«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ` ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳԼԽԻՆ

Զբոսաշրջությունը առաջնահերթ է, բայց ո՞վ հավես ունի այդ ոլորտի խնդիրները լուծելու

Տաթեւի վանքը գտնվում է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում: Մեզ ու մեր ստեղծած ամեն ինչ գովերգելու, երկինք հանելու ու դրանից դենը ոչինչ չտեսնելու սովորություն ունեցող հայերիս համար Տաթեւն էլ աշխարհի աչքին գլուխ գովելու առիթ է, սեփական գերազանցության վկայություն, իբր աշխարհին քաղաքակրթելու ու վեհացնելու փորձի քարե արձանագրություն:

Այս հուշահամալիրին առնչվող պատմության պատմամշակութային հուշարձանների մասին ուզածդ գրքում կարելի է կարդալ բազմաթիվ էջեր, նկարագրություններ ու հիացական հուշեր: Իսկապես հրաշալի է տեսնել Որոտանի ձորի բերանին թառած այդ համալիրը, զարմանալ ու հիանալ այդ հրաշալիքի անմեկնելի գեղեցկությամբ ու իր ժամանակին ունեցած դերակատարման կարեւորությամբ:

Որպես միջնադարյան ուսումնական կենտրոն հայտնի Տաթեւի վանք տանող ճանապարհը սկսվում է Գորիսից: Քիչ թե շատ նորմալ ճանապարհով Գորիս կարելի է հասնել, իսկ այդտեղից Տաթեւ տանող 57 կմ ճանապարհն արդեն էքստրեմալության սիրահարների համար է: Եվ դա ոչ թե գեղատեսիլ ձորի ու կիրճը հատող վերուվար ճանապարհի պատճառով, այլՙ այդ «ճանապարհ» որակվող ուղու անորակության: Ընդամենը 57 կմ, որ անհնար է մեքենայով անցնել ավելի շուտ, քան մի 3,5 ժամում:

Նախ, հենց Գորիսում սրատես աչքն ու անիմանալի ինտուիցիան չեն օգնի գտնելու դեպի Տաթեւ տանող ճանապարհը, եթե որեւէ գորիսեցի օգնության չհասնի: Իսկ այդ ճանապարհը գտնելուց հետո էլ դեռ երկար ժամանակ այնպիսի տպավորություն է, թե Տաթեւի վանքն իր ամեն ինչով, գյուղն էլ հետը պահել են Սյունիքի այդ ձորերում ու անհնար կլինի երբեւէ հասնել նպատակակետին:

Շինուհայրը Գորիսից Տաթեւ տանող ճանապարհի առաջին գյուղն է: Տարիներով անխնամ մնացած ճանապարհը Գորիսից այս գյուղ բնավ չի տարբերվում դեպի Տաթեւ այդ ճանապարհի շարունակությունից, միայն թերեւս այդ ճանապարհ կոչվածը գնալով վատանում է: Ամեն դեպքում, գյուղի ճանապարհն ասֆալտի ծածկույթից վաղուց զրկվել ու մերկացել է իր գրունտով, որն էլ երեւի գյուղի երթեւեկով մի քիչ ճանապարհ է հիշեցնում:

Տաթեւ տանող ճանապարհին եւս մեկ գյուղ էլ Հալիձորն է: Այստեղ էլ մարդիկ Գորիսից հասնելու համար ժամեր են ծախսում, իսկ ճանապարհն այնքան է քայքայվել, որ ամենագնացներից բացի մնացյալ բոլոր մեքենաների արագությունը դժվար է ավելին պատկերացնել, քան 10 կմ ժամում:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս ձորի բնակիչները երբեք առանց մեծագույն անհրաժեշտության տնից դուրս չեն գալիս ու ոչ Տաթեւ են գնում, ոչ էլ Գորիս: Ու թերեւս այս կողմերում հարկ է առանց անհրաժեշտության գյուղից դուրս չգալ, քանի որ թեկուզ Գորիս հասնելու համար ժամեր են պետք, ուրեմն եւ մեկ օրը բավարար չէ անհրաժեշտը Գորիսում հոգալու եւ տուն վերադառնալու համար:

Հալիձորն անցնելուց հետո մի երկարաձիգ վայրէջք է, որով ճանապարհը հատում է Որոտանի կիրճն ու այնուհետեւ սկսվում է զառիվեր ճանապարհը:

Թող ներվի այդ ուղու համար ճանապարհ բնութագրականն օգտագործելու համար, քանի որ ժամանակին, թերեւս հենց նույն միջնադարում, դա եղել է ճանապարհ, սակայն հիմա դրանից ավերված կտորներ են մնացել, այստեղ ու այնտեղ խոր փոսերի տեսքով ու դրանց արանքներում ասֆալտի դեռեւս պահպանված կտորներով, որոնք առավել դժվարանցանելի են դարձնում այդ տարածությունը:

Ձորում գոնե այդ ընդհանրական ու տհաճ փոշու եւ անանցանելիության թողած տպավորությունը մեղմում են Սատանի կամուրջն ու դրա տակ վազող գետը: Բայց այդուհետեւ ինքնագովության անօրինակ «սխրանքների» ընդունակ ազգիս բացառիկությունն է թերեւս երեւում, երբ ժամեր տեւած վերելքից հետո հայտնվելով Տաթեւի վանքի մոտ, հարեւանությամբ տեսանելի է դառնում Tourism information centre` զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն մակագրությունը, որ «ողջունում է» սարալանջերի վայրիվերումները հաղթահարած «զբոսաշրջիկին»:

Մակագրությունը վերաբերում է մի շենքի, որի դռներն այնքան ամուր ու հիմնովին են փակված, որ մնում է զարմանալ, թե զբոսաշրջիկի համար նախատեսված այդ մեծածավալ շինությունն ապա ինչի է ծառայում: Ամեն դեպքում, տեղեկատվություն տրամադրելու համար թերեւս նախատեսված այդ շինության փակ դռներից դժվար թե որեւէ մեկն ինչ-որ կերպ տեղեկանար Տաթեւի վանքի պատմության ու հետաքրքրական անցքերի մասին:

Տաթեւի վանքն, իհարկե, իր վեհության մեջ է` գերի կիրճին ու գերած ողջ հովիտը: Բայց այդ գեղեցկությունը վայելելուն այնքան է խանգարում հետդարձի գաղափարը, որ քիչ է մնում տեղում մի երկար մնալու որոշում կայացվի: Միտքը, որ Գորիս վերադառնալիս նորից այդքան կարճ ճանապարհի այդքան երկար տեւելիք փոշին է ուղեկցելու, տհաճ է դարձնում ամեն ինչ, ու թերեւս այդ ամենից մեծապես տուժում են Տաթեւն ու այդ վանքի մասին պատկերացումը:

Ամեն դեպքում, Տաթեւ գյուղում մնալու հեռանկարն էլ առանձնակի ռոմանտիկ կամ արկածախնդիր ցանկություններ չի առաջացնում, ուստի մնում է կրկին գլորվել Որոտանի կիրճն ու դուրս գալ Հալիձոր գյուղի մոտ` փոշեկոլոլ ու հոգնատանջ:

Մինչդեռ այլ դեպքերում գլուխ է, որ գովում ենք: Ո՞ւմ են պետք Տաթեւն էլ, այդտեղ տանող ճանապարհն էլ... Կարեւորը, որ ամեն առիթով մեզ թույլ ենք տալիս ասել, թե երբ մյուսները ծառերին էին, մենք «մշակույթ էինք ստեղծում»...

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4