Ամստերդամի Մովսես եւ Ահարոն եկեղեցում տեղի է ունեցել Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին նվիրված հիշատակի արարողություն: Ըստ «Արմենպրեսի», բացվել է «Ադանայի անցյալը եւ ներկան» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայկական շենքերն ու հիմնարկները, որոնք անհետացել են Հայոց ցեղասպանության հետեւանքով: Արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, քաղաքի համալսարանի դասախոս եւ Հոլոքոսթի ու Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտոր Թոն Զվանը, Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի Վան Բոմելը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Միհրան Դաբաղը, արձակագիր եւ բանաստեղծ Ռեջեբ Մարաշլին, հրապարակախոս եւ հրատարակիչ Օսման Քյոքերը, Իսրայելի մասին տեղեկատվության եւ վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նավթանիելը: