«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ՆԱԽԱՏԵՍՎՈ՞ՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները երեկ Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության թեմայով գագաթաժողովի նախապատրաստման հարցը: «Կոմերսանտ»-ին հղում անելով` «Ռեգնումը» տեղեկացնում է, թե ապրիլի 23-ին էլ Մոսկվայում կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Թերթի հոդվածի համաձայն, Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը որոշում կկայացնի ղարաբաղյան հակամարտության հարցով գագաթաժողովին իր մասնակցության առնչությամբ: «Կոմերսանտի» հաղորդմամբ, ղարաբաղյան հակամարտության թեմայով գագաթաժողովը ծրագրվում է անցկացնել հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք տնտեսական համաժողովի շրջանակներում:

Գագաթաժողովում, ըստ թերթի, որպես միջնորդ հանդես պիտի գա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Պարբերականի մեկնաբանությամբ, այս գագաթաժողովի նախապատրաստումն ի լրումն է այն ձեռքբերման, ինչպիսին որակվում է նախորդ տարի աշնանը Հայաստանի եւ Ադրբեջաի նախագահների կողմից այսպես կոչված մոսկովյան հռչակագրի ստորագրումը: Վերջինս 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո երկուստեք ստորագրված եզակի փաստաթուղթ է:

Ամեն դեպքում, մայիսի 7-ին էլ Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպման կազմակերպման ուղղությամբ է կարծես աշխատում ներկա դրությամբ Հարավային Կովկասում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Օրերս նա Բաքվում էր, հանդիպել էր արտգործնախարարի ու երկրի նախագահի հետ: Երեկ Բրայզան հասել էր Թբիլիսի` Երեւան գալու համար:

Ու չնայած նախապես հայտարարվել էր, որ Մեթյու Բրայզան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հանդիպումներ պիտի ունենար, սակայն այդպիսիք տեղի չեն ունեցել ու, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա անմիջապես ուղեւորվել է Երեւան` հանդիպելու Հայաստանի արտգործնախարարին ու թերեւս նաեւ նախագահին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4