Ճգնաժամը, գալով Հայաստան, հուզված ասում է` իրոք հարազատ տնից լավ բան չկա: Ժողովրդական անեկդոտ
Երեւանում հանդիպեցի վաղեմի բարեկամիս: Միջին բիզնեսի ներկայացուցիչ է: Միշտ կենսուրախ, սրամիտ ընկերս մռայլ տրամադրության մեջ էր:
- Գործերս լավ չեն, մտազբաղ ասաց նա, հարկայինից օրուարեւ չունեմ, մտածում եմ գործս փակելու մասին:
- Դու նկատի ունես, որ ուժեղացրե՞լ են հարկահավաքությունը: Բայց կառավարությանն էլ կարելի է հասկանալ` առանց հարկերի պետություն չես կառուցի, սոցիալական ծրագրերը չես կատարի, բանակ չես պահի:
- Հո՜ չասիր, սրտնեղեց նա, ես էլ եմ հասկանում, որ երեւի աշխարհում երկիր չկա, որտեղ գործարար մարդը գոհ լինի հարկային քաղաքականությունից: Բայց մեզանում, ախր, այդ համակարգը շատ է անարդար, ընդ որում` ի սկզբանե:
- Այսինքն:
- Դե, անկախանալուց հետո պայման դրեցին` հարկային տեսուչին տալիս ենք այսքան գումար, այսքան էլ մուծում ենք պետությանը: Քանի գործներս լավ էր, իրարից գոհ էինք, տարեկան մի անգամ էին գալիս ստուգման: Հիմա որ ճգնաժամ է, ավելի են «խելոքացել»` տեսուչին տրվելիք կաշառքը մնացել է նույնը, իսկ պարտադրում են պետությանը մի քանի անգամ ավելի վճարել, այցերն էլ հաճախակի են դարձել: Դժվար է դրան դիմանալ:
- Բայց եթե կտրոնը խփում ես, ուրեմն քո առեւտրի ծավալից ելնելով էլ հարկ վճարիր:
- Ինձ համար նորություն չէ, որ բիզնեսից անտեղյակ մարդ ես. դե, խանութ է, որ ուզես էլ, չես կարող բյուրեղի պես մաքուր մնալ: Կարող են կպչել մանրուքից ու մեծ խնդիրներ ստեղծել: Չնչին գումարի դիմաց հսկայական տուգանքներ են նշանակում` առաջին անգամ` 15.000 դրամ, երկրորդ անգամ` 300.000, երրորդ անգամ` 600.000: Կարող են նույնիսկ քրեական գործ հարուցել: Կտրոն չտալու դեպքում օրերով կփակեն խանութդ. բայց ո՞ւմ են պատժում (իմ գլուխը` քարը), աշխատողների՞ս, որ հացի փող են վաստակում, պետությա՞նը, որ զրկվում է հարկերից, թե՞ բնակչությանը, որին սպասարկում ես: Գնված մթերքը փչանում է, առեւտուրը` խափանվում: Հարկայինները հատկապես աշխուժանում են տարվա վերջին, երբ խանութները առավելագույն քանակի ապրանքներ են գնում, պատրաստվելով Ամանորին: Երբ կտրոն չտալու պատճառով խանութս փակել էին, խնդրեցի մի քանի ժամով բացել նրա տեխնիկական վիճակն ստուգելու համար (ջուր, էլեկտրականություն, սառնարան): Ասում են` դրա համար պիտի լինի, ոչ ավել, ոչ պակաս, նախարարի թույլտվությունը:
- Իսկ կա՞ն արտոնյալ խանութներ:
- Իհարկե կան, երբ իմս չէր գործում, ստիպված առեւտուր էի անում մեր թաղամասի ուրիշ խանութներում: Դրանցից մի քանիսում չէին էլ մտածում կտրոնի մասին: Եվ առհասարակ, եթե իմանայի՜նք, որ հարկային չինովնիկները ապրում են բացառապես պետության շահերով...
- Դու ամեն ինչո՞ւմ ես մեղադրում հարկայիններին:
- Իհարկե, ոչ, նրանց մեջ էլ կարգին մարդիկ շատ կան: Պարզապես կան նաեւ չգրված օրենքներ, որոնց դեմ նրանք էլ անզոր են:
- Օրինակ:
- Օրինակ` մեր մատակարարների մեծ մասը մենաշնորհայիններ են, որոնք, որպես կանոն, հաշիվ-ապրանքագիր չեն տալիս: Ո՜նց ուզում ես գլխիդ ճարը տես: Վիճես-պահանջես, կզրկվես մատակարարումից, իսկ նրանք ապահովում են ապրանքների 90 տոկոսը: Այդ մարդիկ իրենց անպատիժ են զգում, քանզի նրանց թիկունքին հզոր ուժեր են կանգնած, որոնց դեմ հարկայիններն էլ անուժ են: Եթե հաճախորդն իմ խնդիրն է, որի պատճառով ես կարող եմ տուժել, ապա ես էլ պիտի դառնամ մատակարարողի խնդիրը: Ավա՜ղ, մտահոգված եմ միայն ես, քանզի նման մակարդակի պաշտպաններ չունեմ:
- Դրանից քաղաքականության հոտ է փչում:
- Իսկ դու կարծում ես նրանք թքա՞ծ ունեն մեր քաղաքական կողմնորոշումների վրա: Աստված չանի, եթե հարկայիններն իմանան, որ դու, ասենք, համակրում ես Լեւոն Տեր-Պետրոսյանին, քեզ պարզապես ահաբեկչության կենթարկեն, ընդհուպ սնանկացումը:
- Տխուր բաներ ես ասում:
- Տխուրն այն է, որ Հայաստանում նորմալ պայմաններ չկան միջին խավի ձեւավորման համար, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կազմում է պետության հիմքը: Եթե ստիպված փակեմ խանութս, ես էլի գլուխս կպահեմ, սակայն տասը հոգի կզրկվի աշխատանքից: Բայց ո՞վ է այդ մասին մտածում, այդ դժբախտներից բացի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան
Հ. Գ.- Իհարկե, ես բնավ էլ մտադրություն չունեի հատուկ «հարցազրույց» ունենալ ընկերոջս հետ, առավել եւս չնշելով նրա անունը, անցանկալի հետեւանքներից խուսափելու նկատառումներով: Սա բացարձակ ճշմարտության չհավակնող հախուռն իմպրովիզացիա էր: Սակայն եթե զրուցակցիս մտահոգության գոնե մեկ առարկա արժանանա իշխանության ուշադրությանը, մենք մեզ բավարարված կզգանք: Ասենք, ինչո՞ւ, իրոք, չի կարելի օբյեկտի ժամանակավոր փակման պատժամիջոցը փոխարինել ուրիշ` մի այլ ռացիոնալ մոտեցումով: