«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2009-04-21 | #72, 2009-04-22 | #73, 2009-04-23


ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ

Դրա դրսեւորումը «Չեմ ուզում իմ քաղաքում տեսնել ադրբեջանցի եղբորս դահիճներին» ստորագրահավաքն է

Թեեւ քարոզարշավի կազմակերպումը ինքնակամ ստանձնել է Կեսարիայի կրթության համակարգի աշխատողների արհեստակցական միության երկրորդ մասնաճյուղի ղեկավար Ալի Իհսան Օզթուրքը, սակայն դրա հիմքում հայ-թուրքական մերձեցումից, այսպես կոչված, տագնապահար եղած ադրբեջանցիներին Թուրքիայի ղեկավարների «կարեկցանքն» է: Նրանք, որպես կարեկցանքի դրսեւորում, անընդմեջ հայտարարություններով ադրբեջանցիներին հավաստիացնելիս, թե «քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանի հետ սահմանը Թուրքիան չի բացի», ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ եւ մթագնում Հայաստան-Թուրքիայի երկխոսության հեռանկարը, այլեւ նախադրյալներ են ստեղծում հակահայ քարոզչության համար: Դրանում, ինչ խոսք, դեր է խաղում ձեւակերպումների անզուսպ ոճը:

Քանի որ ՀՀ նախագահն ու արտգործնախարարը հետզհետե աճող վճռականությամբ բազմիցս վերահաստատել են Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հարցերում, ուստի ավելորդ է մեկնաբանել Թուրքիայի ղեկավարների հավաստիացումներն ու անդրադառնալ նրանց հայտարարությունների նախանձելի հաճախականությանը:

Ինչ վերաբերում է արհեստակցական միության ղեկավար Օզթուրքին, ապա նա այս քարոզարշավին ձեռնամուխ լինելուց առաջ, դեռեւս փետրվարին Ադոլֆ Հիտլերի համար հոգեհանգստի հրապարակային արարողություն էր կազմակերպել Կեսարիայում, թե երազում Հիտլերին է տեսել: Ապրիլի 20-ին տեղեկացնելով այդ մասին, թուրքական ինտերնետային մամուլը Օզթուրքի քարոզարշավը համարում է շովինիզմի հերթական դրսեւորում:

Ըստ տեղեկության, Օզթուրքը հայերի մուտքը Կեսարիա արգելելու, Թուրքիայի հայկական սահմանի բացումը կանխելու եւ երկու երկրների ազգային հավաքականների պատասխան հանդիպման անցկացումն այս քաղաքում խանգարելու նպատակով կազմակերպել է «Չեմ ուզում իմ քաղաքում տեսնել եղբորս (ադրբեջանցի) դահիճներին» ստորագրահավաքը: Նա քարոզարշավի գործիք է դարձրել նաեւ երեխաներին, որոնք «Ղարաբաղում սպանված ադրբեջանցիների» լուսանկարների ցուցադրման տաղավարում ստորագրել են տեքստի տակ, առանց իմանալու, թե ինչի համար է այդ ստորագրությունը:

Օզթուրքը ադրբեջանցի եղբայրների նկատմամբ ցուցաբերած անտարբերության համար մեղադրել է Էրդողանի կառավարությանը, ապա նշել է, որ ստորագրահավաքը կտեւի 15 օր, որի արդյունքները կներկայացվեն Թուրքիայի ազգային մեծ ժողովին: «Այսօր այստեղ, ասել է նա, հավաքվել ենք իրազեկելու աշխարհին հայ մարդասպանների Ղարաբաղում իրագործած բռնազավթման մասին: Ո՜վ փառապանծ թուրք ազգ, հայերը բռնազավթել են մեր ադրբեջանցի եղբայրների հողերի 20 տոկոսը: Այստեղ հավաքվել ենք, որ Ղարաբաղում սպանված մեր եղբայրների արյունով ձեռքերը ներկած «նախագահը» ֆուտբոլային հանդիպման համար հանկարծ Կեսարիա ոտք չդնի, քանի դեռ 1 միլիոն ադրբեջանցիներ փախստականի կարգավիճակում են, իսկ հայերը հրաժարվում են ճանաչել Թուրքիայի սահմանները: Կարելի է բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն միայն մեկ անգամ, որպեսզի ցանկացողները Թուրքիայից գնան եւ հետ չգան»:

Վերջում Օզթուրքը դիմել է Կեսարիայի հասարակական կազմակերպություններին. «Մի՞թե Ղարաբաղի ադրբեջանցիները մարդ չեն»: Նրան արձագանքել է «Թուրքական օջախների» քաղաքային վարչության նախագահ, պրոֆ. Աբդուլքադիր Յուվալըն: Նա նշել է, որ Թուրքիան բաժանարար գծի վրա է, ապա եւ ավելացրել. «Ճանապարհի մի կողմում հոգեհարազատ Ադրբեջանն է, իսկ մյուսումՙ թուրքերի հայերինՙ օսմանցիներին ցեղասպանության մեջ մեղադրող Հայաստանը: Կեսարիայում գործող հասարակական որոշ կազմակերպություններին եւ գրիչ շարժողներին հարցնում եմ, թե ինչու ասպարեզ չեն իջնում: Դուք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հանձնարարականները կատարողների՞ կողմնակից եք»: Քարոզարշավը սատարել են մի շարք այլ կազմակերպություններ, մասնավորապես «Էրզրումցիների» միությունը:

Ի դեպ, Օզթուրքը Երեւանում ֆուտբոլային հանդիպում դիտելու համար նախագահ Գյուլին մեղադրել էր «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեջ եւ դատական հայց էր ներկայացրել նրա դեմ:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4