«Մեր տուն» ամենամյա ցուցահանդեսը համարվում է շինարարական ոլորտի հայելի: Կազմակերպիչները փաստում են, որ ցուցադրության միջոցով արտացոլվում են շինարարության բնագավառի հաջողություններն ու առաջընթացը, ի հայտ են գալիս լուծում պահանջող հիմնախնդիրներ: Ապրիլի 21-23-ը, Նկարիչների միության դահլիճում կընթանա «Մեր տունը. 2009» 8-րդ ազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսն առանձնանում է մի շարք թեմատիկ բաժիններովՙ շինարարական, վերանորոգման աշխատանքներ, դռներ, պատուհաններ, կահույք, ներկանյութեր եւ պաշտպանիչ նյութեր եւ այլն:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա նկատեց, որ այսօրինակ ցուցահանդեսները ոչ միայն կարեւոր են, այլեւ պարտադիր: Բեգլարյանը փաստեց, որ հայ արտադրողը հասել է մի մակարդակի, երբ այլեւս անհրաժեշտ չէ շինարարական ապրանքներ ներմուծել դրսից: «Պետք է գործարարերին բարձր վերաբերմունք ցույց տանք եւ փորձենք շինարարական աշխատանքների նյութերը պատվիրել հենց այս ընկերություններից: Կան պետություններ, որոնք ներքին պայմանավորվածություն ունեն` օգտագործել միայն ներքին արտադրանքը: Կարծում եմ` մենք էլ կարող ենք ներքին պայմանավորվածություն ձեռք բերել եւ աջակցել մեր գործարարներին: Եվ կունենանք այն, ինչն այսօր թվում է անհասանելի», ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հ. Հ.