«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2009-04-14 | #67, 2009-04-15 | #68, 2009-04-16


«ՓՅՈՒՆԻԿԻ» ԼՈՒՐՋ ՀԱՅՏԸ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը թեւակոխել է վճռորոշ փուլ: Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միկայի» մարզադաշտում «Ուլիսը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Մրցակիցների միջեւ վերջերս անցկացված առաջնության խաղում «Փյունիկը» վստահ հաղթանակ էր տոնել 3-0 հաշվով: Այս անգամ էլ փյունիկցիների առավելությունն ակնհայտ էր: Արդեն 3-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը գրավեց «Ուլիսի» դարպասը: 30 րոպե անց աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` 2-րդ գնդակն ուղարկելով մրցակիցների դարպասը: Ընդմիջումից քիչ անց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը 3-րդ գոլը խփեց: Միայն 60-րդ րոպեին ուլիսցի Սեմյոն Մուրադյանին հաջողվեց միակ պատասխան գոլը խփել: Կարծում ենք, որ «Փյունիկն» ապահովել է եզրափակիչի ուղեգիրը: Այնպես որ մնում է որոշել «Փյունիկի» մրցակցին:

Կիսաեզրափակիչի մյուս հանդիպումը կրկին կայացավ «Միկայի» մարզադաշտում: Սեփական հարկի տակ «Միկան» հյուրընկալել էր «Բանանցին»: Այդ հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում: Խաղն անցավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում որոշ առավելություն ունեին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք ավելի հաճախակի էին գրոհում: Գոլային առաջին իրական պահը ստեղծվեց 20-րդ րոպեին, երբ «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց եւ փորձեց նրա գլխավերեւով գնդակն ուղարկել դարպասը: Սակայն դարպասապահ Օլեգ Օստապենկոն հաջող խաղաց:

Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն աշխուժացրեց հարձակողական գործողությունները եւ 64-րդ րոպեին բացեց հաշիվը: Աջ եզրից սրընթաց անցումով Էդուարդ Կակոսյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ ներխուժած Արսեն Բալաբեկյանին, որն էլ գլխի հարվածով գրավեց դարպասը: Բայց «Բանանցի» ուրախությունը կարճ տեւեց: Ընդամենը 3 րոպե անց տուգանայինի խաղարկումից հետո Ալեքսը վերականգնեց հավասարակշռությունը: Խաղավերջում «Բանանցը» կարող էր կորզել հաղթանակը, երբ դարպասին հարվածեց Բալաբեկյանը: Դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: Այսպիսով, առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիՙ 1-1: Այս հաշիվն ավելի ձեռնտու էր «Բանանցին», քանի որ պատասխան խաղում սեփական հարկի տակ նույնիսկ 0-0 հաշվի դեպքում կնվաճի եզրափակիչի ուղեգիրը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4