Հարգելի կոնգրեսականնե՛ր
Ճակատագրի կամոք աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերը ուշադրությամբ եւ երախտագիտությամբ են վերաբերվում ձեր ազնիվ եւ արդար առաքելությանը:
Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչմանը վերաբերող ԱՄՆ Կոնգրեսի «Բանաձեւի» նախագիծը, որը նախաձեռնեցիք դուք եւ ընդունեց Հայաստանի աջակցության խումբը` սկզբունքային կարեւորության փաստաթուղթ է:
ԱՄՆ Կոնգրեսում ընդունվելու դեպքում «Բանաձեւը» կդառնա ոչ միայն հակամարդկային ոճիրը ճանաչող եւ դատապարտող փաստաթուղթ, այլեւ ԱՄՆ նոր ղեկավարության հռչակած բարոյականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքների հաղթանակի փաստաթուղթ:
Մենք խորապես հույս ունենք, որ, ի հաստատումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` միջազգային հարաբերություններում նոր ուղեգծի հռչակման, նա ապրիլի 24-ին հայ ժողովրդին հասցեագրվող ամենամյա դիմումի մեջ 1915-ի դեպքերը կբնութագրի որպես «ցեղասպանություն»:
Մենք համոզված ենք` ԱՄՆ Կոնգրեսում «Բանաձեւի» ընդունումը եւ նախագահ Բ. Օբամայի հայտարարությունը շրջադարձային իրադարձություն կդառնան Հայոց ցեղասպանության, հրեական Հոլոքոսթի եւ անցյալից մնացած մյուս չլուծված հարցերի նման հրեշավոր հանցագործությունների կանխման գործում, ինչը թույլ կտա աշխարհում հաստատել բոլոր ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն:
Հարգելի կոնգրեսականնե՛ր
Դուք կարող եք չկասկածել. ամբողջ հայության վերջնական նպատակը միջպետական այնպիսի հարաբերությունների հաստատումն է, որոնք միջազգային իրավունքի նորմերի ճանաչման ու հարգման եւ արդի միջազգային հարաբերությունների հիման վրա թույլ կտան Թուրքիայի եւ թուրք ժողովրդի հետ հաստատել բնական բարիդրացիական հարաբերություններ:
Եվս մեկ անգամ ձեզ իմ երախտագիտությունն եմ հայտնում եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից հավաստիացնում եմ ձեզ, որ մենք լիովին պաշտպանում ենք ձեր ջանքերը եւ պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել ձեր լիամասշտաբ գործունեությանը:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան