«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


Վ. ՕՍԿԱՆՅԱՆԻ «ԱՆԱՎԱՐՏ ՏԱՍՆԱՄՅԱԿ» ԳԻՐՔԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ

Երեկ «Երեւան» հյուրանոցում, լրագրողների, հայաստանյան եւ օտարերկրյա դիվանագետների, ինչպես նաեւ հրավիրված այլ հյուրերի ներկայությամբ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ընթերցողների դատին հանձնեց իր պաշտոնավարման տասնամյա շրջանի ելույթների ընտրանին: Վ. Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի հրատարակած «Անավարտ տասնամյակ» գիրքը ներառում է մոտ հարյուր ելույթներ, որոնք հնչել են աշխարհի տարբեր ամբիոններից` ՄԱԿ-ում, Եվրոմիությունում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում, ինչպես նաեւ միջազգային գիտական կենտրոններում, սփյուռքահայության առջեւ եւ Հայաստանում: Գիրքը հրատարակվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Հրատարակության շնորհանդեսի ժամանակ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ գիրքը նվիրում է արտաքին գործերի նախարարության իր գործընկերներին, որովհետեւ դա համատեղ ուժերի աշխատանք է: Նա հրատարակության մեջ մեծ արժեք է տեսնում եւ հավատում, որ աշխարհի 30 քաղաքներում հնչած այս ելույթները լսելի են դարձրել հայի ձայնը:

Շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեն, որը նշեց, որ տարբեր ամբիոններից Օսկանյանի հնչեցրած խնդիրները, ցավոք սրտի, մինչ օրս Հայաստանի օրակարգում են:

Շնորհանդեսին նվիրված մամլո ասուլիսում անդրադառնալով քաղաքական գործընթացներին իր հետագա մասնակցությանը` Վ. Օսկանյանը ասաց, որ ներկայումս կենտրոնանում է միմիայն «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատանքների վրա, իսկ իր հնարավոր ներգրավվումը կլինի անհրաժեշտ պահին, ճիշտ ձեւով:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4