«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՄԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Պատվական Հովակիմյանն ու Ռուբեն Թորոսյանը շուտով կդիմեն Սահմանադրական դատարան` վիճարկելու ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերությանը հակասող կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: ՀԱԿ անդամները նկատում են, որ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած եւ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ու փաստացի բնակվող անձինք: Նույն հոդվածի երկրորդ պարբերությունը սահմանում է, որ հիշյալ չափանիշները տարածվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող` ընտրական իրավունքով օժտված մարդկանց վրա: ՀԱԿ ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը, որ ընդգրկված է ՀԱԿ երեւանյան ընտրությունների համամասնական ցուցակում, նկատում է, որ ընտրական օրենսգրքի հիշյալ կետերի վերաբերյալ ԿԸՀ-ն նախորդ տարվա հոկտեմբերին պարզաբանում է տվել, համաձայն որի հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրացուցակում ընդգրկվելու համար ընտրություններից 21 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ու մասնակցել ընտրություններին: «Այսպիսովՙ ԿԸՀ-ն հնարավորություն է ստեղծում, որ Երեւանի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցեն Հայաստանի բոլոր ընտրողները», նկատում է Թորոսյանը:

ԿԸՀ-ում գրանցված ՀԱԿ ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանն էլ նշեց, որ օրենքի տվյալ կետի հետ ԿԸՀ-ի որոշման հակասականության հարցը վիճարկելու համար իրենք արդեն դիմել են վարչական դատարան, սակայն մերժում են ստացել: Թորոսյանը փաստեց, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վստահությամբ, որ ԿԸՀ-ի հիշյալ պարզաբանման կիրառումը կոպտորեն խախտում է Երեւանի բնակիչների սահմանադրական իրավունքը: Այնուհետեւ ընդդիմադիր գործիչները ահազանգեցին ընտրություններից առաջ տեղի ունեցած խախտումների մասին:

Պատվական Հովակիմյանը հավելեց, որ ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեներ հավաքելու համար 100 տոկոսանոց անվանացուցակներ են լրացվում զորամասերում, մանկապարտեզներում, դպրոցներում եւ կոլեկտիվներում: Բանախոսները լրագրողներին բաժանեցին թղթերի մի ամբողջ փաթեթ, որտեղ ներկայացվում էին հիմնականում իշխանական թեկնածուների կատարած ընտրախախտումները: Փաթեթի մեջ ներառված էին այսպես կոչված 100 տոկոսանոց ընտրացուցակների նմուշներ, արդեն ձեւավորված նախընտրական շտաբների լուսանկարներ: «Այս շրջանում նախընտրական շտաբներ ստեղծելը օրենքի խախտում է, քանի որ նախընտրական շտաբները ստեղծվում են նախընտրական հիմնադրամների ֆինանսավորմամբ, մինչդեռ այդ հիմնադրամները չեն բացվել», նկատում է Ռուբեն Թորոսյանը: Վերջինս խախտում է համարում նաեւ քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի նշանակվելը:

Ընդդիմադիր գործիչը նկատում է, որ եթե քաղաքապետի նշանակում լիներ, ապա թեկնածություն պետք է ներկայացներ վարչապետը: Մինչդեռ այդ կապակցությամբ որեւէ խոսք նախագահի հրամանագրում չկա: Ավագանու թեկնածու Թորոսյանը խոսեց նաեւ ԲՀԿ-ի կատարած խախտումներից: Թորոսյանը մասնավորապես նշեց, որ ԲՀԿ-ն բարեգործական գործունեություն է ծավալում` կազմակերպում անվճար առողջապահական ակցիա, հավանաբար իրենց «բժիշկ» թեկնածուի համար քվեներ կորզելու նպատակով: Թորոսյանի ուշադրությունից չվրիպեց նաեւ դաշնակցական թեկնածուն: Նա ասաց, որ քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը Երեւանում հաշվառում չունենալով` դատարանի միջոցով բնակության վայրից տեղեկանք է բերել` մասնակցելով ընտրություններին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4