«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2009-04-18 | #71, 2009-04-21 | #72, 2009-04-22


«ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ» ՀՆԱՎԱՅՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՂԲԱԾԱԾԿ

«Էրեբունի», «Շենգավիթ», «Կարմիր բլուր» հնավայրերի տարածքը հաստատել է Երեւանի քաղաքապետարանը: Այսուհետեւ իմաստավորվում, բայց ֆինանսական տեսանկյունից շարունակում է անհնարին մնալ ցանկապատումը: Հնավայրերի տարածքների ճշգրտումն ու հաստատումը վերջ կդնեն «Կարմի բլուրի» հարեւանությամբ գտնվող գերեզմանատան տարածքի կամայական ընդլայնմանըՙ հնավայրի տարածքի հաշվին: Սակայն կարեւորագույն խնդիրը մնում էՙ «Կարմիր բլուր» հնավայրը աղբածածկ է:

«Չնայած քաղաքապետարանն իր միջոցներով հնավայրից հեռացրել է կենցաղային աղբի որոշակի քանակություն, իսկ հուշարձանների միջազգային օրըՙ ապրիլի 18-ին պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 100 զինվորականներ մաքրեցին տարածքը, այնուամենայնիվ, «Կարմիր բլուրը» շարունակում է մնալ շինարարական աղբի 1000 բեռնատարից ավելի հաստ շերտով ծածկված», երեկ «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Մաքրման աշխատանքների համար պահանջվող գումարի բացակայությունից ելնելովՙ Փիլիպոսյանն առաջարկում է Երեւանի քաղաքապետարանին եւ մյուս պատկան մարմիններինՙ աղբը հրելով տեղափոխել մոտակա ձորակը, այն սեւահողով ծածկելու հեռանկարով:

Աշոտ Փիլիպոսյանն ուրախությամբ ներկայացրեց մի փաստ. «Կարմիր բլուրի» հարեւանությամբ գտնվող 115 դպրոցի աշակերտները հնավայրի պահպանման ծրագիր են մշակել ու ներկայացրել Միացյալ Նահանգների դեսպանություն: Անկախ արդյունքից, փաստն ինքնին ուրախալի էՙ անտարբեր չեն իրենց մշակութային ժառանգությանը»:

Եթե մենք չէՙ Թուրքիան կզբաղվի ուրարտագիտությամբ

Հայաստանում ուրարտագիտության կենտրոն ստեղծելու խնդիրը օրհասական է: Այս կարծիքին է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նա վստահեցնում է, որ կենտրոնիՙ Հայաստանում չգոյության պայմաններում կարճ ժամանակ անց հարեւան Թուրքիան, որտեղ բավական լրջորեն զբաղվում են ուրարտագիտությամբ, հայոց պատմության հարստագույն մի ժամանակահատված կներկայացնի աշխարհին:

Մինչդեռ դեռեւս խորհրդային տարիներին վճռվել է Երեւանում ուրարտագիտության կենտրոն ստեղծել: «Էրեբունի» թանգարանի հետեւում տարածք է հատկացվել կենտրոնի 1400 քմ, երկհարկանի շենքի կառուցման համար: 1980-ականների վերջին էլ ճարտարապետ Շմավոն Ազատյանի նախագծով սկսվել է շինարարությունը եւ ընդհատվելՙ հայտնի պատճառներով:

«Հայաստանում ուրարտագիտության կենտրոն բացելու համար մասնագետների պակաս չկա, պակասում են անհրաժեշտ միջոցներըՙ շենքի կառուցման համար անհրաժեշտ է 1 մլն դոլար», տեղեկացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

Իսկ մասնագետներ պատրաստվում են նաեւ թանգարանի կազմակերպած ուրարտերենի եւ մայիսին մեկնարկելիք բիոհնագիտության անվճար դասընթացներին, որոնք վարում են պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հարությունյանն ու պատմական գիտությունների թեկնածու Ռուզան Մկրտչյանը:

Որպես ուրարտագիտության ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության սկիզբ, Աշոտ Փիլիպոսյանը հնարավոր է համարում Վանի եւ «Էրեբունի» թանգարանների փոխադարձ ցուցադրությունները եւ մտադիր է այդ հարցով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Աշտարակի «Ծիրանավորը» փլատակվում է աչքի առաջ

Նկատի առնելով մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը եւ այդ հարցում առաջնայնությունները առանձնացնելու խնդիրըՙ «Էրեբունի» թանգարանի տնօրենը որպես ականատես հայտնեց. «Աշտարակի «Ծիրանավոր» եկեղեցին փլատակվում է աչքի առաջ: Այն վաղուց լիովին կանգուն չէր, սակայն ներկայում ամեն օր ավելի են լայնանում կանգուն պատերի ճեղքերը»:

Բանախոսը նաեւ հավաստեց, որ ռեժիսոր Վլադիմիր Բաբասյանը, որ եկեղեցու հարեւանությամբ տուն ունի, ներկայում միակն է, ով փորձում է մաքրել ու բարեկարգել 5-6-րդ դարերի «Ծիրանավոր» եկեղեցին: Այն Աշտարակում գտնվող հնագույն բազիլիկ եկեղեցին է, կառուցված սեւ տուֆից: 18-րդ դարում եկեղեցին կրկնակի անգամ պարսպապատվել է: Մինչ մեր օրերը կանգուն են մնացել միայն եկեղեցու պատերը, որոնց ուսումնասիրմամբ մասնագետները եզրակացրել են, որ կառույցը մի քանի անգամ վերանորոգվել է: Պատմականորեն հաստատված է, որ դարեր շարունակ եկեղեցին ծառայել է նաեւ որպես ամրոց շրջակա գյուղերի բնակիչների համար, ու այդ պատճառով ունի կրկնակ անունՙ Փոկաբերդ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4