Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների ընկերների հիմնադրամը, Հայաստան 2020 ծրագիրը եւ ARGA հիմնադրամը հանդես են եկել Տաթեւի վանքի վերածննդի եւ զարգացման ծրագրի իրագործման նախաձեռնությամբ: Ծրագիրն իրականացնելու համար ներդրվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Իրականացումն ընթանալու է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հովանու ներքո, իսկ ծրագրի մշակման ամբողջ պատասխանատվությունը կրում է «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը: Մինչ ծրագրի ավարտը, որը նախատեսվում է 2012 թվականին, «Ամերիա» ընկերությունը կիրականացնի նաեւ պատմական նշանակություն ունեցող այս ծրագրի իրագործման աշխատանքների կոորդինացումը եւ վերահսկումը:
Տաթեւի վանքի վերածննդի եւ զարգացման ծրագրի իրագործումն ընթանալու է 4 փուլով: Առաջին փուլը, որ տեւելու է 2 տարի, ներառում է վանքի վերականգնման տեխնոլոգիաների ուսումնասիրումը, զուգահեռաբար, կանցկացվեն հետազոտական աշխատանքներ կոթողի, տարածաշրջանի գյուղերի պատմության, ճարտարապետության, բնապահպանության եւ այլ հարցերի շուրջ: Երկրորդ փուլում վանքի վերականգնողական աշխատանքներն են իրականացվելու, Տաթեւ գյուղում արհեստավորների փողոց է ստեղծվելու: Փողոցում լինելու են զանազան գործող արհեստանոցներՙ գորգագործության, հուշանվերների պատրաստման, ավանդական ուտելիքի պատրաստման, դարբնագործության, որմնագործության եւ այլն:
Նախավերջինՙ երրորդ փուլում, որը տարուց մի փոքր ավելի կտեւի, նախատեսվում է կառուցել ճոպանուղի Որոտանի կիրճի վրայով, որը կդառնա աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Այն 45 րոպեով կկրճատի համալիր հասնելու ժամանակը: Այս փուլի աշխատանքների կատարումը վստահվելու է աշխարհահռչակ ճանաչում վայելող, բացառապես հզոր մասնագիտական կարողություններով կազմակերպության: Վերջին փուլում ճոպանուղու հարեւանությամբ կառուցվելու է հյուրանոցային համալիրՙ XVIII-XIX դարերի հայկական ճարտարապետական ոգով: Այս փուլի աշխատանքները կսկսվեն ճոպանուղու կառուցմանը զուգահեռ:
Ն. Պ.