Վրացական ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները` երկրի նախագահի հրաժարականի պահանջով
Վրացական ընդդիմությունը հերթական անգամ օրիգինալությամբ հանդես եկավ երեկ, երբ երկրում Զատիկի տոների առնչությամբ մի քանի օր դադարից հետո կրկին վերսկսեց բողոքի իր ակցիաները` յուրօրինակ մեկնաբանություններով: Ռուսթավելու պողոտայով համարակալված ճաղավանդակներ տանող մարդիկ էին շրջում:
Հանրահավաքի մասնակիցների մեկնաբանությամբ, ճաղավանդակները նախատեսված են որպես խցիկներ այն մարդկանց համար, ովքեր մեղավոր են ու արժանի պատժի: Ընդհանրական մեկնաբանությամբ, այսօրինակ ճաղավանդակները նախատեսված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու եւ նրա այն թիմակիցների համար, ովքեր, ընդդիմության գնահատմամբ, պետք է պատասխանատվություն կրեն Սաակաշվիլու հետ մեկտեղ: Հետաքրքրական է, որ համարակալված այդ ճաղավանդակների վրա համարակալումը հասնում էր հարյուրի:
Ինչեւէ, ինչպես եւ խոստացվել էր նախապես, ընդդիմության ներկայացուցիչներն ու հանրահավաքի մասնակիցները երեկ կեսօրն անց հավաքվեցին Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայի այն հատվածում, որ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ ու վերանվանվել է ոչ միայն հրապարակ, այլեւ Վարդերի հեղափոխության:
Վրաստանի մայրաքաղաքում, չնայած հանրահավաքին ու Ռուսթավելու պողոտայով երթեւեկության դադարեցմանը, խաղաղ էր, հանգիստ ու մնացյալ օրերից առանձնակի չէր տարբերվում: Նշենք, որ վրաց ընդդիմության նախնական հայտարարությունների համաձայն, ապրիլի 21-ին հանրահավաքների շարունակությունը արդեն նոր մակարդակի պետք է լինի այն դիտարկմամբ, թե «իր քարոզարշավում ընդդիմությունն անցնում է վճռորոշ փուլի` հարկադրելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հրաժարականի»:
Ապրիլի 9-ին մեկնարկած հանրահավաքները չնայած ընդհատվել էին Զատիկի տոնին, բայց փոքր խմբերով ընդդիմադիրները դեռ շարունակում էին իրենց բողոքի շարժումը` պտտվելով հանրային հեռուստատեսության ու նախագահական նստավայրի շրջակայքում:
Ապրիլի 20-ի դրությամբ հայտարարվել էր, թե Վրաստանի արեւելյան հատվածներից Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին նոր մարդիկ կմիանան, բայց երեկ Վրաստանի մայրաքաղաքում առանձնակի բազմամարդ չէր ընդդիմության ցույցը:
Ավելին, այս օրերի ընթացքում Վրաստանի մյուս տարածաշրջաններից եւս, ըստ ընդդիմության, իրենց կմիանան նորանոր մարդիկ եւ, ընդդիմության լիդերների մեկնաբանությամբ, այդպիսով հենց տարածաշրջանները ներգրավված կլինեն գործընթացում, այլ ոչ թե խնդիր է դրվել ավելացնել հանրահավաքների մասնակիցների թիվը:
Առավել հետաքրքրական է, որ ընդդիմության համատեղ հայտարարությամբ դրական գնահատական է տրվում այն ամենին, ինչ դրական է համարվում հենց Սաակաշվիլու նախագահության ընթացքում կատարված փոփոխությունների առումով: Բայց այդ նույն հայտարարության մեջ նշվում է, որ, այդուհանդերձ, բազմիցս նշվել է քաղաքական գործընթացները սահմանադրական կուրսից դուրս մղելու վտանգների մասին:
Վրաց իշխանություններն էլ պարապ դիտորդի կարգավիճակում չէին, թեեւ Թբիլիսիի փողոցներում ըստ էության ոստիկանների թիվը ավելացած չէր կարելի համարել, քանի որ նրանք այնքան էին, որքան ամենասովորական օրերին:
Իսկ ներքին գործերի նախարարությունը նախապես տարածել էր մի տեսագրություն, որում իրեն ընդդիմադիր ակտիվիստ ներկայացնող մեկը խոստովանում է, թե ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ցանկացել են իր` քաղաքականությանը ոչ մի կերպ չառնչվող ավտոպատահարը ներկայացնել որպես ակտիվիստի վրա հարձակում:
Վրաստանի պարագայում կարելի է փաստել, որ ընդդիմությունն արժանի է իշխանությանը, իսկ հանրությունը, տարօրինակորեն, ակտիվ է երկուսի պարագայում էլ: Եվ եթե այս ամենին գումարենք, որ երկրում տեղի ունեցող գրեթե ամեն ինչի առնչությամբ ակտիվ դիրքորոշում ունի նաեւ վրաց եկեղեցին, մնում է զարմանալ, թե ում եւ ինչու է հետեւում երկրի բնակչությունը:
Մի՞թե միայն թամաշայի համար:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի