«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


ՈՐՈԳԱՅԹՆԵՐ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՇՈՒՐՋԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ստամբուլի հայոց պատրիարքարանը հզոր կառույց էր օսմանյան դարաշրջանում: Ֆաթիհ Սուլթան Մոհամեդը, որ 1453-ին պարտության էր մատնել պաշարման մեջ գտնվող Բյուզանդական կայսրությանը եւ նվաճել մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (ներկայիս Ստամբուլը), անձամբ էր խրախուսել հայոց պատրիարքարանի հիմնադրումը որպես հակակշիռ հունական ուղղափառ պատրիարքարանին, որի էկումենիկ կոչումը մինչեւ օրս վիճարկում են թուրքական իշխանությունները:

Դարեր շարունակ օսմանյան կառավարիչները օգտագործել եւ չարաշահել են հայոց պատրիարքարանի դիրքը իրենց իսկ քաղաքական շահերի օգտին: Բայց գործնականում երկրի հայ փոքրամասնության համար պատրիարքարանը պահպանել է կառավարության մեջ «կառավարություն» լինելու իր հանգամանքը, հատկապես 1863-ին հայոց ազգային սահմանադրության հրապարակումից հետո:

Առաջին աշխարհամարտը նվազեցրեց պատրիարքարանի կարգավիճակը: Նա դարձավ սոսկ թեմՙ հակառակ Լոզանի 1923-ի պայմանագրի սահմանումներին: Այդ օրվանից բոլոր պատրիարքները ստիպված են եղել լարախաղացի դեր կատարելՙ փորձելով մի կողմից բավարարել հայկական համայնքի հոգեւոր պահանջները, իսկ մյուս կողմիցՙ սահմանափակել կամ վերահսկել այդ նույն համայնքի զայրույթը ընդդեմ կառավարական միջամտությունների, համայնքային ինչքերի բռնագրավման, հոգեւոր վայրերի սրբապղծման եւ հայկական ճեմարանի փակման:

Ամենախիստ պայմաններում անգամ մեր պատրիարքների մեծամասնությունը կարողացել է գործել խոհեմությամբ, մինչեւ ողբերգական մահը Շնորհք պատրիարք Գալստյանի, որի գործունեությունը մինչեւ օրս էլ պատմական նշանակություն ունի: Պատրիարք Գարեգին Գազանճյանի իշխանությունը կարելի է անցումային համարել, քանի որ, մի կողմից, ինքն էր անկարողության մատնվել եւ, մյուս կողմից, բավական հեռու էր հոգեւոր որեւէ կոչումից: Նրան հաջորդեց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, որը հեղաշրջեց ամեն ինչ: Նա լավ կրթություն էր ստացել, տիրապետում էր մի շարք լեզուների եւ կրոնական սկզբունքների դոգմատիկ հետեւորդ էր: Սակայն նա էլ ենթարկվեց սայթաքումների եւ թույլ տվեց, որ թուրքական իշխանություններն օգտագործեն իրեն իրենց իսկ քաղաքական նկրտումների համար, եւ աններելի արարքով մարտահրավեր նետեց Սուրբ Էջմիածնի գերագույն առաջնորդ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հեղինակությանըՙ լոկ անձնական, եսասիրական նկատառումներով:

Իսկ կաթողիկոսի Թուրքիա այցելության օրերին նրա հասարակական պոռթկումները պարզապես կարելի է վերագրել, հետադարձ հայացքով, նրա անբուժելի հիվանդությանը, որը դանդաղ, բայց հարաճուն կերպով երեւի ազդում էր նրա մտավոր կարողության վրա:

