«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ՀԱՄԱՌՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻՑ ԾՆՎԵՑ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿԸ»

«Ինչո՞ւ «Արեւածաղիկ»: Որովհետեւ մենք ցանկանում ենք միավորել մեր հասարակությունը, այլ ոչ թե դասդասել մարդկանց, քանի որ անկախ իրենց դիրքից, կարողությունից ու խառնվածքից` բոլորն էլ մեկ մեծ հասարակության անդամ են: Իսկ արեւածաղիկը հենց այդպիսի մի հասարակության պատկերն է: Այն մեծ ու գեղեցիկ ծաղիկ է, որի գլխիկը կազմում են նրա սերմերը` փոքրիկ ու մեծ, լի ու փուչ: Եվ չնայած իրենց տարբերությանը, նրանք բոլորը միասին են ու կազմում են մեկ ամբողջություն` մի ամբողջ գեղեցիկ ծաղիկ, որը միշտ ձգտում է դեպի արեւ, դեպի ջերմություն»:

Այս տողերը դարձան «Արեւածաղիկ» ամսաթերթի առաջաբանը` շնորհիվ դրա խմբագիր Զարուհի Բաթոյանի, որն այս մեծ ամբողջության մեջ ամենաշատն է ջերմության ձգտում: Նրա կյանքում ամեն ինչ վերաիմաստավորվեց 1996 թվականին, երբ արդեն 16 տարեկան էր. սկսեց համակարգչային եւ անգլերեն դասընթացների հաճախել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում: Ողնաշարային հիվանդության եւ քայլելու հետ կապված դժվարությունների պատճառով առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Զարուհին միայն մեկ տարի է դպրոց հաճախել` ուսումը շարունակելով տնային պայմաններում: Վիրահատության շնորհիվ քայլել սկսել է 15 տարեկանից:

- Մի օր պատուհանից դուրս նայելիս ինձ լիարժեք մարդ զգացի, քանի որ առաջին անգամ առողջանալու մասին չէի երազում,- ասում է Զարուհին:

1997 թվականին ստեղծվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական խմբակը: Հիմնադրման օրվանից Զարուհին նրա կողքին է, շատ գլխավոր դերեր է ունեցել: Այժմ թատերական խմբակում չի խաղում` տեղը զիջելով ավելի երիտասարդ սերնդին: Բայց այս խմբակը ինքնահաստատման եւս մեկ քայլ էր նրա համար.

- Այստեղ ես հասկացա շատ կարեւոր մի բան, որ մարդու իրական դեմքը ներսից է գալիս, եւ մեր արտաքինն այնպիսին է, ինչպիսին մենք ենք տեսնում մեր ներքինը:

1999 թվականից Զարուհին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության անդամ է եւ այս կազմակերպության հրատարակած «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիրը: Այս պարբերականը նյութեր է հրապարակում հաշմանդամների իրավունքների եւ ընդհանրապես հաշմանդամների մասին, պարբերաբար անդրադառնում է նրանց ձեռքբերումներին տարբեր բնագավառներում, ունի նաեւ մշակութային, ժամանցային եւ սպորտային էջ:

Երբ հիմնադրվեց «Արեւածաղիկը», Զարուհին դեռ 19 տարեկան էր: 4 տարի ստանձնեց գլխավոր խմբագրի պաշտոնը` չունենալով բարձրագույն կրթություն եւ որեւէ գաղափար ժուռնալիստիկայի մասին: Բայց ամեն ինչում գնահատելով պրոֆեսիոնալիզմը` դպրոցն ավարտելուց 7 տարի անց «աշխարհի ամենավճռական անձնավորությունը», ինչպես Զարուհու մասին արտահայտվում է «Հույսի կամուրջ»-ի թատերական խմբակի ղեկավար Լեւոն Իվանյանը, ընդունվեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, չնայած միշտ երազել էր նկարչուհի, ռեժիսոր, նույնիսկ նախագահ դառնալ, բայց լրագրող` երբեք: Այստեղ եւս որոշիչ դեր ունեցավ «Հույսի կամուրջը», որը նրան ավելի ինքնավստահ դարձրեց: Մինչ այստեղ գալը նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կարող է համալսարան ընդունվել:

- Շատ համարձակ, պրոֆեսիոնալ, նպատակասլաց անհատականություն է, բայց այս հատկանիշների մեջ առաջնայինը նրա համարձակությունն ու համառությունն են, եւ ինքն էլ է միշտ այդ մասին ասում: Շատ ու շատ դժվարություններ չէին հաղթահարվի, եթե նա այդպիսին չլիներ: Երբեմն հենց դրա պատճառով վեճեր ենք ունենում, նույնիսկ սուր կոնֆլիկտներ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ այդ համառությունն է նրան կայացրել իբրեւ Զարուհի Բաթոյան հասարակական էակի: Իր տեսակով առաջնորդ է: Եթե ուզում ես նրա հետ հաց կիսել, պիտի ընդունես նրան այդպիսին ու թողնես առաջնորդ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ կփչանա,- ընկերոջ մասին դժվարությամբ արտահայտվեց «Արեւածաղիկ» ամսաթերթի պատասխանատու Նշան Աբասյանը, ինչպես կդժվարանար իր մասին արտահայտվել:

Զարուհին իր կամքի ուժի շնորհիվ գտել է իր տեղը կյանքում: Բայց շատ հաշմանդամներ հասարակության աջակցության կարիքն ունեն, որոնց համար պետք է գործունեություն ծավալելու եւ ակտիվ կյանքով ապրելու անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն: Այդպիսի պայմաններից կարեւորագույնը շրջակա միջավայրի մատչելիության ապահովումն է: Անհրաժեշտ է նաեւ փոխել հաշմանդամների նկատմամբ ձեւավորված թյուր կարծրատիպերը: Զարուհուն հանդիպած խոչընդոտներն ավելի շատ ճարտարապետական են: Մատչելիության հետ կապված խնդիրների պատճառով նա համալսարանում քիչ է եղել, իսկ մարդկանց կողմից խոչընդոտներ գրեթե չեն եղել.

- Ուղղակի նրանց մեջ նախապաշարմունք կա, որ եթե մարդը խնդիրներ ունի, բայց դրանով հանդերձ աշխատում է եւ ստեղծագործում, նա ավելի խելացի է, տաղանդավոր: Բայց դա այդպես չէ, ես սովորական մարդ եմ:

Զարուհին գիտի, որ գեղեցիկ է ու շատ հմայիչ` անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ունի, ինչպես է քայլում, աստիճան բարձրանում: Նա ամենեւին էլ չի փորձում որեւէ բան թաքցնել, կյանքում շատ լավատես է, ուզում է իր ընտանիքն ունենալ եւ հավատում է, որ իր այս երազանքն էլ կիրականանա, ինչպես իր բոլոր երազանքներն են իրականություն դարձել:

ԼՈՒՍԻՆԵ ԴԵՄԻՐՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4