«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՆ ՊՐԻԻ ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Նալչիկում մեկնարկում է շախմատի Գրան պրիի 4-րդ փուլը, որի 14 մասնակիցների թվում են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Ի դեպ, Արոնյանն իր վարկանիշով (2754) մասնակիցներից ամենաբարձրն է: Նրան հաջորդում են հունգարացի Պետեր Լեկոն (2751) ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2748), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2746), Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդը (2733), ֆրանսիացի Էթիեն Բաքրոն (2728), ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը (2726), ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2725), ուկրաինացի Սերգեյ Կարյակինը (2721), ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին (2720), ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւը (2716), երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը (2696), ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը (2695) եւ ուկրաինացի Պավել Էլյանովը (2693):

Նալչիկում մեկնարկող մրցաշարը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգի է: Մասնակիցների միջին վարկանիշը 2725 է: Գրան պրիի այս մրցաշարն իր վարկանիշով գերազանցում է Բաքվում, Սոչիում եւ Էլիստայում կայացած մրցախաղերին: Հիշեցնենք, որ Գրան պրիի մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել այդ շարքի 4 մրցաշարի: Հաշվարկվում են լավագույն արդյունքի հասած 3 մրցաշարերը: Գրան պրիի 2 հաղթողներն իրավունք կստանան մասնակցելու 2010-ի աշխարհի առաջնության հավակնորդների մրցախաղերին: Նախորդ 3 մրցաշարերի ընդհանուր արդյունքով առայժմ առաջատարը բաքվեցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովն է, որը վաստակել է 363,33 միավոր: Նա Բաքվում կայացած Գրան պրիի 1-ին փուլում բաժանել էր 8-10-րդ տեղերը եւ 60 միավոր էր վաստակել, Սոչիում զբաղեցրել էր 2-րդ տեղը (150 միավոր), իսկ Էլիստայում բաժանել էր 1-3-րդ տեղերը (153,33 միավոր):

Երկրորդ տեղը զբաղեցնում է չին գրոսմայստեր Վան Յուեն (343,33 միավոր): Հաջորդ տեղերում են ադրբեջանցի Վուգար Հաշիմովը (328,33) եւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (303,33): Նրանք արդեն 3 մրցաշարի մասնակցել են եւ Նալչիկի մրցաշարը կլինի վերջինը:

Սակայն պոտենցիալ առաջատարը Լեւոն Արոնյանն է: Նա մասնակցել է առայժմ մեկ մրցաշարի եւ իր օգտին ունի 180 միավոր Սոչիի Գրան պրիում հաղթելու համար: Եթե Արոնյանը Նալչիկում էլ վստահ խաղա, ինչպես վերջերս հանդես եկավ Նիսի «Ամբեր» մրցաշարում, ապա հնարավոր է, որ հաղթող ճանաչվի ու եւս 180 միավոր վաստակի: Հուսանք, որ Արոնյանի համար ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4