Ներկայիս նրա կյանքն ու մտավոր ունակությունների վատթարացումը ցավալի, բայց ակնհայտ իրողություն են: Թե ինչ է արել, քանի հոգու է վիրավորել եւ ինչ օրենքներ կամ կանոններ է խախտելՙ երկրորդական են արդեն: Այսօր մենք բոլորս ըմբռնում ենք հոգեւորականի վիճակը, կարեկցում տեղի ունեցածի համար: Բայց մեծապես մտահոգված ենք նրա անկարողության հետեւանքով ստեղծված դատարկության կամ անորոշության մթնոլորտով:

Դեռեւս ոչ ոք չի կարողացել ճշգրիտ բնութագրել նրա մտավոր կարողության անժամանակ անկման պատճառները: Գուցե մարմինը նախատրամադրվա՞ծ էր նման հիվանդության, եւ այն երեւան եկավ ու սրվեց պատասխանատվության զգացումի եւ վախի այն մթնոլորտով, որի պայմաններում նա ստիպված էր գործել:

Հավանաբար թուրքական իշխանությունները պետք է կրեն մեղքի եւ պատասխանատվության մեծագույն բաժինը, քանի որ նրանք բազմիցս են զայրացրել նրան ամեն անգամ, որ նա համայնքի հարցերով դիմել է Անկարային: Նրանք նույնիսկ նրան զգուշացրել էին զրահապատ մեքենայով շրջագայել, որովհետեւ կյանքը վտանգի տակ էր: Քումքափուի նրա կենտրոնատեղին ռմբակոծվել էր, եւ նա մահվան բազում անանուն սպառնալիքներ էր ստացել:

Այսօր գործնականորեն աթոռը թափուր է եւ պատրիարքի հիվանդությունը հաստատել են բժիշկները: Հնարավոր թեկնածուների վերաբերյալ ենթադրությունները թեւածում են ինչպես Ստամբուլում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ կրոնական խորհուրդը իր վրա է վերցրել պատրիարքարանի պատասխանատվության հոգսը: Հակառակ պատրիարքի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական պաշտոնական եզրակացության առկայությանը, խորհուրդը որոշել էր մինչեւ 2008-ի ավարտը հետաձգել նոր պատրիարքի ընտրությունը: Բայց նույնիսկ տարին ավարտելուց առաջ այդ նույն խորհուրդը հայտարարեց, որ պատրիարքը պետք է իր պաշտոնին մնա մինչեւ կյանքի ավարտը, անկախ մտավոր կարողությունից:

Թեկնածուների շատ անուններ են շրջանառության մեջ դրվում, երբեմն նույնիսկ առանց թեկնածուի իմացության կամ համաձայնության: Այդ թեկնածուների թվում են արքեպիսկոպոսներ Շահան Սվաճյանը, Խաժակ Պարսամյանը, Վիգեն Այքազյանը, Գարեգին Բեկչյանը, Ներսես Պոզապալյանը, ծայրագույն վարդապետ Բաբկեն Անուշյանը, եպիսկոպոսներ Սեպուհ Չուլջյանն ու Սահակ Մաշալյանը: Այս ցուցակն անշուշտ ամբողջական չէ:

Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա, որն արհեստականորեն թուրքական իշխանություններն են ստեղծել: Նրանք մի կողմից սահմանափակել են թեկնածուների ընտրվելու իրավունքներըՙ պնդելով, որ առաջադրված թեկնածուն անպայման պետք է Թուրքիայի քաղաքացի լինի, մյուս կողմից փակել են Ստամբուլի հայկական ճեմարանը, որը պատրաստում էր հոգեւորականներ այդ երկրի համար: Երբ պատրիարք Շնորհք Գալստյանը, շրջանցելով այդ սահմանափակումը, Երուսաղեմ ուղարկեց թուրքահայերինՙ կրոնական ուսում ստանալու, թուրքական կառավարությունն էլ ավելի խստացրեց սահմանափակումներըՙ արգելելով Երուսաղեմում կրոնական ուսում ստանալու հնարավորությունը:

