Ողջունելի են «Ազգ» թերթի հետեւողական, ցավոք, առայժմ անարձագանք «աղաղակումները» ներկայիս հայ երգի օրհասական վիճակի մասին: Կարելի է հանգիստ ստորագրել հայրենյաց երգարվեստի «աստղերին» նվիրաբերված Մարիետա Մակարյանի «Ինչո՞ւ են ամաչում իրենց ազգանուններից» հոդվածի բոլոր մտքերի տակ, մեկից բացի: Հարգարժան գործընկերս, մեղմ ասած, տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ մեր երգող ու թռչող «գիսաստղերը» անհարմար են զգում իրենց ազգանունից եւ գերադասում են հանդես գալ անուններով, այն էլ ինչպիսի՜... Ես վերջերս մի հոդվածում անդրադարձել էի մեր տաղանդաշատ ժողովրդի` անկախության տարիներին դրսեւորած նորագույն քանքարին, երբ նա ամենաարտառոց մականուններն է կպցնում իր ղեկավարներին, օլիգարխներին, պատգամավորներին: Բայց ահա մեր «աստղերը» եզակի նախաձեռնություն են հանդես բերել, տուրք տալով ինքնակոչմանը` առանց սեփական ժողովրդի աջակցության: Նորմալ հայը ի՜նչ զգացումներ կապրի, ծանոթանալով Մակարյանի բերած մականունների, ներողություն, անունների ցուցակին` Արամո, Հայկո, Սիրուշո, Նանո, Նանա, Արմինկա, Նառա, Բղդո, Նորո, Անչոկ, Արամե, Անդրե, Թաթա, Վզգո, Լիլու...
Ահա եւ ինչո՞ւմ կարելի է հակառակվել գործընկերոջս: Նա նշավակում է այդ օտարամոլ երգիչ կոչեցյալներին, որոնք, կարելի է ենթադրել, անհարմար զգալով, հրաժարվել են իրենց պապական հայկական ազգանուններից եւ ասպարեզ են ելել տկլոր, իբր եվրոպականացված անուններով: Բանն այն, որ ես, օրինակ, երջանկանում եմ ազգանվազրկության այս պարագայից. սրանց մեծ մասը, ռաբիս երգելով, ռաբիս էլ անուն է ընտրում իրեն: Ազգանվան հրապարակումը միայն խայտառակություն կբերեր մեր ազգին, մեր երգարվեստին: Եվ դրա բացակայությունից պետք է միայն հրճվել: Դու` գործընկեր իմ, վատ չէի՞ր զգա, եթե Անչոկի (տղա՞ է սա, թե՞ աղջիկ) ազգանունը լիներ... Մակարյան: Պատկերացրեքՙ Վզգոն (առանց հավելման) հանդես է գալիս Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Ի՞նչ կմտածեին ֆրանսահայերը: Կմտածեին, որ երեւի Իրաքի Քրդստանից երգիչ է եկել Եվրոպաՙ քարոզելու սեփական ազգային երաժշտությունը: Կամ, ասենք, Բղդոն, ի ջգրու ամերիկահայերի, մարտահրավեր է նետում «Կառնեգիի» նրբաճաշակ ունկնդիրներին:
Մակարյանն առաջարկում է, ոչ ավել, ոչ պակաս, քշել մայր հայրենիքից հայ երգի անազգանուն պղծիչներին: Ես հավատում եմ լրագրողի բարկության անկեղծությանը: Բայց, մյուս կողմից, մեղք չէ՞ սփյուռքը, որ նույնքան տառապում է այդ ռաբիսային աղտեղությունից:
Գիտե՞ք ինչն է նաեւ սարսափելին: Ռաբիսի հեռուստատեսային լայնածավալ պրոպագանդումը տալիս է նույնքան ապականիչ պտուղներ: Հայաստանի հեռուստաալիքներից մեկը կանոնավոր կերպով երգեցնում է հայ երեխաներին: Ծրագիրն, ինքնին, ուսանելի է, լավ են երգում դեռահասները, թե վատ, դա ուրիշ հարց է: Բայց ահա նկատվում է, որ մոլորված երեխաները եւս վերարտադրում են թուրք-ադրբեջանական կլկլոցները, կարծելով, թե դրանով բարձրացնում են իրենց երաժշտակարգը: Ինչ լսում են, այն էլ կրկնօրինակում են: Ավելին, նրանցից ոմանք անմեղորեն ռաբիս են դարձնում նույնիսկ, մեղա՜, Տե՛ր Աստված,... Սայաթ-Նովային:
Մի ուրիշ հեռուստաալիք ընդարձակ հաղորդում էր պատրաստել ռաբիս երաժշտության մասին եւ զարմանալի բարեհաճ տոնով հարցազրույցներ էր վարում այդ «ժանրի» կարկառուն ներկայացուցիչների հետ: Այդ «աստղերից» մեկը ինքնամեծարման մոլուցքով խոր մի ընդհանրացում արեց` դե՜, բոլոր ազգերն էլ ռաբիս ունեն: Գուցեեւ ունեն, միայն մի վերապահումով: Այդ ազգերն ունեն իրենց ռաբիսը: Եթե, օրինակ, այսպես կոչված «բլատնոյ» երգերը եւս համարենք այդպիսիք, ապա բոլոր դեպքերում դա զուտ ռուսական երեւույթ է: Իսկ մե՞րը: Մակարյանի շարադրմամբ, մերը արաբական է, թուրք-ադրբեջանական, հունական: Ավելացնենք այդ շարքը` քրդական, վրացական, հնդկական, գուցեեւ` լաոսական, ո՜վ գիտի:
Ես զարմանում եմ մեր ներկայիս նախագահի վրա: Եթե նա հայ-թուրքական բազմակնճիռ հարաբերությունների հարթեցման տանջալից պրպտումների հետ մեկտեղ կամային մի ցուցումով, կարելի է նույնիսկ բանավոր, արգելեր ռաբիսի մուտքը թեկուզեւ հայոց հեռուստատեսություն, ապա, համոզված եմ, նրա հարգանիշը շեշտակի կբարձրանար:
Հայաստանի թերթերից մեկը վերջերս գրել էր, որ ռաբիսի հաղթարշավը շարունակվում է Հայաստանի կոմպոզիտորների (երգահանների) միության հանցավոր անտարբերության հետեւանքով: Ոչ միայն նրա: Իսկ մշակույթի նախարարությո՞ւնը, հեռուստաալիքների տնօրենությո՞ւնը, երաժշտագետ հասարակայնությո՞ւնը:
Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր աղճատում են հայ երգը, ե՛ւ «հանողներին», ե՛ւ կատարողներին, ե՛ւ քարոզիչներին:
Հազա՛ր ամոթ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա