«Արմենտել» ընկերությունը երեկ տոնեց 500.000-րդ տեսազանգի կատարումը Beeline բջջային ցանցում` 3G ցանցի (UMTS/HSPA տեխնոլոգիա) գործարկման սկզբից: Հոբելյանական տեսազանգ կատարած բաժանորդը Երեւանի բնակիչ 37-ամյա Արմեն Գրիգորյանն է:
«Արմենտել»-ի վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինը Արմեն Գրիգորյանին հանձնեց Nokia N82 բջջային հեռախոս:
Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ թեպետ 3G հնարավորությամբ հեռախոսներից օգտվողների թիվն այդքան էլ մեծ չէ, 3G տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում: «Այն պահից, երբ մենք գործարկեցինք Beeline 3G ցանցը, մեր կենտրոնը ստացել է բազմաթիվ զանգեր 3G-ի վերաբերյալ: Նոր ծառայություններով հատկապես շատ է հետաքրքրվում երիտասարդությունը», ասաց նա:
Երրորդ սերնդի (3G) բջջային ցանցը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2008-ի հունիսի 18-ին «Արմենտել» ընկերության կողմից: Ցանցը կոմերցիոն շահագործման է հանձնվել նույն թվականի սեպտեմբերին: Այս ընթացքում ցանցում կատարվել է ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ, այդ թվում` 500.000 տեսազանգ: Ընկերությունը մտադիր է ընդլայնել այս ծառայության աշխարհագրությունը:
«3G» եզրը միավորում է մի քանի շարժական կապի ստանդարտներ, որոնք ունեն որոշակի յուրահատկություններ: Դրանցից ամենահիմնականը տվյալների փոխանցման բարձր արագությունն է:
Ն. Մ.