Անհրաժեշտ է հակադարձել
«Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ բանակցությունների առաջին փուլում հաղթանակ տանելով` Թուրքիան անցնում է երկրորդ փուլ», գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը եւ կատարում հետեւյալ մեկնաբանությունները:
Հակառակ Թուրքիայի առաջ քաշած երկու նախապայմաններին, այն է` կասեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ Արցախը վերադարձնել Ադրբեջանին, Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները ցարդ կարողացել են պահպանել իրենց դիրքորոշումը եւ պահանջել, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ սահմանը բացվի առանց նախապայմանների:
Անցյալ տարվա անակնկալ իրադարձությունները նոր թափ հաղորդեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Բացի Մ. Նահանգներից եւ Եվրոպայից, Ռուսաստանը եւս ասպարեզ մտավ որպես նոր գլխավոր դերակատար, պաշտպանելու իր գործարար շահերը Հայաստանում եւ միեւնույն ժամանակ նկատելիորեն նվազեցնելու Վրաստանի դերը տարածաշրջանում` որպես միակ տարանցիկ ճանապարհ:
Նույն իրադարձությունների առնչությամբ Հայաստանի կառավարությունն էլ սկսեց հավատալ, որ սահմանի բացումը բխում է երկրի տնտեսական շահերից, քանի որ ռուս-վրացական պատերազմի օրերին ժամանակավորապես խափանվեցին ներկրման հնարավորությունները:
Սահմանի բացումը Թուրքիայի համար էլ է ձեռնտու: Նախ, որովհետեւ արեւելյան շրջանների աղքատ բնակչությունը կկարողանա օգտվել Հայաստանի հետ առեւտրի հնարավորությունից, երկրորդ` դրանով Թուրքիան կատարած կլինի Եվրոմիությանն անդամակցելու պարտավորություններից մեկը, երրորդ` Սպիտակ տանը եւ Կոնգրեսին կկարողանա համոզել հետ կանգնելու ցեղասպանության ճանաչումից:
Բայց հակառակ այս առավելություններին, Թուրքիան շարունակում է հետաձգել սահմանի բացումը: Նախագահ Օբամայի այցը Թուրքիա նպաստեց դրան: Այնտեղ արտասանած ելույթների բովանդակությունը հուշում էր, որ Ամերիկայի նորընտիր նախագահը ընդունում է Թուրքիայի առաջ քաշած երկդիմի վարկածը, թե երրորդ կողմերը պետք է զերծ մնան Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններ կատարելուց, քանի դեռ Հայաստանն ու Թուրքիան զբաղված են «լուրջ բանակցություններով»:
Այդ բանակցություններին Թուրքիայի լավ մշակված անլուրջ վերաբերմունքը, այդուհանդերձ, մի անգամ եւս պարզ դարձավ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրաժարվեց այցելել Թուրքիա եւ հանդիպել Մ. Նահանգների նախագահ Օբամայի հետ: Պատճառաբանությունը հստակ էր. համաձայնելով սահմանի բացմանը, Թուրքիան անտեսում էր Ադրբեջանի շահերը: Այդ առթիվ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վստահեցրեց Ալիեւին, որ սահմանը չի բացվի, մինչեւ Հայաստանը չկարգավորի հարցերը Ադրբեջանի հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չեղյալ համարեց իր այցը Ստամբուլ, առարկելով, որ Թուրքիան դարձյալ նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ: Սակայն նա ի վերջո մեկնեց Թուրքիա, հավանաբար Ամերիկայի հորդորների ներքո: Ալիեւը մնաց անհողդողդ: Նալբանդյանի ներկայությունը Ստամբուլում մեկնաբանվեց որպես հարաբերությունները կարգավորելու առաջընթաց քայլ:
