«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ՄԻՆԱՍԻ ՀՈԲԵԼՅԱՆԸՙ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴՊՐՈՑ ԲԱՑԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹ

Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված, երեկ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսը բացառիկ էՙ վերջին տասը տարիներին առաջին հետահայաց ցուցահանդեսն է, որ ներառում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջանների գործերը: Նույն սկզբունքով է կազմվել նաեւ հոբելյանական կատալոգը, որ հրատարակվել է «Փրինթինֆո» հրատարակչությունում: Մեկ տարի տեւած նախապատրաստության փուլը իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» եւ «Մինաս» հիմնադրամի ջանքերով: Ցուցահանդեսը մեկտեղել էր Մինասին ճանաչած անձանց ու նրա կերպարվեստի սիրահարներին, իսկ կատալոգը կարող է լինել մասնագիտական շրջանակների նաեւ կերպարվեստի սիրահարների ուշադրության ոլորտում: Կատալոգի վերլուծական հոդվածը հեղինակել է եվրոպայում մեծ համարում ունեցող արվեստաբան, Ֆրայբուրգի «Ալբերտ Լյուդվիգ» համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիլհելմ Շլինկը:

Երեւանյան ցուցահանդեսինՙ տնտեսական ճգնաժամի պատճառով ոչ թե այս, այլ եկող տարվա գարնանը կհաջորդեն ցուցահանդեսները Իտալիայի 5 քաղաքներում, որոնց ցուցադրությունը կազմել է համադրող Ֆրանչեսկո Գալոն: Մինասի գործերի մոսկովյան ցուցահանդեսն էլ տեղի կունենա 2010-ին ու կներառի նաեւ Պուշկինյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստների թանգարանում եւ ռուսաստանցիների մասնավոր հավաքածուներում պահվող Մինասի գործերից:

Նախորդ տարվա հունիսին Ֆլորենցիայի արվեստաբանության եւ վերկանգնման «Պոլացցո Սպինելի» ինստիտուտի երկու նկարիչ-վերականգնողներ սկսել են Մինասի 11 որմնանկարներից մեկիՙ «Թորոս Ռոսլինի ծնունդը» գործի վերականգնման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել այս տարի սեպտեմբերին: Աշխատանքների հաջող ընթացքի դեպքում, աշնանը Երեւանում եւ Մոսկվայում կկայանա նշված որմնանկարի վերականգնման ընթացքում «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից նկարահանվող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Արդեն իսկ Միլանի եւ Ֆլորենցիայի մի քանի հեռուստաընկերություններ ֆիլմը ցուցադրելու ցանկություն են հայտնել:

Մինասի մինչեւ այժմ հայտնի 11 որմնանկարներից երկուսը գտնվում են Երեւանում եւ վերականգնման կարիք չունեն, մեկը 1990-ականների սկզբին վերականգնել են բուլղարացի մասնագետները, մնացյալ որմնանկարները, որոնցից 5-ը արված են Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատին, («Թորոս Ռոսլինի ծնունդը» վերականգնման նպատակով 2008-ին տեղափոխվել է Ջաջուռի թանգարան) վտանգված են եւ շուտափույթ վերականգնման անհրաժեշտություն կա:

Մինաս Ավետիսյանի ծննդավայրումՙ Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարանը արդեն գործում է 33 կտավ ներառող մշտական ցուցադրությամբ, սակայն կա եւս մեկ մեծ գումարներ պահանջող եւ բարդ լուծելի խնդիրՙ հարկ է գտնել նկարչի որմնանկարների պահպանմանն ու ցուցադրմանը հարմար շենք:

Ներկայացված տվյալները տրամադրել են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը, Մինասի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, որը նաեւ նկարչի որդին է եւ «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» նախագահ Մեցցո Իգիթյանը: Վերջինս հավաստիացրեց, որ պատիվ կհամարի աջակցել մշակույթի նախարարության ջանքերով Աշտարակում վերականգնման դպրոցի ստեղծմանը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նկար 1. Խաչելություն, 1973


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4