծ արձագանք է ստացել, ինչի արդյունքում կազմակերպիչները որոշել են կրկնել այն: «Այս կերպ պահպանվում է արեւելք-արեւմուտք հավասարակշռությունը», նկատեց նա:
Կլինեն Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի եւ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
Կինոփառատոնը կբացվի հայ պրոդյուսեր Ալան Թերզյանի «Առաջին շրջան» ֆրանսիական արտադրության ֆիլմով, որտեղ հանրահայտ դերասան Ժան Ռենոյի դերակատարմամբ ներկայացվում է հայկական ընտանիքի կյանքը Ֆրանսիայում:
Մրցութային ծրագրերի համար հայտերի ընդունումը սկսվել է հունվարից. վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Մինչեւ այսօր ստացվել են շուրջ 300 ֆիլմերի հայտեր աշխարհի 60 երկրներից:
«Սահմանը» Հյուսթոնի կինոփառատոնում
Հյուսթոնի 42-րդ համաշխարհային կինոփառատոնի երկու մրցութային ծրագրերում` միջազգային գլխավոր եւ «Ռեմի» (REMI), ներկայացվել է Հարություն Խաչատրյանի «Սահմանը» վավերագրական ֆիլմը: Մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 25-ին:
Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարին` Ռոտերդամի 38-րդ փառատոնում. ցուցադրվել է 5 անգամ: «Ֆիլմը մեծ արձագանք է գտել եվրոպական մամուլում, կինոքննադատների եւ հանդիսատեսի շրջանում: Փարիզի կինոփառատոնը բացվել է «Սահման» ֆիլմով: Ցուցադրվել է Ժորժ Պոմպիդուի մշակութային կենտրոնում», ասաց «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
«Սահմանը» պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին:
Ֆիլմի նկարահանումը տեւել է 2 տարի, եղել են որոշակի բարդություններ: Ամերիկյան կինոփառատոնից հետո «Սահմանը» կներկայացվի Սիրակուզայի փառատոն, որտեղ կընդգրկվի հայկական ֆիլմերի ցուցադրության շարքում: Հունիսին Մոսկվայում կանցկացվեն հայկական կինոյի օրեր, որտեղ կցուցադրվեն ռեժիսորի յոթ ֆիլմերը:
Թե ինչու Հայաստանում ֆիլմի պրեմիերա չի կայացելՙ Հարություն Խաչատրյանն ասաց. «Ֆիլմը նկարահանվել է խորհրդային տարիների օբյեկտիվով, որը երեւանյան կինոթատրոնները չունեն: Երեւանում այն առաջին անգամ կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ փառատոնի արտամրցութային ծրագրում»: Ռեժիսորը հույս հայտնեց, որ «Սահմանը» կշահի «Ռեմի» մրցանակ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