Թուրքիան կարողացավ Օբամային ցույց տալ, որ լրջորեն է մտածում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Եվ նա (Թուրքիան) արժանացավ գովասանքների: Անգլիական «Էկոնոմիստ» շաբաթաթերթը գրեց. «Թուրքիան երանության մեջ է Բարաք Օբամայի երկօրյա այցելության առթիվ»:
Թուրքիան անկասկած ստացավ «փիառի» շահույթի առավելագույն բաժինը պարզապես սահմանի բացման մասին խոսելով եւ հասկացնելով Օբամային, որ ցեղասպանության ճանաչման մասին Անկարայում ակնարկելը «լավ միտք չէր»: Մնում է սպասել եւ տեսնել, թե արդյոք Թուրքիային հաջողվե՞լ է նաեւ ապահովել Օբամայի լռությունը ապրիլի 24-ի առթիվ:
Այժմ Թուրքիան խաղի երկրորդ փուլին է անցել: Ադրբեջանն իբր սպառնում է Թուրքիային ծանրակշիռ միջոցների դիմել, եթե վերջինս բացի սահմանը: Ընդդիմադիր ուժերը Թուրքիայում մեղադրում են Էրդողանին «եղբայրական Ադրբեջանի» շահերը անտեսելու մեջ: Նախագահ Օբաման էլ Սպիտակ տուն վերադառնալուց հետո անմիջապես կապ է հաստատում Ալիեւի հետ եւ հավաստիացնում, որ Ամերիկան պատրաստ է Արցախի հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն:
Այս ամբողջ ընթացքում Հայաստանի ղեկավարները զարմանալիորեն շարունակում են դրական արտահայտություններ արտասանել սահմանի բացման վերաբերյալ, մինչդեռ Թուրքիայի քայլերից հստակ կարելի է եզրակացնել, որ սահմանային հարցը կարող է լուծվել միայն այն բանից հետո, երբ Մինսկի խումբը կարձանագրի, որ լուրջ առաջընթաց կա Արցախի շուրջն ընթացող բանակցություններում:
Թուրք-ադրբեջանական խաղերին ի պատասխանՙ
ա) Հայաստանի ղեկավարները միեւնույն կարծր դիրքերից պետք է խոսեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ոչ թե լավ տպավորություն գործելու համար համաձայնեն կատարել գերտերությունների պահանջները:
բ) Հայաստանը պետք է կառչի առանց նախապայմանների սահմանը բացելու իր նախնական դիրքորոշումից:
գ) Հայաստանը պետք է հոկտեմբերի 7-ը սահմանի բացման վերջնաժամկետ համարի եւ եթե մինչ այդ Թուրքիան քայլեր չկատարի, ապա նախագահ Սարգսյանը պետք է հրաժարվի Թուրքիայում ֆուտբոլային հերթական խաղին մասնակցելուց, որպեսզի բացահայտի Թուրքիայի ոչ լուրջ վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործում:
դ) Հայաստանի խորհրդարանը` ելնելով ազգային անվտանգության խնդիրներից, պետք է նախօրոք արգելի բոլոր օտարազգիներին հողատարածքներ գնել սահմանային վայրերում եւ ներդրումներ կատարել որոշ ռազմավարական նշանակության օբյեկտներում:
ե) Հայաստանն ու ամերիկահայերը պետք է ամենայն խստությամբ դատապարտեն Թուրքիայի նախագահ Գյուլի ելույթը Օբամայի հետ անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նա մի ավելորդ անգամ ժխտեց Հայոց ցեղասպանության փաստը: Դա հեռարձակվեց ամբողջ աշխարհով մեկ եւ անհրաժեշտ է, որ իրերն իրենց անուններով կոչելու համար ամերիկահայերը անհապաղ պետք է Մ. Նահանգների Սենատին ներկայացնեն համապատասխան բանաձեւ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ավելի կարեւոր է, որ Սենատը ճանաչի (որը մինչեւ օրս երբեք չի ճանաչել) քան Ներկայացուցիչների պալատը, որն արդեն երկու անգամ (1975-ին եւ 1984-ին) ընդունել է նման որոշումներ:
Թարգմ. Հ. Ծ.