Կառավարությունը նախաձեռնել է ընտրական, բարեգործության, կուսակցությունների մասին օրենքներում փոփոխություններ, որոնք եթե սահմանված կարգով ԱԺ հանձնաժողովներում քննարկվեն, մտնեն առաջիկա քառօրյա եւ ընդունվեն` կհասնեն Երեւանի քաղաքային ավագանու ընտրությունների քարոզարշավին եւ կխփեն մեր մի շարք կուսակցականների ու կուսակցությունների նախընտրական քարոզչությանը, ովքեր իրենց քարոզչությունը համեմում կամ գիրկընդխառն են ներկայացնում բարեգործության հետ: Ըստ այդ նախաձեռնության` արգելվում է բարեգործության հետ միաժամանակ նախընտրական, հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարելը:
Կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթով` բարեգործական կազմակերպությունը չի կարող իր միջոցները ծախսել եւ իր գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման կամ այլ կերպ քաղաքական քարոզչություն իրականացնելու նպատակով` սա նաեւ արտացոլվելու է ընտրական օրենսգրքում` «Արգելվում է բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը» լրացմամբ: Իսկ կուսակցությունների օրենքում լրացվելու է. «Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից, կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
Օրենքի հիմնավորման մեջ ասվում է, որ հասարակական կազմակերպությունների (այդ թվում` հայրենակցական միությունների) նկատմամբ նման արգելքի սահմանումը համահունչ է ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրությանը, իսկ եթե այդ ՀԿ-ները սահմանվածից բացի այլ, ասենք` կրոնական, արհեստակցական եւ քաղաքական նպատակներ են հետապնդում, ապա այլեւս ՀԿ չեն, հասարակական այլ միավոր ենՙ գրանցման այլ կարգով:
Գործող օրենսդրությունը կուսակցություններին, փաստորեն, հնարավորություն է տալիս մինչեւ ընտրությունները անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք եւ այլ բաներ տալու եւ ծառայություններ խոստանալու միջոցով շրջանցել ԸՕ-ի արգելքը: Դա արվում էր նաեւ բարեգործության անվան տակ, որն իր բնույթով եւ օրենսդրորեն անշահախնդիր է, սակայն օրենսդրական բացերի պատճառով ամեն օր մեր հեռուստաեթերով կարելի է հետեւել, թե գործող կուսակցությունների այս կամ այն լիդերը ինչպիսի լավ բարեգործ է եւ ինչ լավ-լավ բարեգործություններ է անում: Սա առիթ է դարձել նախաձեռնության հեղինակների համար բարեգործության օրենքով առաջարկել արգելելու բարեգործության հետ միաժամանակ թաքնված կամ տեսանելի նախընտրական քարոզչություն տանելը եւ այդպիսի դրույթ սահմանել ԸՕ-ում: Ընդ որում` թե ովքեր չեն կարող բարեգործական կազմակերպության հիմնադիր լինել, այս ցուցակում ավելացվելու են ԱԺ պատգամավորները, համայնքների ղեկավարները, ավագանիների անդամները, կուսակցությունները եւ նրանց ղեկավարները, ղեկավար մարմինների անդամներ` դրանով նպաստելով բարեգործության եւ քաղաքական գործունեության տարանջատմանը: Ընդ որում` բարեգործական կազմակերպությունը չի կարող իր միջոցները ծախսել եւ իր գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման վրա:
Եթե իսկապես քաղաքային ավագանու ընտրություններից առաջ այս օրենքն ընդունվի, փաստորեն, սա խփելու է այն կուսակցություններին, որոնց առաջնորդները անթաքույց բարեգործությամբ են զբաղվում, եւ եթե անգամ նրանք քաղաքական քարոզչություն չեն անում տվյալ` բարեգործություն անելու պահին, մարդկանց մտքում այդ բարեգործությունը կատարող անձը նույնացվում է նրանց ղեկավարած կուսակցության անվան հետ. ասենք` Գագիկ Ծառուկյանի անունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ է նույնանում, իսկ Կարապետիչի անունը` իր «Ժողովրդական կուսակցության» հետ:
Արդյոք այսպիսի օրենքը Ազգային ժողովում չի՞ տորպեդահարվի կամ հակալոբբիինգի չի՞ արժանանա, քանզի այս նախաձեռնությունն առավել այն կուսակցությունների օգտին է, ովքեր վարչական ռեսուրսի են տիրապետում. օրինակՙ այս փաթեթը ոչ մի կերպ չի արգելում նախընտրական ասֆալտը կամ այլ համանման «սնունդները», որոնք, ճիշտ է, չեն բարձրաձայնում այդ մասին, սակայն բոլորին էլ հասկանալի է, որ տվյալ ինքնակառավարման մարմնի ղեկավարի հաշվեկշռում են գրանցվում, իսկ մեր տեղական ինքնակառավարման մարմինների մեծ մասի ղեկավարների կուսակցական պատկանելության վերաբերյալ բոլորս գիտենք:
ԼՈՒՍԻՆԵ ԴԵՄԻՐՃՅԱՆ