Բյուզանդական այս խստացումներին բարեբախտաբար կարելի է հակադրել մի քանի որակյալ թեկնածուների, որոնք արժանի են զբաղեցնելու այդ պատասխանատու եւ դժվարին պաշտոնը: Բայց այդ գործընթացին դժբախտաբար խոչընդոտում են որոշ հայ հոգեւորականներ կամ ավելի ստույգՙ արքեպիսկոպոս Աթեշյանի ագահությունն ու փառասիրությունը:

Նա պնդում է, որ այդ պաշտոնը իրեն է պատկանում: Կրոնական խորհրդի հայտարարությունը ցնցել է համայնքին եւ դժգոհանքի արձագանքներ առաջացրել հայկական մամուլի էջերում: Ակնհայտ է, որ արքեպիսկոպոս Աթեշյանի թեկնածությունը չի վայելում համայնքի պաշտպանությունը, եւ կարծես ինքն էլ տեղյակ է այդ իրողությանը, այդ պատճառով է դիմել անկարող պատրիարքին պաշտոնի գլխին պահելու քայլինՙ քաջ գիտակցելով, որ նա երբեք չի վերականգնի իր առողջությունը եւ այնքան էլ շուտ չի կնքի իր մահկանացուն, քանի որ դեռ երիտասարդ է: Տեղի հայկական մամուլի ենթադրություններովՙ Ս. Էջմիածնից Սահակ եպիսկոպոս Մաշալյանի այցելությունը Թուրքիա եւ «Ակօս» թերթին հարցազրույց տալը նույնպես դեր խաղացած պետք է լինեն այդ հարցում: Վախի զգացումը դրդած պետք է լինի հիվանդ հոգեւորականի փոխարեն իրեն անձամբ պատրիարքարանի խնամատարը նշանակելու շտապ ու հավանաբար նաեւ անօրինական քայլին: Կրոնական խորհուրդը բաղկացած է հեզ ու խոնարհ հոգեւորականներից, որոնց ապրուստի միակ միջոցը պատրիարքարանն է, ուստի նրանք չեն կարող հակառակվել արքեպիսկոպոս Աթեշյանի բանսարկություններին: Հայ համայնքն ու մամուլը զայրացած են եւ հարցի անմիջական լուծում են պահանջում:

Ներկայումս երկու հնարավոր առաջարկ կարող է քննության առնվել. առաջինՙ հաշվի առնելով պատրիարքի մտավոր անկարողությունըՙ ընտրել նոր պատրիարք, միաժամանակ հոգ տանելով Մութաֆյանի առողջությանը: Սա կարելի է իրականացնել քվեարկությամբ, որին կմասնակցեն բոլոր եկեղեցիների ծխական խորհրդի անդամները: Երկրորդՙ կարելի է ընտրել օգնական պատրիարք, որը աննախադեպ կլինի Ստամբուլի պատրիարքարանի տարեգրության մեջ, բայց որն արդեն 2 անգամ կիրառվել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունում, որտեղ Պետրոս արքեպիսկոպոս Սարաջյանն ու ավելի ուշ Գարեգին Առաջինը ընտրվել էին որպես օգնականներ, որոնք հետագայում փոխարինեցին հիվանդ հոգեւոր առաջնորդներին:

Չպետք է մոռանանք, որ որեւէ խառնաշփոթ թուրքահայ համայնքի հոգեւոր առաջնորդի ընտրության հարցում ձեռնտու է կառավարությանը, որն իր հերթին առիթը բաց չի թողնելու էլ ավելի սրելու իրավիճակը:

Ներկայումս Ստամբուլի պատրիարքարանի աթոռի շուրջը որոգայթներ է լարել արքեպիսկոպոս Աթեշյանը: Կկարողանա՞ արդյոք համայնքը միասնաբար ոտքի կանգնել եւ նրան գցել իր իսկ լարած որոգայթների մեջ:

Թարգմ. Հ. Ծ., «Արմինյն միրոր սփեքթեյթրից»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4