Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունն ընթացիկ տարում մերժել է ժամանակավոր ապաստան ստանալու վերաբերյալ Վրաստանի 114 քաղաքացու դիմում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, բավարարվել են միայն Վրաստանի 7 քաղաքացիների դիմումները, ովքեր սահմանամերձ Գորի քաղաքից են: Նշենք, որ բոլորը միգրացիոն գործակալություն դիմել էին 2008-ին: Ռ.Պետրոսյանի խոսքով, ընթացիկ տարվա սկզբին Վրաստանում իրավիճակը կայունանալուց հետո մարդկանց հիմնական մասը վերադարձել է: Միգրացիոն գործակալությունն այս տարի Վրաստանի ոչ մի քաղաքացուց դիմում չի ստացել: Այս տարվա առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, գործակալություն դիմողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է: 2009-ին ապաստան ստանալու համար դիմել է 3 անձ` Իրաքից, 2008-ի նույն ժամանակահատվածի 19-ի դիմաց: Այս տարվա առաջին եռամսյակում ապաստան հայցողների դիմումների մերժման դեպքեր չեն գրանցվել: Միգրացիոն գործակալությունը բոլոր դիմողներին տալիս է կացության ժամանակավոր վկայականՙ երեք ամսով, որից հետո, ըստ կարգի, դիմումը քննվում է եւ ընդունվում ժամանակավոր ապաստանի իրավունք տալու որոշում: